Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐՋ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է

Հունիս 16,2009 00:00

\"\"Հուլիսի 1-12-ը Բելգրադում անցկացվելու է Համաշխարհային ուսանողական մարզական 25-րդ խաղերը, որտեղ, ըստ նախնական հաշվարկների, հանդես կգան աշխարհի 130-ից ավելի երկրներ:

Ինչպես միշտ, նրանց թվում են լինելու նաեւ մեր հանրապետության ուսանող մարզիկները: Մարզաձեւերի եւ մարզիկների, նրանցից սպասվող արդյունքների մասին «Առավոտը» զրուցեց Հայաստանի ուսանողական սպորտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանի հետ:

– Մեր ուսանող մարզիկները ո՞ր մարզաձեւերում են հանդես գալու:

– Չորս մարզաձեւում՝ ձյուդո, թեքվանդո, սեղանի թենիս եւ սուսերամարտ: Ընդհանուր առմամբ՝ 14 ուսանող մարզիկ: Ի դեպ, սեղանի թենիսի ֆեդերացիան իր մարզաձեւի մասնակիցների ճանապարհածախսը վերցրել է իր վրա: Բայց ոչ այն պատճառով, որ պետբյուջեից հատկացված գումարների սղություն է եղել: Պարզապես, նրանք այդպես են ցանկացել:

– Պետության տրամադրած գումարին հետո կանդրադառնանք: Իսկ հիմա ասեք, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել մարզաձեւերը եւ մարզիկները:

– Դեռ մեկ տարի առաջ ուսանողական սպորտի ֆեդերացիան պաշտոնապես տեղեկացրել է առանձին մարզաձեւերի ֆեդերացիաներին՝ առաջարկելով, որպեսզի իրենք ներկայացնեն առաջադրվող մարզիկների թեկնածությունը եւ նրանց մարզատեխնիկական ցուցանիշները: Դրանից հետո եղել են համատեղ քննարկումներ եւ կատարվել է ընտրությունը: Մենք չենք միջամտել ֆեդերացիաների առաջարկություններին: Միայն հաշվի ենք առել, թե նրանք ո՞ւմ են ներկայացնում: Հիմա կարող եմ ասել, որ Սերբիա մեկնելու են միայն ամենաարժանավորները: Ինչ վերաբերում է մարզաձեւերին, այստեղ մեկնաբանության անհրաժեշտություն կա: Ըստ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերի կանոնակարգի, խաղային մարզաձեւերի մրցումների հայտ ներկայացնելու իրավունք ունեն միայն այն երկրները, որոնք տվյալ ձեւում համաշխարհային դասակարգման վարկանիշային ցուցակում տեղ են զբաղեցնում 16 լավագույնների մեջ: Ցավոք, Հայաստանը խաղային ձեւերում նման հաջողություններ չունի: Այնպես որ, եթե անգամ լինեին անսահմանափակ ֆինանսական հնարավորություններ եւ մեծ ցանկություն, միեւնույն է, խաղային ձեւերին մասնակցելու իրավունք չէինք ունենալու: Դրա համար հանդես ենք գալիս անհատական մարզաձեւերում: Բայց այստեղ էլ ընտրել ենք այն մարզաձեւերը, որոնցում ունենք ավանդույթներ, միջազգային ասպարեզներում՝ բարձր ցուցանիշներ, կամ էլ այն մարզաձեւերը, որոնք Հայաստանում մեծ տարածում եւ արդեն իսկ մասսայականության եւ զարգացման որոշակի ճանապարհ են անցել եւ մոտ ապագայում դրանցից ակնկալիքներ կան:

– Այսինքն, կարծում եք, որ սուսերամարտում ու սեղանի թենիսում հնարավոր է լուրջ հաջողություննե՞ր արձանագրենք:

– Անհատական պայքարում՝ ոչ: Սակայն չի բացառվում, որ թիմային պայքարում մտնենք առաջին ութնյակ, ինչը ես շատ մեծ ձեռքբերում կհամարեմ:

– Եթե ձյուդոյից ինչ-ինչ հույսեր ունենք, ըմբշամարտի հետ կապված հույսեր չկա՞ն:

– Համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրում ըմբշամարտը միշտ էլ հիմնական մրցաձեւ է համարվել: Մենք մեր հավանական մեդալների հույսը հենց դրա վրա էլ դնում էինք: Սակայն բառացիորեն երեք ամիս առաջ կազմկոմիտեից պաշտոնական տեղեկատվություն ստացանք, որ այս անգամ ըմբշամարտը ծրագրից, ցավոք, հանվել է:

– Զրույցի սկզբում ասացիք, որ կառավարության ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չկան:

– Այո: Նույնիսկ ճգնաժամի այս պայմաններում այնքան մեծ կարեւորություն է տրվել մասնակցությանն «Ունիվերսիադային», որ ցանկության դեպքում կարող էինք մի երեք-չորս հոգի ավելի մարզիկներ տանել Բելգրադ: Բայց, կրկնում եմ, որ ընտրել ենք միայն նրանց, որոնք կարող են արժանի պայքար մղել: Իսկ տնտեսվելիք գումարների հետ կապված՝ ուսանողական մարզական ֆեդերացիան մտադիր է կառավարության թույլտվությամբ դրանք նպատակաուղղել հանրապետական ուսանողական խաղերի անցկացումն ավելի լավ կազմակերպելուն: Կարծում եմ, որ խնդիրներ չեն առաջանա:

– Որքան տեղյակ եմ, ԿԳ նախարարը գլխավորում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Նորանշանակ նախարարի մասին ի՞նչ կասեք:

– Մեր ֆեդերացիան, կարեւորելով ուսանողական սպորտի դերը հանրապետությունում սպորտի ընդհանուր զարգացման գործում, դեռ 90-ականներին որոշում է կայացրել, որպեսզի այն գլխավորի ԿԳ նախարարը: Անկեղծորեն եմ ասում: Արմեն Աշոտյանի՝ նախարար նշանակվելու առաջին իսկ օրերին հանդիպել եմ հետը ու զրուցել ուսանողական սպորտի խնդիրների եւ հոգսերի մասին: Նրա դիրքորոշումը հետեւյալն է. ուսանողական սպորտը Հայաստանում խնդիրներ չպետք է ունենա: Նա արդեն հանձնարարել է՝ կազմել աշխատանքների հստակ ծրագիր, կատարել դրանց իրագործման նախահաշվարկ եւ խոստացել եղած հնարավորությունների առավելագույն չափով անել ամեն բան՝ դրանք հետեւողականորեն իրագործելու համար:

– Արժե՞, արդյոք, այդքան միջոցներ, ժամանակ տրամադրել ու կարեւորություն տալ ուսանողական սպորտին ընդհանրապես, համաշխարհային մարզական խաղերին մասնակցելուն՝ մասնավորապես:

– Երկրորդ կարծիք չկա: Նախ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ ամբողջ աշխարհում օլիմպիական խաղերի, աշխարհի ու մայրցամաքների չեմպիոնների ու մրցանակակիրների գրեթե 90 տոկոսը ուսանողներ են: Վստահեցնում եմ, որ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերն իրենց մարզատեխնիկական ցուցանիշներով զիջում են թերեւս միայն օլիմպիական խաղերին եւ աշխարհի առաջնություններին եւ մի քանի անգամ գերազանցում մայրցամաքների մեծահասակների առաջնությունները: Համաշխարհային խաղերին հաջող մասնակցելու նպատակը նախ խթանում է մեր հանրապետական նույնանուն խաղերի անցկացման մակարդակը տարեցտարի բարձրացնելուն, ինչից անպայման շահում են սպորտը եւ երիտասարդությունը: Բացի դա, քանի որ Բելգրադում հանդես են գալու հենց նրանք, մրցավայր մեկնող մեր թիմերի անդամները, որոնք Հայաստանի ազգային հավաքականների առաջատարներն են, սա նրանց համար առաջիկա աշխարհի առաջնությունների նախապատրաստության կարեւորագույն փուլ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել