«Ես արհամարհում եմ հայրենիքս», «Հայաստանից հիասթափված ու զզված»… «Առավոտ» օրաթերթում անցած շաբաթ տպագրված երկու հոդվածների այս վերնագրերը նման են նրան, որ դպրոցում ուսուցիչը թեմա է տալիս աշակերտներին եւ նրանք գրում են շարադրություն: Այստեղ, կարծում եմ, օգտագործված է նույն սկզբունքը՝ սկզբից վերնագիրը, հետո դրան համապատասխան շարադրությունը: Բանն այն է, որ շարադրությունը գրելիս հիմնվել են փաստերի վրա, բայց այդպիսի փաստեր կարելի է գտնել ցանկացած գաղափարը հիմնավորելու համար, նայած ինչ նպատակներ ես դրել ի սկզբանե քո առաջ: Դժվար չէ նկատելը, որ այս հոդվածների շարքը ունի շատ պարզ ենթատեքստ, այն է՝ սփուռքահայերին ցույց տալ, թե ինչ լավ արեցին, որ գնացին այս անիրավ երկրից եւ երբեք մտքերով չանցնի, որ մտածեն հետ գալու մասին, իսկ հայաստանցիներին կոչ է անում այլեւս ոչ մի բանի վրա հույս չդնեն եւ մտածեն երկիրը լքելու մասին: Բորբոքում են հուսահատություն, անտարբերություն, սեփական արժանապատվության նսեմացում: Հայրենասիրությունը որպես ցնորք են ներկայացնում: Որովհետեւ բարի նպատակներ ունենալու դեպքում կարելի էր գտնել այն փոքրաթիվ մարդկանց, որոնք իրենց հարմարավետ կյանքը թողել են եւ ի հեճուկս այդ բոլոր դժվարությունների՝ վերադարձել են հայրենիք: Կփորձեինք հասկանալ այդ մարդկանց հոգեբանությունը, թե ինչն է հատկապես դրդել իրենց վերադառնալ, որ բարոյական նորմերով են նրանք առաջնորդվել: Պետք է այնքան սիրեին հայրենիքը, մարդուն, որ հայտնաբերեին մարդկանց հենց հայրենիքում, որոնք երբեք չեն մտածել հեռանալու մասին, չնայած ապրում են բավական ծանր պայմաններում, հայտնաբերեին այն մարդկանց, որոնք պարտադրված վաշխառու-շուկայական պայմաններում մնում են բարեպաշտ, ազնվությունն ու արժանապատվությունը երբեք չեն սակարկում: Եթե բարի լինեին ձեր նպատակները, կփորձեիք բացահայտել այն համեստ հային, որ աշխատելիս անում է ամեն ինչ մեծ պատասխանատվությամբ, ի վերջո՝ իրենցով է պայմանավորված մեր գոյության գրավականը: Դուք գիտակցաբար կամ անգիտակցաբար պարում եք սատանայի նետած շաբաշի տակ, հարգելի լրագրողներ: