Ուրբաթ օրը Իրանում անցկացված նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ ստանալով քվեների 62.6%-ը: Նրա հիմնական մրցակիցը՝ նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին, պաշտոնական տվյալներով, ստացել է ձայների 33.7%-ը: Մուսավին եւ իր կողմնակիցները պնդում են, որ ընտրությունները ուղեկցվել են զանգվածային կեղծիքներով: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ընդդիմության աջակիցները դուրս են եկել փողոցներ՝ վիճարկելով ընտրությունների պաշտոնական արդյունքները: Թեհրանում եւ այլ քաղաքներում տեղի ունեցած հանրահավաքների եւ ընդհարումների հետեւանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալված են, կան վիրավորներ, հրկիզված են մեքենաներ, խանութներ եւ հիմնարկներ: Կիրակի օրը պարբերաբար տեղեկություններ էին ստացվում Մուսավիի ձերբակալության, նրա՝ տնային կալանքի տակ գտնվելու մասին: Անկախ աղբյուրներն այդ տեղեկությունները չհաստատեցին, փոխարենը՝ պաշտոնապես հաստատվեց բախումների ավելի քան 100 մասնակիցների ձերբակալության փաստը: Մուսավին հանդես եկավ հայտարարությամբ. «Ես դիմել եմ Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդին՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Ես կոչ եմ անում իրանցիներին՝ շարունակել բողոքի գործողությունները խաղաղ ու իրավական մեթոդներով»: Իսկ կիրակի երեկոյան Թեհրանի կենտրոնում հավաքվեցին Ահմադինեջադի տասնյակ հազարավոր կողմնակիցներ:
ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին կարգադրել է ստուգել ընտրակեղծիքների մասին ընդդիմության ներկայացրած փաստերը: Այդ խնդիրը նա հանձնարարել է Պահապանների խորհրդին: Հզոր լծակներ ունեցող այդ ատյանը տասնօրյա ժամկետում է հայտնելու իր վճիռը: ԱՄՆ եւ Եվրամիության մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ կասկածի տակ են առել ընտրությունների արդյունքները: Մահմուդ Ահմադինեջադին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: