Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԳԱՆ ՕՏԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔ ՉԷ

Հունիս 16,2009 00:00

Փաստում է դիպլոմավոր յոգը

\"\"\"\"

 «Դեռ մանկուց իմ մեջ ներքին մղում կար դեպի արեւելյան մշակույթ, արեւելյան գիտություններ: 18 տարեկանում առողջական խնդիրներ ունեցա, ինչի բերումով ծանոթացա մի մարդու հետ, որն էլ հետո դարձավ իմ յոգայի ուսուցիչը. նա Կարեն Ասատրյանն է: Ես սկսեցի յոգա պարապել. 2 ամիս անց իմ առողջական խնդիրները վերացան, իմ մեջ մի բանական հարց առաջացավ, թե ո՞նց այդպես հեշտ ամեն ինչ անցավ: Ես սկսեցի մանրամասն ուսումնասիրել յոգան»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Վահագն Վարդումյանը: Ըստ նրա, այժմ Հայաստանում շատացել են յոգայի խմբակները: Եվ նախկինի համեմատ՝ հայերի հետաքրքրությունը շատ է մեծացել: Վահագնի փոխանցմամբ. «Յոգայի օգտակարությունը շատ ավելին է, քան յոգա պարապելուն հատկացրած ժամանակը: Յոգա պարապել սկսողների հիմնական նպատակն է՝ իրենց առողջության ու ինքնազգացողության բարելավումը: Յոգա՝ նշանակում է կապ, միություն: Դա մարմնի, մտքի ու հոգու միությունն է, մարդու՝ իր շրջապատող աշխարհի, իր հայրենիքի, բնության ու տիեզերքի հետ միությունը: Յոգան մեծացնում է ճկունությունը: Ճկունության մեծացումն էլ կանխում է մկանների ու հյուսվածքների վնասվելը: Յոգան օգնում է նաեւ հավասարակշռությանը: Յոգայի վարժությունների մեծ մասն այս կամ այն չափով ներառում է հավասարակշռություն հաստատելու տարրեր, եւ հաշվի առնելով այն, որ տարիքի հետ մարդկանց մեծամասնությունը սկսում է հավասարակշռության պահպանման խնդիրներ ունենալ, յոգա պարապելը կարող է կարեւորագույն կանխարգելիչ դեր ունենալ: Վարժությունները օգնում են նվազեցնել ցավերը, եթե մարմնում այդպիսիք արդեն կան, քանի որ մկանները ձգելը փափկեցնող ազդեցություն է ունենում դրանց վրա, իսկ մկանային ցավերի զգալի մասը հենց մկաններում եղած լարվածության արդյունք է: Յոգան զարգացնում է մկանները՝ մարմնում ընդհանուր նյութափոխանակության լավացման եւ պրանայով (մարմնում շրջանառող նրբագույն էներգետիկ հոսքերի) մարմնի հարստացման շնորհիվ»: Յոգայի այն ոճը, որով պարապում է Վահագնը՝ կոչվում է աշտանգա յոգա, ինչն էլ, ըստ մեր զրուցակցի, կազմված է ութ ճյուղից. «Աշտանգա յոգան տարբերվում է յոգայի մյուս ոճերից իր ներքին կառուցվածքով, այստեղ մարմնի կեցվածքները չեն դիտարկվում միայն որպես մարմնի զարգացմանը նպաստող գործոններ, որովհետեւ դրանցում կան մտավոր եւ հեգեւոր էլեմենտներ: Աշտանգա յոգայի 8 աստիճանները պետք է հերթով անցնել ու դա տեւում է բավական երկար: Առաջին 5 փուլը կարող է տեւել 7-ից մինչեւ 25 տարի, վերջին 3-ն էլ կարող է ձգվել մինչեւ 48 տարի»: Վահագնը նաեւ նշեց, որ յոգայով զբաղվելու համար սահմանափակումներ չկան: Այսինքն՝ ցանկացած մարդ կարող է զբաղվել յոգայով, անկախ նրանից, թե ինքն ինչ հավատամքներ ունի, ինչ կրոն է դավանում. «Տվյալ մարդը պետք է պատրաստ լինի աշխարհին ավելի բաց աչքերով նայել: Ես զգացել եմ, որ այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ քրիստոնեությունը շատ լավ հիմքեր ունի՝ հաճախ այդ երկրներում յոգան դիտվում է որպես օտար կրոնական ուսմունք»:

