Լոռու մարզի Սպիտակ եւ Տաշիր տարածաշրջանների մի շարք գյուղական վայրեր տուժել են բնության հերթական անակնկալից: Երեսուն րոպեների ընթացքում տեղացած կարկուտը, որի հատիկների տրամագիծը հասնում էր մինչեւ 6 սմ-ի, մեծ վնաս է հասցրել բնակիչներին: Հուսահատված գյուղացիները պատմում էին, որ կարկուտը վնասել է իրենց տների տանիքները, լցվել նկուղներն ու ավիրել ապրուստի միակ միջոց հանդիսացող գյուղատնտեսական բերքի մեծ մասը. «Մեր ապրուստը էս էր, դրանից էլ զրկվեցինք»: Գյուղացիները կարծում են, որ նման իրավիճակից զերծ մնալու համար պետք է ստեղծվեն հակակարկտային կայաններ, ինչը թույլ կտա հնարավորինս զերծ մնալ նման տհաճ անակնկալներից: Այս առաջարկը նրանք արել են նաեւ ստեղծված իրավիճակին ծանոթանալու եւ վնասի չափը պարզելու համար տուժած գյուղեր այցելած Լոռու մարզպետին:
Բնակիչները հույս ունեն, որ հակակարկտային կայաններ տեղադրելու ծրագրի գործընթացը կարագացվի պետության կողմից, եւ այս ծանր պայմաններում իրենք կապահովագրվեն գոնե «չնախատեսված» անակնկալներից: