ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ստորագրել է որոշում, ըստ որի՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ 2009թ. հունիսի 19-ին, ժամը 12.00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված է ՀՀ նախագահի առաջարկությունը՝ համաներում հայտարարելու մասին: Թե կոնկրետ ի՞նչ տեսք ունեն նախագահի առաջարկությունները համաներման մասին, մենք դեռ չենք պարզել, այս օրերին տարբեր տեղեկություններ եւ տարբեր ձեւակերպումներ են տարածվում այդ առաջարկությունների վերաբերյալ: Սակայն մեզանում արդեն տարածված տեխնոլոգիա է. հրապարակ են նետվում մի քանի «հավաստի» տեղեկություններ, եւ վերջում արվում է դրանց ճիշտ հակառակը: Ըստ ամենայնի, այս անգամ եւս այդպես կլինի: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ինչի՞ համար էր այս ամբողջ շոուն՝ տարբեր հանրային խորհուրդների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական դեմքերի մասնակցությամբ, ի՞նչ պետք է առաջարկեին նրանք երկրի նախագահին, մի՞թե նա ինքը ավելի լավ չգիտի, թե ինչպես են անում համաներումը, ուրեմն ինչո՞ւ չօգտվեց Սահմանադրությամբ իրեն վերապահված այս լրջագույն իրավասությունից եւ մեջտեղ բերեց տարբեր խորհուրդների: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը այս կապակցությամբ ունի իր մեկնաբանությունը. «Համաներումը, իհարկե, նախագահի իրավասությունների մեջ է, բայց ուզում եմ հիշեցնել, որ փոփոխված սահմանադրությամբ նախագահի լիազորությունները կրճատվեցին. եթե Սերժ Սարգսյանը այսօր Ազգային ժողովում չունենար մեծամասնություն, նա կլիներ շատ թույլ նախագահ՝ իր իրավասություններով, ի համեմատ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ունեցած իրավասությունների: Այսօրվա Սահմանադրությունը պարտադրում է Սերժ Սարգսյանին Ազգային ժողովում ունենալ մեծամասնություն, եւ դա որքան էլ իր կուսակիցներն են, նա չի կարող հաշվի չնստել այդ տրամադրությունների եւ կարծիքների հետ, եւ եթե պահանջում են Սերժ Սարգսյանից, պիտի հիշեն, որ այս մարդը մենակ, առանց թիմի, ի տարբերություն նախկին նախագահների, չի կարող անել այն քայլերը, ինչ տալիս է Սահմանադրությունը: Բնականաբար, այս նախագահը հակված է ավելի խորհրդակցել, ավելի կարծիքներ լսել, եւ սա լավ է: Վերցրեք եւ համեմատեք Ռոբերտ Քոչարյանի պահվածքը, որպես քաղաքական գործիչ, եւ Սերժ Սարգսյանի: Այս նախագահը ընտրարշավից սկսած՝ հակված է լսելու: Իսկ լսելու ունակությունը լավ ունակություն է, որովհետեւ եթե մարդը լսում է, ավելի մեծ հավանականություն կա, որ նա ճիշտ որոշում կկայացնի, քան այն մարդը, որը ընդհանրապես չի լսում»: