Հայաստանում չկա մի համայնք, որ լիարժեք տիրապետի եւ օգտագործի հանրային իրազեկման ժամանակակից բոլոր միջոցները:
«Առավոտի» շաբաթ օրվա համարում համառոտ ներկայացրել էինք Հայաստանի 914 համայքներում հանրային իրազեկման միջոցների՝ ֆիքսված եւ շարժական կապ, պաշտոնական կայքեր, տեղական թերթ, ռադիո եւ հեռուստաընկերություններ, վիճակը: Ուսումնասիրության հեղինակը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, իսկ պատկերն անմխիթարական է:
Ներկայացնում ենք համայքներում հանրային իրազեկման միջոցների վիճակը, ըստ մարզերի:
21-րդ դարում, ըստ պաշտոնական տվյալների, 1996 թվականից անընդմեջ տնտեսական աճ արձանագրող, մի քանի շարունակ երկնիշ վագրային թռիչքներով առաջ սլացող Հայաստանի Հանրապետության 914 համայնքներից 154-ը կամ մոտ 17%-ը չունի ֆիքսված հեռախոսակապ: Ամենաանմխիթարն այս առումով Արմավիրի մարզն է, համայնքների կեսից ավելին՝ 97 համայնքից 56-ը, չունի ֆիքսված հեռախոսակապ: Ու թեեւ բջջային կապ կա 93 համայնքում, սակայն Մարգարա գյուղը զրկված է կապի երկու միջոցներից էլ: Լոռին էլ այս առումով գլուխ գովելու տեղ չունի. մարզի 113 համայնքներից 40-ը չունի ֆիքսված կապ, փոխարենը բջջային կապ ունեն 113-ից 112-ը: Գեղարքունիքում էլ 92-ից միայն մեկը՝ Ազատ գյուղը չունի բջջային կապ:
Ֆիքսված կապ ունեն Արագածոտնի բոլոր 114, Կոտայքի բոլոր 67, Շիրակի բոլոր 119, Սյունիքի բոլոր 109 համայնքները: Շատ ավելի բարվոք է բջջային կապի ապահովվածության աստիճանը: Արարատում, Արագածոտնում, Կոտայքում, Շիրակում, Վայոց ձորում, Տավուշում, Սյունիքում բջջային կապի հարթությունում չկան անկապ համայնքներ:
Կարելի կլիներ ոգեւորվել եւ ուրախանալ, որ Հայաստանի համայնքներում նախապատվությունը տրվում է կապի, հաղորդակցության, հանրային իրազեկման միջոցների ժամանակակից տարբերակներին: Բայց…914 համայնքից ինտերնետը հասանելի է 255 համայնքում՝ կամ մոտ 28%-ում: Առաջատարը Գեղարքունիքն է՝ բոլոր 92 համայնքներում կա ինտերնետ: Հինգ համայնքում ինտերնետ կա ե՛ւ համայնքապետարանում, ե՛ւ դպրոցում: Հետնապահներն են Սյունիքը՝ ինտերնետը հասանելի է միայն վեց քաղաքներում, Լոռիի 113 համայնքից միայն 6-ում է ինտերնետը հասանելի, իսկ Շիրակում ինտերնետը հասանելի է միայն Գյումրի, Արթիկ քաղաքներում եւ Գյումրիին կպած Ախուրյան գյուղում:
Դեռեւս մայիսին անդրադարձել էինք «Գեղարքունիքի մարզի մարդու իրավունքների կենտրոն» հ/կ անցկացրած մոնիտորինգին, ըստ որի, մարզի համայնքներում իրավական ակտերը ձեռք էին բերվում համայնքապետարանի աշխատողների միջոցներով, իսկ ՀՀ օրենսդրության համակարգչային «Իրտեկ» շտեմարան ուներ ուսումնասիրված 12 համայնքներից միայն մեկը՝ Աղբերքը:
Ինտերնետն էլ նույն վիճակում է, չի օգտագործվում, չի արվում ոչինչ՝ ինտերնետի միջոցով կապեր հաստատելու կամ մարզից եւ Հայաստանից դուրս համայնքը ներկայացնելու համար: 914 համայնքից ինտերնետային կայք ունի ընդամենը 20-ը կամ հազիվ 2%-ը: Սրանք հիմնականում քաղաքներ են, կայքերն էլ՝ բացառապես ճանաչողական բնույթ ունեն, չեն ներկայացնում համայնքի ընթացիկ առօրյան, օրվա իրադարձություններն ու նորությունները:
Գաղտնիք չէ, որ ռադիոն զանգվածային մյուս լրատվամիջոցների նկատմամբ մեծ առավելություն ունի: Ի տարբերություն թերթի կամ հեռուստաընկերության, ռադիո լսելուն հատուկ ժամանակ տրամադրելու կարիք չկա: Ռադիո կարելի է լսել ճաշելիս, ճաշ պատրաստելիս, նարդի խաղալիս, տնամերձում աշխատելիս եւ այլ դեպքերում: Դատելով տեղական ռադիոցանցի վիճակից, մենք չենք գիտակցում ռադիոյի հզորությունը. Հայաստանի տասը մարզերից վեցում՝ Արարատ, Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր, Տավուշ, Սյունիք, ոչ մի համայնք չունի տեղական ռադիոցանց: Մյուս չորսում էլ վիճակը առանձնապես գոհացուցիչ չէ: Արմավիրի 97 համայնքից միայն երեքը՝ Մեծամոր, Վաղարշապատ, Արմավիր, Գեղարքունիքի մարզի 92 համայնքից միայն Գավառը, Շիրակի 119 համայնքից միայն Գյումրին, Լոռու 113 համայնքից միայն Վանաձորն ունեն տեղական ռադիոցանց: Այսինքն՝ 914 համայնքից ընդամենը 6-ը կամ 1%-ից էլ քիչը: Վայոց ձորի համայնքներում չկա ոչ տեղական ռադիոցանց, ոչ էլ տեղական հեռուստաընկերություն: Մնացած 9 մարզում կա 22 տեղական հեռուստաընկերություն եւ մոտ չորս տասնյակ տեղական տպագիր լրատվամիջոց:
Եվ, վերջապես, ըստ օրենքի՝ համայնքապետարաններում պետք է լինեն համայնքապետարանի գործունեության մասին տեղեկատվական նյութերի ցուցատախտակներ: 914 համայնքից նման ցուցատախտակ կա 645-ում, 269-ում՝ չկա: