Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԱՍՆԱԿԻ՞

Հունիս 17,2009 00:00

«Համաներումը չի լինելու այն բովանդակությամբ եւ ընդգրկմամբ, ինչին սպասում են հասարակությունը, քաղաքական ուժերը եւ մասնավորապես, ինչը պատկերացնում են ընդդիմադիր քաղաքական ուժերը»,- երեկ «Հայացք» ակումբում նման համոզմունք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ «Համաներումը կարող է լինել ուղղակի մասնակի եւ այդ գաղափարի ամենաանցանկալի այլասերումներով: Այն, որ համաներման միջոցով կվերանան քաղբանտարկյալներին մեղսագրվող բոլոր հանցագործությունները՝ ես այնքան էլ համոզված չեմ: Մասնավորապես, ես համոզված չեմ, որ ԱԺ-ի մեր 4 գործընկերների նկատմամբ կիրառված համաներման արդյունքում նրանք վերադառնալու են խորհրդարան։ Սա արդեն ակնհայտ է։ Պատժելու են նրանց, եւ այդ պատիժը լինելու է, առնվազն, պատգամավորական գործունեությունից զրկելու տեսքով»: Նկատենք, որ Սահմանադրության 67 հոդվածի եւ ԱԺ կանոնակարգի 12-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե նա դատապարտվել է ազատազրկման: Եվ «Առավոտի» ճշտմանը, թե նկատի ունի ա՞յս դրույթները՝ «Ժառանգության» պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ, որ այո: Բազմիցս՝ թե՛ հրապարակավ, թե՛ միջանցքային զրույցների մակարդակում ՀՀԿ-ն չի էլ թաքցրել, թե այդ պատգամավորների նկատմամբ կատարվածը ոչ այլ ինչ է, քան ներքին դավաճանության համար պատիժ»:

Ստեփան Սաֆարյանը նաեւ անդրադարձավ հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում համազեկուցողների ներկայացնելիք զեկույցին: «Ակնհայտ է, որ մեծ ցանկություն առկա չէր համակողմանի եւ օբյեկտիվ զեկույց կազմելու»: Ըստ այդմ, բացատրեց, որ այս անգամ նրանք չեն հանդիպել «Ժառանգություն» խմբակցության հետ. «Համազեկուցողները ներկայացնելու են հերթական հաճելի հուշեր արթնացնող զեկույցը, եւ որի արդյունքում սպասել, թե Հայաստանի վերաբերյալ ընդունվելու է կոշտ որոշում, ես կարծում եմ՝ տեղին չէ՝ նկատի ունենալով նաեւ այն ակնկալիքները, որ միջազգային հանրությունն ունի Հայաստանի իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների հերթական շրջափուլի կապակցությամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել