Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱԳԱՎՈՐՆ ԱՊՐԱԾ ԿԵՆԱ»

Հունիս 17,2009 00:00

\"\"

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը Պուտինին ողջունելու հնարավորություն ունեցել է, իսկ Սերժ Սարգսյանի հետ խոսելու հնարավորություն չունի:

«Եթե ես ոսկե ձկնիկ բռնեի, նրանից երեք բան կխնդրեի՝ մի օրով Վազգեն Սարգսյանին վերակենդանացներ, եւ նա իր աչքով տեսներ, թե իրենից հետո ովքեր են իրենց հերոսների տեղ դրել: Կխնդրեի Վանո Սիրադեղյանին Երեւան բերեր, ու նա իր աչքով տեսներ, թե այսօր քաղաքում ովքեր են իրենց լավ տղերք զգում: Նաեւ կխնդրեի, որ մեր առաջին տղամարդը ժողովրդին ընտրեր իրեն թիկնապահ ու լավ հասկանար, որ իր շրջապատի նազիր-վեզիրները առաջինը կփախնեն իրենից»,- «Առավոտի» հետ զրույցում իր մտորումները կիսեց բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ այժմ նախագահի շրջապատում գտնվողները ժամանակին Տեր-Պետրոսյանից փախան, Քոչարյանից էլ փախան: «Ինձ բախտ չի վիճակվում մեր առաջին դեմքին տեսնել ու իրեն այս ամենն ասել: Նոր տարվա հրավերքներին ինձ չեն հրավիրում նախագահի պալատ, որ կարողանամ հետը երկու բառ երես- երես խոսել: Ես կյանքում հարգում եմ էն տղամարդկանց, ովքեր իրենց ասածին տեր են կանգնում. տղամարդու խոսքը բերանից է դուրս գալիս, ոչ թե մարմնի այլ մասից: Ռոստամը հանճարեղ խոսք է ասում՝ «Թե հանձն առնեմ, տեր կկանգնեմ իմ խոսքին»: Ով ուզում է լինի իմ երկրի առաջին տղամարդը, գերագույն հրամանատարը՝ առաջին հերթին գենետիկորեն հայ լինի եւ իր ասածներին տեր կանգնի: Միայն այդ ժամանակ մեր ազգը կարող է ոգեշնչվել ու ոտքի կանգնել»,- կարծում է զրուցակիցս: Իշխանական եւ ընդդիմադիր ճամբարից նրա հասցեին մերթընդմերթ հնչող մեղադրանքներին՝ «իշխանության մարդն ես», «ընդդիմության մարդն ես», նա հակադարձում է. «Ես միայն իմ կնոջ մարդն եմ»: Իր համար էականն այն է, որ մեր «առաջին տղամարդը» իր ասածները հիշի, լսելու ընդունակություն ունենա, հասկանա լսածն ու տրամաբանելով որոշումներ կայացնի: «Պետության առաջին դեմքը այսօր մեղք չունի, նա հո չի՞ կարող ամեն ինչի հետեւից անձամբ գնալ: Նրա նազիր-վեզիրները ճիշտ չեն մատուցում, տվյալ իրողության մասին ոնց զեկուցում են, նա էլ այդպիսի կարծիք է կազմում: Դրա համար մեր պետության առաջին դեմքը ժողովրդի մեջ թիկնապահներով չպիտի մտնի, այլ ժողովրդին ընտրի իրեն թիկնապահ, որպեսզի դեմքով թեքվի իշխանավորներին ու կարողանա տարբերակել նրանց ստերը: Այսօր ժողովրդի անունից գալիս են իշխանության ու ժողովրդին չեն լսում, կապիկ-իշխանիկների մատուցած ստերով են կողմնորոշվում ու ճիշտ որոշումներ չեն կայացնում, ու ժողովրդի մոտ տպավորություն է ստեղծվում, թե մեր առաջին դեմքն իրենցից երես է թեքել: Բայց նա պարզապես պատանդ է իր նազիր-վեզիրների ձեռքում»:

Այս աշխարհում Իսրայել Հակոբկոխյանի համար ամենաբարդ բանը անհասկացողին բան հասկացնելն է: Այս առիթով հիշեցինք բռնցքամարտի ֆեդերացիայի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որից հետո հրապարակումներ եղան, թե Գագիկ Ծառուկյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Հակոբկոխյանին: «Թիկնապահ լինելը պատվաբեր գործ է եւ մեծ արվեստ: Ամեն մի «ախրաննիկ» չի կարող թիկնապահ լինել: «Ախրաննիկների» ոչ միայն վզերն են հաստ, այլեւ նստատեղերը կլորացած, որ վաղը-մյուս օրը, եթե իրենց այդ տերը չլինի, ուրիշ տիրոջ ոտքերը լպստեն: Իրեն հարգող ոչ մի մարզիկ երբեք «ախրաննիկ» չի դառնա: Էդպիսի բան չի եղել, էլի «ծ» տառով է սկսվում, բայց չեն ծեծել: Ընդամենը մի փոքրիկ միջադեպ եղավ, երբ ես ցանկացա կարծիք հայտնել, իսկ «ֆ» կլասի որոշ բռնցքամարտիկներ չցանկացան լսել: Ծեծում են նրան, ով վախենում է: Ես իմ կյանքում միայն մի բանից եմ վախենում. ծնողներս ինձ պատգամել են նամուսով ապրել, աննամուս արարքը վաղ թե ուշ քեզ կհիշեցնեն: Ես իմ կյանքում աննամուս քայլ չեմ արել: Ինչ արած, այսօր «ֆ» կարգի մարդիկ, մարզիկներն ու մարզիչներն են առաջ մղվում, որովհետեւ խելքով մարդը թացը չորից կարողանում է տարբերակել, մինչդեռ «խելոքները յոթ մոր կաթ են ուտում»: Խելոքները հարմարվում են աշխարհին, հիմարներն աշխարհն են իրենց հարմարեցնում: Խելքով մարդը իր տեղը չի գտնի, քանի կան «խելոքներ»: Սեւակի հանճարեղ խոսքերն են այստեղ տեղին՝ «Նա հեշտ զրպարտում է, երբ տեղն է գալիս, նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…»: Հետագայում են խելքովներն իրենց տեղը գտնելու, ինչպես Սեւակը, Շիրազը, Նժդեհը, Անդրանիկը եւ մեր մյուս մեծերը: Չստացվի՝ ես ինձ այդ հանճարների հետ եմ համեմատում, բայց ես էլ իմ գործն եմ լավ արել. բռնցքամարտը թողելուց 17 տարի է անցել, բայց դեռ հիշում են ինձ»,- ասում է մեր զրուցակիցը: Իր կյանքի փորձից նա մի եզրահանգման էլ է եկել. «Մարդիկ մեր օրերում ճանաչում են ձեռք բերում իրենց լեզվի շնորհիվ, ոնց նայում ես՝ ճարտար խոսում ու բացատրում են, մտածող մարդիկ երկրորդ պլանում են: Մարդիկ այսօր լեզվով են մտածում, ոչ թե ուղեղով: Իսկապես հանճարեղ՝ լինի քանդակագործ, մարզիկ, թե այլ բնագավառից, եթե իր գործի մասին չխոսի, ռեկլամ չանի՝ նրան ոչ ոք էլ չի ճանաչի»:

Իսրայել Հակոբկոխյանը անհաղորդ չէ նաեւ Հայաստանին սպառնալիք արտաքին մարտահրավերներին. «Ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին ամբողջ օրը խոսողներին ուզում եմ մի հարց տալ՝ իրենց զավակների՞ն են իրենց աչքի առաջ մորթել, կանանց բռնաբարել, որ թեկուզ Թուրքիան էլ համաձայնվի ցեղասպանությունը ճանաչելու, իրենք դրանով բավարարված զգան: Ներել-չներել, ընդունել-չընդունել կարող են այն մարդիկ, ում նկատմամբ արվել են այդ չարագործությունները: Իմ նմանի սիրտը թուրքի ներողությունով չի հովանա: Այն ժամանակ, երբ իմ երկիրն ու ազգն այն աստիճան հզորանան, այն աստիճան զարգացած լինեն, որ Թուրքիան ինքը ընկնի մեր ոտը, խնդրի, որ իրեն ապրելու հնարավորություն տանք, ոչ թե մենք աշխարհեաշխարհ ընկած խնդրենք, որ ցեղասպանությունը ճանաչեն ու մեզ մուրացկանի տեղ դնելով՝ մի բան անեն կամ չանեն, ես ինձ բավարարված կզգամ: Մենք ունենք գիտնականներ, որ օտար երկրներում են աշխատում ու այդ երկրները հզորացնում, բայց մենք էսօր ամեն ինչ ծախում ենք ուրիշին՝ ներդրումներ են անում, իրենք հզորանում ու հային իր հայրենիքում պահում են սպասարկող: Մենք պիտի ուրիշի ձեռի տակ լավ աշխատենք, որ մեր երկրում տեղ ունենանք: Բայց մենք պիտի հզորանանք, ուժեղ ու միասնական լինենք»: Իսկ ազգընտիր խորհրդարանի մասին նախկին չեմպիոնն այսպիսի կարծիք ունի. «Ես առաջարկում եմ, որ «ՕԳ» («Օրենքով գողեր»-Ն. Գ.) կուսակցությունից մեկը միշտ ներկա լիներ մեր ԱԺ նիստերին, որովհետեւ այդ նիստերը ռազբիրատների նման են: Ռազբիրատ անելու իրավունք ունեն օրենքով գողերը, ոչ թե մաֆիոզները, որ մեր ԱԺ-ում նստած՝ 10-րդ դասարան էլ չեն ավարտել, հայկական բանակում էլ չեն ծառայել, բայց մեր համար օրենք են գրում: Որ Ազգային ժողովում օրենքով գող լիներ, ամեն ինչ իր տեղը կընկներ»:

Ի դեպ, մայիսի 30-ին Մոսկվայում Իսրայել Հակոբկոխյանը, ի թիվս 1980 թվականի օլիմպիական խաղերի մասնակից բռնցքամարտիկների, մասնակցել է այդ խաղերին նվիրված «29 տարի անց» հաղորդմանը: Հայաստանից հաղորդմանը մասնակցել է նաեւ Սամսոն Խաչատրյանը: Հաղորդումը հեռարձակվել է ուղիղ եթերում եւ ամենահարգի ժամին: «Ես սովորականի նման սպասում էի, որ հաղորդման ռեժիսորը կամ մեկ այլ պատասխանատու ինձ ուղղություն տար, թե ինչ եւ ինչպես պետք է խոսել: Հաղորդումն սկսվելուց 10 րոպե առաջ ինքս մոտեցա ու հարցրեցի: Էլ ավելի զարմացա ռեժիսորի պատասխանից՝ ուղիղ եթեր է, ինչ ուզում ես՝ խոսիր, հավանաբար ձեզ ուղղված զանգեր էլ կլինեն, հարցերին կպատասխանեք»,- պատմում է նա: Անգամ Պուտինին բարեւներ ուղարկելու Իսրայել Հակոբկոխյանի խնդրանքը արգելքի չի հանդիպել: Համեմատելով մեր իրականության հետ՝ մեր զրուցակիցն ասում է. «Այդքան հեղինակավոր հեռուստաալիք, հեղինակավոր հաղորդում եւ բացարձակ ազատ: Մեր հեռուստաընկերություններից միայն «Ա1+»-ում էր այդպես: «Ա1+»-ի փակումից հետո որեւէ այլ դեպք չի եղել, որ նախապես «ինստրուկտաժ» չանեն, այն էլ՝ անգամ ձայնագրված հաղորդումների ժամանակ, 25 րոպեանոց հաղորդման 20 րոպեն էլ հաղորդավարն է խոսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել