Ըստ բուհերի դիմորդների՝ հենց դրանք են աշխատանք գտնելու առաջին նախապայմանները՝ անկախ մասնագիտությունից
Մայրաքաղաքի մի շարք պետական բուհերում՝ Պետհամալսարանում, Տնտեսագիտական, Ճարտարագիտական համալսարաններում շրջելով ու դիմորդների հետ զրուցելով՝ փորձեցինք պարզել, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվել նրանք մասնագիտության ընտրության հարցում: Ովքե՞ր են նրանց խորհուրդներ տալիս կամ տեղեկատվական ի՞նչ աղբյուրներից են օգտվել կողմնորոշվելու համար: Հարցումներից պարզ դարձավ, որ դիմորդների ընտրությանն ավանդաբար նպաստում են հիմնականում ծնողները կամ ավագ քույրերն ու եղբայրները: Իսկ վերջիններիս կողմնորոշման հիմքում հաճախ սոցիալական դրդապատճառներն են. այս կամ այն ֆակուլտետ դիմելուց առաջ նրանք մանրակրկիտ ծանոթանում են վարձավճարների չափերին: Դիմորդներից ոմանք էլ հետեւում են իրենց ուսուցիչների կամ դպրոցների տնօրենների խորհրդին: Շատ քչերն էին, որ իրականացնում էին իրենց մանկության «կապույտ երազանքը»:
«Ես ընտրել եմ լրագրողի մասնագիտությունը. Դա է իմ տարերքը, եւ ինձ ապագայում պատկերացնում եմ միայն այդ մասնագիտական բնագավառում: Կարծում եմ, որ լավ լրագրողի պահանջարկ միշտ էլ կլինի, եւ վստահ եմ, որ լավ մասնագետ լինելու դեպքում աշխատանք կգտնեմ»,- ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի դիմորդ: Դիմորդների մեծամասնությունը նույնպես նույնքան լավատես էր, ինչը, սակայն, իրատեսական հիմքեր չունի: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա մարտի վերջի տվյալներով, ՀՀ-ում երիտասարդ գործազուրկների թիվը կազմել է 14 900, որը 14,6%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահավածի համեմատությամբ, երբ գործազուրկ էր 13 000 երիտասարդ: Այս տվյալները մեզ տրամադրեց Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքի բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տվյալներով էլ՝ հանրապետությունում գործազուրկների շրջանում կանանց ու երիտասարդների թիվը երեք անգամ ավելի է՝ քան տղամարդկանց:
Իսկ ընդունելության եւ ուսումնառության շրջանում ուսանողների ունեցած լավատեսությունը՝ աշխատանք գտնելու հետ կապված, առաջին իսկ բախումից վերածվում է հուսահատ հոռետեսության: Ի դեպ, սրա նախանշաններն արդեն իսկ նկատելի էին դիմորդների մեծ մասի պատասխաններում, երբ նրանք նշում էին, որ ապագայում աշխատանք գտնելու համար ամենակարեւորը շատ փող եւ լավ ծանոթ ունենալն է: Այս տիրապետող կարծրատիպի պատճառներից մեկն էլ այն է, որ ոչ դպրոցում, ոչ էլ դիմորդների առջեւ դռները բացող բուհերում դեռեւս ձեւավորված չեն գրագետ խորհրդատվություն մատուցելու եւ այդպիսով իրենց աշակերտ-ուսանողներին աջակցելու ու գործազրկությունը կանխարգելելու հստակ, գործուն մեխանիզմներ: