Զոհերի պաշտպանությունն անհրաժեշտություն է
«Թրաֆիքինգի լուսաբանման հմտություններ» թեմայով Ծաղկաձորում երկօրյա սեմինար էին կազմակերպել ՀՀ տարածքային նախարարությունը, ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն: Թրաֆիքինգի խնդրով ընդունված միջազգային կոնվենցիաների եւ Հայաստանում դրանց կիրառման մասին զեկուցեց ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Արա Երեմյանը: Վերջինս անդրադարձավ թրաֆիքինգի հայաստանյան պատկերացումներին, այն, որ մեզանում թրաֆիքինգն ընկալվում է որպես միայն «սեռական ծառայությունների» մատուցում:
Մարդկանց առեւտրի, շահագործման տեսակների եւ ոստիկանության դերի մասին վիճակագրություն ներկայացրեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի թրաֆիքինգի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը: Ըստ նրա, 2008-ին հարուցվել է 13 քրեական գործ՝ Թուրքիա, ԱՄԷ, ՌԴ տեղափոխելու համար: Բացահայտվել է Հայաստանում 2 թրաֆիքինգի գործ: Ի դեպ, «Առավոտը» վերջերս անդրադարձել էր դրանցից մեկին՝ Գարիկ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործին, երբ նա մուրացիկ երեխաներին ապօրինի տեղափոխել էր քաղաքով մեկ, վախեցրել էր նրանց եւ ստիպել էր զբաղվել մուրացկանությամբ, խլելով նրանց աշխատած գումարը:
Ոստիկանության աշխատակցի կարծիքով, թրաֆիքինգի դեմ պայքարը կլինի գործուն, եթե լիցենզիաներից եւ գործունեությունից զրկվեն այն սաունաները, զվարճանքի վայրերը, որտեղ հայտնաբերվեն թրաֆիքինգին նպաստող որջեր:
Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության եւ ռեսուրս- կենտրոնի պատասխանատու Էլեոնորա Վիրաբյանի տեղեկացմամբ, զոհերն աջակցություն են ստանում իրենցից: Մասնավորապես, օգտվում են փաստաթղթերի ձեւակերպումից, առաջնային բուժօգնությունից, սոցիալական, հոգեբանական ծառայություններից: Նախատեսվում է թրաֆիքինգի զոհերի համար կառուցել ապաստարաններ: Պետական ծրագրի շրջանակներում այս կարգի օգնությունները կշարունակվեն: «Թրաֆիքինգ երեւույթն արմատախիլ անել հնարավոր չէ: Սակայն ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների միջոցով կարելի է ինչ-որ բան տեղից շարժել»,- ասաց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը համակարգում է թրաֆիքինգի հարցերով աշխատանքային խմբի գործունեությունը:
Անցյալ տարի «Երեխայի առքուվաճառքը» հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական 3 գործ: Մեղադրյալները 5-ն էին: Զոհերը 8 երեխաներ էին: Որդեգրման նպատակով երեխաներ էին վաճառվել: Այս մասին տեղեկացնելով՝ իր հայտը ներկայացրեց նաեւ «People In Need»/PIN/ հայաստանյան մասնաճյուղը, որը զբաղվելու է մարզերում երեխաների թրաֆիքինգի դեպքերի բացահայտմամբ, կանխարգելմամբ:
Ըստ հայաստանյան մասնաճյուղի մամուլի պատասխանատու Գալուստ Նանյանի, մարզերում գոյություն ունի աղքատություն, գործազրկության բարձր ցուցանիշ, տեղեկացվածության ցածր մակարդակ. «Կստեղծվեն մարզային ցանցեր, որոնք կպաշտպանեն երեխաների թրաֆիքինգի կոնկրետ շրջանին ուղղվածներին, ծրագրավորմանը, ռիսկային խմբերին՝ հասարակությանն ու հնարավոր զոհերին, պետական գործիչների երեխաների թրաֆիքինգը կանխարգելելուն»:
Դուբայում նկարահանած՝ հայ կանանց առեւտրին նվիրված իր հետաքննությունը ներկայացրեց «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը: Նա խոսեց այն դժվարությունների մասին, որին հանդիպել է իբրեւ լրագրող: «Շատ հաճախ լրագրող լինելն ինձ խանգարում էր: Մտածում էի չվնասել մարդուն, որն ինձ վստահում էր»,- ասաց նա, որը կարեւորեց զոհի պաշտպանվածության, գաղտնիության սկզբունքի հարգումը՝ այս խնդրին նվիրված հրապարակումների ժամանակ: