Լրահոս
Օրվա լրահոսը

Վասն զուգարանի

Հունիս 16,2009 00:00

Նյու Յորքի քաղաքապետերից մեկը, քաղաքում հասարակական հսկա զուգարանի հանդիսավոր բացումը կատարելով, հայտարարել էր, թե գործարկում է մարդկանց կյանքի համար ամենակարեւոր օբյեկտը: Ի դեպ, ԱՄՆ-ում զուգարանը անգլերենից թարգմանաբար «հանգստի սենյակ» է կոչվում: Դա Միացյալ Նահանգներում է, իսկ մեզ մոտ… Տավուշի մարզկենտրոնի հենց կենտրոնում, Իջեւանի քաղաքապետարանի շենքից ընդամենը 50 մետր հեռավորությամբ, գեղատեսիլ Աղստեւի ափին գտնվող՝ կիսաավերակ տանիքով այս զուգարանը շոկի մեջ է գցում առաջին անգամ այնտեղ այցելողներին: Զուգարանն «անմատչելի» է, որովհետեւ դրա մատույցները ամբողջությամբ աղտեղությունով լցված են: Զուգարանի կարիք ունեցողներից շատերը գերադասում են դրա պատի հետեւում մի կերպ հարմարվել՝ ռիսկ անելով նկատվել ու խայտառակվել: Զուգարանը պատահաբար չէ կառուցված Աղստեւի ափին, կոյուղաջրերը ուղիղ գետ են լցվում: Եթե մի արտասահմանցի տուրիստ հանկարծ սա նկատի, հաստատ հոգեկան ցնցման մեջ կընկնի: Մինչդեռ Աղստեւի ներքեւի հոսանքներում լողում են տարածաշրջանի բնակավայրերի երեխաները: Համալսարանական քաղաք, տուրիզմը որպես զարգացման առաջնահերթություն հռչակած Իջեւանը քիչ թե շատ կարգին հասարակական արտաքնոցի կարիք ունի:

Մարզի Նոյեմբերյան քաղաքն էլ զուգարանի «խնդիր ունի»: Հասարակական զուգարան գործարկելը քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի նախընտրական խոստումներից է: Քաղաքապետն ասաց, որ ինքը հետամուտ է լինելու դրա իրականացմանը: Սակայն՝ ոչ այս տարի: Վ. Ամիրաղյանը հարցի լուծման երկու տարբերակ է տեսնում. կամ քաղաքապետարանը կենտրոնում՝ մշակույթի տանը կից հասարակական զուգարան է կառուցում, կամ էլ՝ մասնավորից գնում է դրա հարակից տարածքում գտնվող, կեղտով լի, ներկայումս չգործող զուգարանը եւ այն գործարկում: Մինչ զուգարանի հարցը չլուծված է մնում, Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքների փողոցներում կարելի է տեսնել մի կեպ զսպված բնական պետքի պատճառով ակնհայտորեն շտապող մարդկանց:

Հ. Գ. Սրանք մասնավոր օրինակներ էին, սակայն դա չի նշանակում, որ մնացյալ մարզերում եւ բնակավայրերում նման խնդիրներ չկան: Յուրաքանչյուր բնակավայրի համար էլ սույն հարցն հրատապ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել