ՄԵՐՈՆՑԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆՆ ԷՐ
Լիլիթ Գալոյանը (աջից) եւ Նելլի Աղինյանը Դրեզդենի համաշխարհային օլիմպիադայում:
Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի բազմակի չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի գավաթի միջազգային խաղարկությունը, որին մասնակցեցին տարբեր երկրների 57 առաջատար շախմատիստներ:
Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը, որը ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց 7-րդ տեղը: Մեր մյուս գրոսմայստերը՝ Լիլիթ Մկրտչյանը, 5,5 միավորով հանգրվանեց 12-րդ հորիզոնականում, իսկ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը 5,0 միավորով հանգրվանեց 19-րդ հորիզոնականում:
Մրցաշարի հաղթող դարձավ տանտերերից Բելա Խոտենաշվիլին, որն իր համերկրացի Լելա Ջավախիշվիլու հետ միասին վաստակեց 7,0-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով արժանացավ գավաթին:
ՄՐՑԵՑԻՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ
Շախմատի Հայաստանի վետերանների տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցում էին 40-ից ավելի վետերան շախմատիստներ, Երեւանում հատեց եզրագիծը: Հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին վարպետության թեկնածուներ, գյումրեցի Ալեքսան Մանուկյանը՝ 9,0 միավոր եւ մայրաքաղաքի ներկայացուցիչ Աշխեն Սանոյանը՝ 5,0 միավոր:
ԿՄԵԿՆԵՆ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի չորս անդամներ՝ Դրեզդենի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը հունիսի 22-ին մեկնում են Փարիզ՝ մասնակցելու արագ շախմատի Ֆրանսիա-Հայաստան ընկերական մրցամարտին: Այնտեղ նրանց կմիանա մեր առաջատարը՝ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը մրցավայր է մեկնելու Բեռլինից:
ԳՆԱՑ ՀԱՂԹԵԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը եւ նրա հայրն ու անձնական մարզիչը՝ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանը երեկ մեկնեցին Ռումինիա: Առաքելը Բուխարեստում հանդես է գալու աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Մարզիկը հոր խորհրդով գերադասել է այդ պատասխանատու մրցմանը նախապատրաստվել Բաղրամյան գյուղում՝ իրենց տանը կահավորված մարզադահլիճում: Երեկ մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, որն այսօր վաղ առավոտյան մեկնեց մրցավայր, մեզ տեղեկացրեց, որ ծանրորդը նախապատրաստությունն անցկացրել է արդյունավետ ու նպատակային եւ Բուխարեստում, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, պայքարելու է իր քաշային կարգում նախ եւ առաջ ոսկե մեդալ նվաճելու համար: