Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՄԵՐԻԿԱ

Հունիս 16,2009 00:00

Նախկին սունդուկյանցիներ Ալեքսանդր Խաչատրյանն ու Ալիս Կապլանջյանը առայժմ հայրենիքում են

\"\"
Ա. Խաչատրյանը տիկնոջ՝ Ա. Կապլանջյանի հետ:

Հայ հեռուստադիտողը վերջին շրջանում բառացիորեն սերիալախեղդ է եղել՝ ամենատարբեր սյուժեներով, լավ ու վատ, պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ դերասանական կատարումներով: Այսօր մեր խնդիրը սերիալների մասին խոսակցություն ծավալելը չէ, մանավանդ որ, այդտեղ կան իսկապես հաջողվածները: «Կյանքի գինը» հեռուստասերիալը մեզ վերստին առիթ տվեց էկրանին տեսնելու մեր թատրոնի եւ կինոյի երբեմնի հերոսներին՝ Ալլա Թումանյանին, Սամվել Սարգսյանին, Ռազմիկ Արոյանին ու նաեւ Ալեքսանդր Խաչատրյանին՝ Սունդուկյանի թատրոնի Ալիկին, որի անունը ներկայացումների ծրագրերից ու կինոէկրանից անհետացավ 1980-ականներին, երբ նա իր կնոջ՝ ճանաչված դերասանուհի Ալիս Կապլանջյանի հետ հեռացավ երկրից: Այն ժամանակ դա որակվում էր հայրենալքություն: 1983-ին թատրոնում կուսակցական ժողով եղավ, ամուսինները վայր դրեցին կուստոմսերը, մինչեւ 1991թ. Հայաստանում դեգերելուց հետո հեռացան ԱՄՆ…

Ա. Խաչատրյանին «Առավոտը» հարցրեց՝ վիրավորված չի՞ զգում, որ ինքը, բնիկ սունդուկյանցի լինելով, երկար ժամանակ Հայաստանում է, սակայն համառորեն չի հրավիրվում թատրոն: «Կոլեգաներս գիտեն, որ եթե որեւէ տեղ աշխատում եմ, անմնացորդ եմ նվիրվում ու կիսատ-պռատ գործել չեմ սիրում: Ականջիս հասել են շշուկներ, որ թատրոնում գուցե սպասում են՝ սերիալն ավարտվի՝ նոր հրավիրեն… Բայց եթե սերիալն ավարտվի ու ոչ մի կոնկրետ առաջարկություն չլինի, գնալու եմ, հո անգործ չե՞մ մնա»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Այսօր արդեն՝ 18 տարի անց Ա. Խաչատրյանը հայտնվեց «Կյանքի գինը» հեռուստասերիալում՝ գուցե շատերի համար որպես նոր անուն, իսկ ավագներն ու նրա սերունդը հիշեցին, ուրախացան ու նաեւ դառնության զգացում ունեցան. ախր ի՞նչ եղան այդ 18 տարիները: Իսկ այդ տարիներին Ա. Խաչատրյանն ու Ա. Կապլանջյանը որեւէ պրոֆեսիոնալ թատրոնում չեն աշխատել: Ասենք, Լոս Անջելեսում որտեղի՞ց պրոֆեսիոնալ թատրոն, ընդ որում, տեղի թատերասերն էլ այնքան մոտ չէ ինտելեկտուալ թատրոնին: Միայն դեպքից դեպք Ա. Խաչատրյանը համագործակցել է հայկական տարբեր թատերախմբերի հետ, երազել խաղալ Ռիչարդի դերը՝ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» պիեսում, որը թարգմանվել է Հայաստանում եւ ուղարկվել նրան…

Թվում էր, թե վերադառնալով Երեւան, Ա. Խաչատրյանը պիտի Մայր թատրոն շտապեր, որտեղ սունդուկյանական ավանդույթներով մեծացած արվեստագետների բացակայությունը զգացվում է: Ինչո՞ւ չգնաց թատրոն: Վերջերս հարցազրույցներից մեկում Ա. Կապլանջյանն էլ ակնարկեց, որ եկել են, հավանաբար դարձյալ կմեկնեն ԱՄՆ, քանի որ որեւէ թատրոնից առայսօր հրավեր չի եղել: Նշենք, որ Ա. Խաչատրյանն այն դերասանն է, որի մի շարք դերակատարումներ, հատկապես Ալեքսանդրը՝ Վ. Աճեմյանի բեմադրած Վրթանես Փափազյանի «Ժայռ» ֆիլմ-ներկայացման մեջ, հրաշալի աշխատանք էր, որը հաստատում էր նոր ու սկզբունքային հերոսի ժամանակը: Մասնագետները միշտ էլ բարձր են գնահատել Ա. Խաչատրյանի նուրբ արտահայտչականությունը, բեմում լռելու եւ դրա միջոցով շատ բան ասելու կարողությունը: Ասենք, ինչի մասին է խոսքը, երբ երկու անգամ Հայաստան եկած եւ այստեղ հաստատվելու ակնկալիքներ ունեցող ճանաչված ու սիրված դերասանուհի Վիոլետա Գեւորգյանը նույնպես որեւէ հրավեր չստացավ, նույնիսկ Դրամատիկականից, որի հիմնադիրներից էր: Իսկ Ալիս Կապլանջյանը՝ Վ. Աճեմյանի գեղեցկուհի սանուհին, 1973թ. առաջին անգամ Սունդուկյանի թատրոն ոտք դնելուց ի վեր իր վրա սեւեռեց ռեժիսորների ուշադրությունը: Խոսքի հարուստ հնչերանգները, կանացիությունը փայլ տվեցին նրա կատարումներին: Նրա դերասանական վայելքը Աննա Անդրեեւնան էր՝ Չեխովի «Ռեւիզորը» աճեմյանական բեմադրության մեջ…

Այսօր ո՞վ է հիշում Ալիս Կապլանջյան անունը: Բայց ոչ միայն հիշել է պետք, այլեւ կազմակերպել վերադարձի «տոներ»: Չէ՞ որ արհեստականորեն ուռճացած Սփյուռքում քիչ չեն Հայաստանից գնացած, բայց ժամանակին հայրենիքում մեր թատրոնի ու կինոյի պատմությանը իրենց ներդրումն ունեցած տաղանդավոր դերասանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել