Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդիտացիան հակաքրիստոնեական է

Հունիս 16,2009 00:00

Ըստ քահանայի, մեդիտացիան ենթադրում է աշխարհից վերացական վիճակ,
իսկ քրիստոնեությունը հակառակն է քարոզում:

Հայաստանում օրեցօր ավելանում են յոգայի խմբակները, յոգայի պարապմունքներին հաճախողներն ու դրանով հետաքրքրվողները:

Ըստ մասնագետների, յոգան ուղղված է մեդիտացիայի միջոցով հասնելու մարմնի եւ հոգու համահունչության, զարգացնելու մարմնի ճկունությունը, ամրացնելու մեջքի մկաններն ու կարգավորելու շնչառությունը: Յոգա պարապող մասնագետների հավաստմամբ, այն, բացի սովորական վարժանք լինելուց, նաեւ հոգեւոր վարժանք է եւ օգնում է կտրվել աշխարհից:

Իսկ թե ինչ կարծիք ունի Հայ առաքելական եկեղեցին յոգայի մասին, չի՞ հակասում այն քրիստոնեության սկզբունքներին, եւ, արդյոք, հակաքրիստոնեական չէ՞: Այս հարցի ճշգրիտ պատասխանը ստանալու համար «Առավոտը» դիմեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանին: Քահանան շեշտեց, որ յոգան հակաքրիստոնեական է, քանի որ իրականացվում է մեդիտացիայի միջոցով. «Եթե յոգան դիտարկում ենք որպես կրոնական գաղափարախոսության, գիտակցության՝ բուդդիզմի մի մաս, իհարկե դա հակաքրիստոնեական է: Բայց այսօր մարդիկ շատ հաճախ յոգայով զբաղվում են անկախ բուդդիզմից: Եթե դիտարկում ենք զուտ որպես շնչառության, մարմնի վարժանք՝ ապա այս դեպքում քրիստոնեության հետ ոչ մի կապ չունի եւ սխալ է նույնիսկ համեմատելը, փորձել հասկանալը՝ քրիստոնեությանը հակասո՞ւմ է, թե՞ ոչ»:

Ըստ քահանա Արթենյանի, յոգայի մեջ որոշ սկզբունքներ քրիստոնեության հետ ոչ մի աղերս չունեն, նույնիսկ որոշ սկզբունքների դեմ են. «Այդ սկզբունքներից մեկը եւ ամենակարեւորը մեդիտացիան է: Եթե յոգա ասելով հասկանում ենք մեդիտացիա, ուրեմն այն իրապես հակաքրիստոնեական է: Եվ որքան տեղյակ եմ՝ Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում յոգան առանց մեդիտացիայի չի իրականացվում: Շատ յոգեր արդարանում են, որ իրենք մեդիտացիայի հետ կապ չունեն, իրենք վերցնում են միայն վարժությունները: Բայց փաստն այն է, որ յոգան առանց մեդիտացիայի չի լինում: Իսկ մեդիտացիան լիարժեք հակաքրիստոնեական է: Մեդիտացիան ենթադրում է աշխարհից վերացական վիճակ, իսկ քրիստոնեությունը լրիվ հակառակ բանն է քարոզում՝ քրիստոնեությունը ենթադրում է լրիվ արթուն ու լիարժեք գիտակցական վիճակ այս աշխարհում»:

Իսկ թե ինչպե՞ս է Հայ առաքելական եկեղեցին վերաբերվում Հայաստանում օրեցօր ավելացող յոգայի խմբակներին, տեր Եսային ասաց. «Իհարկե, ցավով ենք արձանագրում, որ նման բաներ կան, բայց եկեղեցին չէ, որ պետք է արգելի: Նույն հարցը կարելի է շրջանառել աղանդների վերաբերյալ, բայց դարձյալ եկեղեցին չէ, որ պետք է ասի՝ լինի դա, թե չլինի: Եկեղեցին միայն կարող է ասել՝ դա ճիշտ է, թե սխալ: Իսկ ընտրությունը մարդկանցն է՝ ուզում են գնալ, թե ոչ: Ինչ վերաբերում է յոգային, եկեղեցին նման բան չի խրախուսում եւ չի ընդունում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930