Վահագնը նաեւ պատմեց, որ 2006 թվին գնացել է Հնդկական Հիմալայներ ու մոտ կես տարի անցկացրել Հնդկաստանում: Նա Դելիի տարբեր հոգեւոր ու մշակութային կենտրոններ այցելելուց հետո հասկացել է, որ յոգան միջնադարից եկած ավանդույթ է, եւ որ տարբեր մարդիկ բնությունից եւ այլ պատճառներից դրդված՝ այդ հսկայական համակարգից վերցրել են մի քանի ծիսակարգեր, մի երկու վարժություն ու մի քանի մեդիտացիոն տարր եւ դրանից հավաքել կրոնական ճյուղեր: Բայց իրականում. «Յոգան ոչ մի կապ չունի կրոնական որեւէ բանի հետ»: Խոսելով Դելիում անցկացրած ամիսների մասին՝ Վահագնը պատմեց նաեւ իր այնտեղ մեկնելու մանրամասները. «Ուսուցիչս որոշել էր գնալ, ես էլ ցանկացա միանալ նրան: Նրա գնալը չստացվեց, եւ ես գնացի մենակ: Ճիշտ է, մենակ Հնդկաստան գնալը մի քիչ խենթություն էր, բայց… Ես ընդունվեցի Վեդայական յոգայի դպրոց, որտեղից էլ ստացա Հիմալայան յոգայի մասնագետի վկայական: Այնտեղ ինձ շատ լավ ընդունեցին ու Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեին, իսկ երբ ամեն անգամ սկսում էի պատմել, նրանք աչքները չորս արած լսում էին ինձ: Գիտելիքներս խորացնելու նպատակով Հիմալայներում 62-ամյա ուսուցչիցս հնարավորություն ունեցա լսելու ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները»: Վահագնի ձեւակերպմամբ, իրականում յոգան մի անհատի զբաղվելու բան չէ, եւ շատերը կարծում են, որ երկարատեւ մեդիտացիաները ապասոցիալականացնող երեւույթ են, որոշ մարդիկ էլ ասում են, թե դա հակասում է քրիստոնեական հավատքին. «Յոգան հիմնված է մարդու սոցիալականացման վրա: Այն մարդը, որը խորանում է դրա մեջ ու հասնում կոնկրետ բաների ու եթե չի շարունակում ավելի շատ շփվել, որովհետեւ ավելի շատ բան է իմացել՝ նա համարվում է սխալ ուղղությամբ զարգացած մարդ, որովհետեւ այդ ամենը էգոն զարգացնելու համար չէ: Չնայած ահագին բարդ է նաեւ չմեծամտանալը, որովհետեւ մարդը սկսում է ինչ-որ հատկություններ ձեռք բերել, կարողանում է կառավարել իր երազները, չնայած այդպիսի մտադրություն չուներ: Քանի որ շատ է խոսվում յոգայի՝ քրիստոնեությանը հակասելու մասին, ասեմ, որ քրիստոնեության մեջ մեծ դեր ունեցող հոգի բառը յոգա բառի հետ ուղիղ լեզվաբանական կապ ունի. նույն հնդեվրոպական արմատն է եւ ցանկացած լեզվաբան էլ գիտե, թե ինչ ճանապարհով է յ-ի, հ-ի ձեւափոխություն լինում»: Վահագնը խոսեց նաեւ սխալ յոգայի օրինակների մասին, որոնք առկա են տարածված մի շարք գրքերում եւ DVD-ներում. «Ես ուսումնասիրում եմ շուկա մտնող ցանկացած գիրք ու DVD եւ դեռ չեմ գտել այնպիսի մեկը, որը կարող եմ տալ ցանկացողներին ու հանգիստ խղճով ասել՝ գնացեք սրանով պարապեք: Որովհետեւ այնտեղ կարող է լինել, օրինակ, այսպիսի միտք. եթե փորձել ես մի քանի անգամ մեդիտացիա անել ու չի ստացվել, գուցե պետք չի սոված փորով նստել, չնայած այնտեղ սկզբում ասվում է, որ պետք է սոված լինել, եւ որպեսզի այդ գիրքը լավ վաճառվի՝ գրում են, որ մեդիտացիայից առաջ կարող ես կաթով սուրճ խմել ու անել շնչառական վարժություններ: Բայց եթե մարդը մոտ 10 անգամ այդպես վարվի, կարող է ուղեղի արյան զեղում ստանալ. շնչառական շատ վարժություններ աշխատում են ուղեղի վրա, նաեւ կարող է մարմնի տարբեր մասերում ծակոցներ սկսել, որովհետեւ շնչառական վարժությունները բացում են էներգետիկ հանգույցները, իսկ եթե քո օրգանիզմում թեկուզ հեղուկ վիճակում սնունդ կա՝ նշանակում է քո էներգիայի մեծ մասն աշխատում է մարսողության համակարգում»: Վահագնի ձեւակերպմամբ՝ յոգան օգնում է բարձրացնել կենսաէներգիայի մակարդակը: Ըստ նրա, յոգայի մյուս օգուտներից է՝ մտավոր դաշտի վրա վերջինիս դրական ներգործությունը. «Այն մաքրում է միտքն ու օգնում է ուշադրությունը կենտրոնացնել: Յոգան նվազեցնում եւ վերացնում է սթրեսները: Խորը շնչառության շնորհիվ հեռացվում են այն հորմոնները, որոնք արտադրվել էին գերհոգնածության, ջղայնության կամ որեւէ այլ նմանատիպ ազդակի պատճառով: Յոգան օգնում է նաեւ ձերբազատվել կուտակված էմոցիաներից: Շատ հաճախ կուտակված բացասական էմոցիաները հորդում են դեպի մեր մարմին ու ներսից լրջորեն վնասում: Յոգայի վարժությունների մեծ մասով որոշ ժամանակ հատկացնում են մեդիտացիային, որը կենտրոնացման ավելի խորը ու նպատակաուղղված վարժություն է: Մեդիտացիան օգնում է սովորել ղեկավարել մեր մտքերի հոսքն ու դրանցում կարգուկանոն հաստատել»: Վահագնը նաեւ հավելեց, որ FACEBOOK-ում մեծ խումբ է բացել, որն էլ կոչվում է «Himalayan Yoga in Armenia», որտեղ արդեն 272 մարդ կա գրանցված: FACEBOOK-ի ցանկացած օգտագործող, այդ խմբով հետաքրքրվելու դեպքում, կարող է փնտրել այն՝ նշված անվամբ ու գրանցվել: Ցանկացած անհատ ոչ միայն այդ խմբում, այլեւ https://yogaarmenia.blogspot.com բլոգում կարող է հարցեր գրել ու քննարկումներ անցկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել