Անգիրք ու անմշակույթ ժամանակաշրջանի հերոսները
Երկրի, ազգի, պետության ռազմավարները ոչ թե բանակի հրամանատարներն են, այլ գրողները, պատմիչները: Մի՞թե Մաշտոցը, Ագաթանգեղոսը, Խորենացին, Փավստոսը, Եղիշեն, Փարպեցին, Կաղանկատվեցին, Գոշը, Գանձակեցին, Աբովյանը, Րաֆֆին, հայ մշակույթի մյուս ակնառու գործիչները իրենց ստեղծագործություններով չեն հանդիսացել ազգի, երկրի իրական ռազմավարները: Պատկերացրեք, եթե նրանք չգնահատվեին, եթե իշխանավորների, հոգեւոր հայրերի մեջ չլինեին գրքերի, մանրանկարների, պաշտամունքային կառույցների, խաչքարերի հազարավոր պատվիրատուները, այդ ստեղծագործությունները ընթերցող, սեփական մշակույթը գնահատող ու պահպանող ժողովուրդը, մի՞թե հնարավոր կլիներ պետականության վերածնունդը, քաղաքակիրթ աշխարհի հետ համաքայլ ընթանալու ձգտումը: Ու հաստատապես կարելի է ասել, որ մշակույթն է իր մեջ միշտ վառ պահպանել պետականության, ազգի շարունակականության կրակը, օջախը:
Այսօր հայությունը գիրք չի գնում, չի ընթերցում, չի հարգում գրողներին, նրանց ստեղծագործությունները: Հարցնենք երկրի Ազգային ժողովի պատգամավորներին, պետական բարձրաստիճան այրերին, նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, հանրահայտ օլիգարխներին. ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններ կարդո՞ւմ են: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Մշակույթի մարդիկ ետին պլան են մղվել: Խոսքը տարին մեկ-երկու հոգու շքանշան կամ մրցանակ տալու մասին չէ: Գրողը իր գրքերի դիմաց ոչինչ չի վաստակում: Գիրքը հրատարակելիս խմբագիրը, սրբագրիչը, տպագրիչը ինչ-որ չափով վարձատրվում են, բացի հեղինակից: Գրողի աշխատանքը մեր երկրում չի գնահատվում: «Շուշի հիմնադրամ» հրատարակչությունը սկսել է «Արցախյան գոյամարտի համահավաք» 30 հատոր մատենաշարի լույսընծայումը: Այն պատմական կարեւոր ժամանակաշրջանի ճշմարիտ վավերականությունն է, քանի որ պատմում են իրադարձությունների մասնակիցները: Լույս են ընծայվել երկու հատորները: Գրքերի իրացման հասույթով պետք է տպագրվեն հրատարակման պատրաստ հաջորդ հատորները: Սակայն մարդիկ արդեն գիրք չեն գնում, չեն կարդում: Ժողովուրդը կտրվում է սեփական մշակույթից:
Պետպատվերով ամեն տարի բավականին գրքեր են տպագրվում: Սակայն գիրքը ոչ մի կերպ ապրանք չի դառնում: Խորհրդային տարիներին գոյություն ունեին «Հայգիրք» եւ «Երեւանգիրք» կազմակերպությունները, որոնք գրքերն առաքում էին հանրապետությունով մեկ: Իսկ այսօր բոլորն ասես մոռացել են գրատարածման ցանցի անհրաժեշտության մասին: Հանրապետության բոլոր բնակավայրերը գրադարաններ ունեն, սակայն ոչ մի գրադարան, այդ թվում՝ դպրոցական գրադարանները, գիրք չեն ստանում: Պետությունը պարտավոր է գրատարածման ցանց ստեղծել: Պետք է առաջին հերթին գրքից հանվի հարկումը: Մարզերում, նույնիսկ հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում գրախանութ չկա: Իսկ երեւանյան գրախանութները գնորդներ, հաճախորդներ չունեն: Հաճախ ասում են՝ ինչո՞ւ այդ գրքերը սփյուռքահայերին չեն առաքվում: Այստեղ իրոք լուրջ դժվարություններ կան: Առաքման արժեքը մի քանի անգամ թանկ է գրքի արժեքից: Իհարկե, եվրոպական երկրներում գիրքը մի քանի անգամ թանկ արժե:
Շնորհաշատ հեղինակներին անտեսում են ե՛ւ հեռուստատեսային, ե՛ւ կինոֆիլմերի պրոդյուսերներն ու ռեժիսորները: Տասնյակ ֆիլմերի համար ընտրում են խիստ ցածր մակարդակի հեղինակների: Փորձը ցույց է տալիս, որ լավագույն ֆիլմերը նկարահանված են լինում իսկական գրական ստեղծագործութունների վրա: Ժամանակին վրացական կինոն համաշխարհային մակարդակի հասավ գրողների շնորհիվ: Սա պետք է լավ սերտեն մեր պրոդյուսերներն ու ռեժիսորները, այլապես հեռուստաեթերը լցվում է ապաշնորհ, գռեհիկ ու հասարակությանը անբարոյականության վիհը նետող ֆիլմաշարերով: Ու միշտ պետք է հասկանալ, որ հեռուստադիտողն էլ իրավունք ունի բարձրարվեստ ֆիլմեր դիտելու: Իսկ այդ իրավունքը խախտելը պակաս հանցավոր արարք չէ, քան կաշառակերությունը:
Մոսկվայում «111 ակնթարթ Շուշի բերդաքաղաքի կյանքից» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը եկած մի հայ կին, տեսնելով մասնակիցների նոսրությունը, ասաց. «Տասը տարի ուշացել ես, Ռուսաստանի հայությանը այլեւս Արցախը կամ Հայաստանը չեն հետաքրքրում»: Դեռ ավելին, մի շարք մարդիկ, այդ թվում երեւելի ազգային գործիչներ, ամեն ինչ արեցին, որ ցուցահանդեսը հաջողություն չունենա: Խոսքը ոչ թե կոնկրետ իմ, այլ երկրի քարոզչության աններելի ուշացման, անտարբերության մասին է:
Փող վաստակե՞լն է տեղ գրավել այսօրվա մարդու ուղեղում: Եթե այսօրվա հանրահայտ հայ գարծարարի որդին $35 000 ծախսելով իր ավտոմեքենայի համար երեւելի համարանիշ է գնում, մի՞թե դա չի վկայում նրա ու նրա դաստիարակների հետամնացության, քաղքենիության, չկրթվածության մասին: Հայտնի է, որ ԱՄՆ-ում, ասենք, միայն Հառլեմի քիչ թե շատ փող վաստակած սեւամորթն է վզից ոսկե հաստ ժնջիլ կապում, իր մեքենայի համար աչքի զարնող թվերով համարանիշ գնում: Նա ձգտում է ցույց տալ իր հարուստ լինելը, մտածելով, որ այն կքողարկի իր տգիտությունը: Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում ավելի քիչ փող չեն վաստակում, քան Հայաստանում, բայց նման ցուցամոլություն, գավառամտություն իրենց թույլ չեն տալիս: Դարեր շարունակ մարդկությունը, ազգերը, պետությունները պահպանել, փայփայել են իրենց մշակույթը, օգնել են մշակույթի գործիչներին, գոնե հնարավորություն են ընձեռել ստեղծագործելու համար: Զարգացած երկրներում սեփական մշակույթի զարգացման ընթացքը պահպանելու համար հսկայական միջոցներ են հատկացնում: Ու դա ամենեւին էլ աննպատակ շռայլություն չէ: Քաղաքակրթության հարուստ, դարերի ընթացքում կուտակված փորձը մարդկությանը թելադրում է դրա անհրաժեշտությունը: Քանի որ մշակույթի անընդհատ զարգացումն է բարոյահոգեւոր անկումից, երկրի ներքին քայքայումից խուսափելու ճանապարհը:
Քանի որ հեռուստաեթերում, փողոցային գովազդներում երեւում են իսկական արվեստի հետ կապ չունեցող բիզնեսային երգիչները, ապա իսկական արվեստը, ստեղծագործողները մոռացության են մատնվել: Մշակույթում տոն տվողները ռաբիս երգիչներն են: Հայկական մշակույթը օտարները ճանաչում են կլկլան երգիչներով, անարվեստ երգչուհիներով: Իսկ լավագույն, տաղանդավոր կատարողները հանդես են գալիս օտար բեմերում, որը ամենեւին չի նպաստում հայկական արվեստի զարգացմանը:
Տարիներ շարունակ ներքին պայքար է գնում հայաստանյան ստեղծագործական միությունները վարկաբեկելու, կազմալուծելու ուղղությամբ: Նույն բանը կատարվում է հետխորհրդային բոլոր երկրներում: Ու ամեն տեղ սցենարը նույնն է: Այդ երեւույթը օտարածին է ու կառավարվում եւ ֆինանսավորվում է նույն կենտրոնից: Զանգվածային լրատվական միջոցները ակտիվորեն նպաստում են քայքայիչ այս գործունեությանը: Այս խնդրում հատկապես ակտիվ են իրենց «անկախ» անվանող այն լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում են միջազգային հիմնադրամներից: Առիթ եմ ունեցել հետաքրքրվել մի թերթի ֆինանսավորման աղբյուրով ու անսպասելիորեն հայտնաբերել եմ, որ այդ թերթը տարին $150 հազար է ստանում «Շիլլերի» անվան հիմնադրամից: Հետո իմ գերմանացի ընկերները ինձ հայտնեցին, որ այս գործարքի ետեւում թուրքական մի կազմակերպություն է, որի ետեւում էլ… Նրանք վարձատրում են ու թելադրում իրենց պայմանները: Երկիրը քայքայելը նրանց մոտ «ժողովրդավարություն» է կոչվում: Այս լրատվամիջոցներին հրահանգված է քայքայել բոլոր տեսակի միությունները, որոնք կարող են երկրում բարոյականության ամրապնդման հիմք հանդիսանալ, խոչընդոտել բարոյահոգեւոր անկմանը երկրում: Խնդիրը ոչ թե միությունը ղեկավարող անձի կամ խմբի մասին է, այլ հենց մշակութային միտքը պահպանող, մշակույթի գործիչներին միավորող կազմակերպությունը պահպանելու մեջ է:
Սեփական մշակույթից կտրվելը անպայման հանգեցնում է բարոյական անկման, բարոյականության ազգային արմատներից տարանջատման, որն էլ պարարտ հող է հանդիսանում բյուրոկրատիայի, կոռուպցիայի աննախընթաց վերելքի համար:
(շարունակելի)