Քննչական գործողություններ՝ 10 տարի առաջ կատարվածից հետո
«Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին կասկածյալ, 2003թ. հոկտեմբերից ԱՄՆ-ում բնակվող Նաիրի Բադալյանը վերջերս է վերադարձել Հայաստան: Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազության դատախազական վերահսկողություն իրականացնող դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Զալինյանին: 14 էջանոց դիմումում Ն. Բադալյանը տեղեկացնում է, որ 7 ամիս գտնվել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ կալանքի ամիսներին ենթարկվել է անմարդկային խոշտանգումների՝ ստանալով մարմնական վնասվածքներ:
2000թ. հունիսի 27-ին Ն. Բադալյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ն. Բադալյանը հայտնում է, որ կալանքից հետո՝ 2000թ. հուլիսին, դիմել է ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողով, 2001թ. սեպտեմբերին՝ ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողով, ՀՀ գլխավոր դատախազին, դատաքննությունն իրականացրած նախագահող դատավոր Սամվել Ուզունյանին:
Հիշեցնենք, որ արդյունքում հարուցվեց քրեական գործ՝ կասկածյալների խոշտանգումների վերաբերյալ: Զուգահեռ ընթանում էր նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը: Ն. Բադալյանը ստացավ վկայի կարգավիճակ, որին համաձայն չէր, քանի որ նա պետք է վկայեր սեփական խոշտանգումների մասին: Երկու քրեական գործերով վկա, լրագրող Ն. Բադալյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ խոշտանգումների մասով քրեական գործի վարույթը կասեցվել է, քանի որ ինքն այդ ժամանակ գտնվել է ԱՄՆ-ում: Քննչական մարմինն այդ դիտել էր անհաղթահարելի խոչընդոտ քրգործի քննության համար: «Ես իմ բնակության վայրը գաղտնի չեմ պահել: Դատախազությանն ուղղված իմ դիմումներում մշտապես նշել եմ ԱՄՆ-ի իմ գտնվելու վայրը: Բազմաթիվ են օրինակները, երբ նախաքննական մարմինները քննիչներ են գործուղել ՀՀ սահմաններից դուրս: Հայաստանից իմ՝ վկայի բացակայությունը չէր կարող հիմք դառնալ վարույթի կասեցման համար, եթե հետաքննական մարմինն արդարադատության հետ կապ չունեցող ինչ-ինչ պատճառներով շահագրգռված չլիներ այդ քրգործով»,- ասում է Ն. Բադալյանը:
Վերջինս ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ իր նախկին բնակության վայրի, նաեւ ԱՄՆ բնակարանի հասցեով մինչեւ այս տարվա հունվարի 1-ը նախաքննական մարմինը որեւէ գրություն, ծանուցում չի ուղարկել: Միակ ծանուցումը Բադալյանը ստացել է փետրվարի 27-ին: Քննչական գործողության մասնակցելու համար Ն. Բադալյանը մարտի 29-ին վերադարձել է Հայաստան: Մայիսին նա մասնակցեց մի քանի քննչական գործողությունների: Հատուկ քննչական վարչության կողմից Ն. Բադալյանը մայիսի 4-ից ստացել է տուժողի կարգավիճակ:
Իբրեւ տուժող, Ն. Բադալյանը դիմել է, որ իրեն ազատությունից տեւականորեն զրկելու համար հետաքննական մարմինը գրավոր ներողություն խնդրի իրենից, փոխհատուցելով իր կրած նյութական, բարոյական, ֆիզիկական վնասները: «Առավոտի» հարցին, թե որքա՞ն է կազմել նյութական վնասը, Ն. Բադալյանը տեղեկացնում է, որ Լոս Անջելես-Մոսկվա-Երեւան ինքնաթիռի երկկողմանի տոմսի արժեքը, ԱՄՆ-ում իր չպահպանված միջին աշխատավարձը եւ Երեւանում վարձակալած բնակարանն ու օրապահիկը (2 859 150 դրամ), հեռախոսային եւ ինտերնետային ծախսերը (74 000 դրամ) կազմել է 4 377 715 դրամ գումար: Օրեր առաջ՝ հունիսի 3-ին, մերժվել են այս միջնորդությունները այսպիսի պատճառաբանությամբ. «Ն. Բադալյանի միջնորդությունը ինքնաթիռի տոմսի, վարձակալած բնակարանի, օրապահիկի, միջին աշխատավարձի…վճարումներն ու այլ ծախսերը ՀՀ պետական բյուջեի հաշվին փոխհատուցելու վերաբերյալ, նախաքննության ներկա փուլում բավարարման ենթակա չէ»: Մինչդեռ, ըստ ՀՀ քրդատօրի 167 հոդվածի 4-րդ մասի, «Քրեական դատավարության մասնակցող անձանց ծախսերի հատուցումը կարող է իրականացվել օրենսդրությանը համապատասխան, վարույթն իրականացնող մարմնի կողմից, սեփական նախաձեռնությամբ»: «Ես հաղթահարել եմ մինչ այդ շահարկվող անհաղթահարելի խոչընդոտն ու վերադարձել եմ Հայաստան: Ուրեմն, ինչո՞ւ եք խաբել ինձ», հարցնում է մեր գործընկերը, որին տեղեկացրել են, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դիմել դատարան:
Ի դեպ, 1 ամսվա ընթացքում Բադալյանը մասնակցել է 8 առերեսման, այդ թվում՝ իրեն «Նուբարաշեն» մեկուսարանում խոշտանգումների ենթարկածների հետ: Որոշման մեջ ակնարկվել էր նաեւ այն, որ Բադալյանը Հայաստան է վերադարձել անձնական նախաձեռնությամբ: «Ես դա համարում եմ ուղղակի վիրավորանք իմ հասցեին: Քանի որ այդ դեպքում ստացվում է, թե ես, բարդացված ընթացքով ծանր հղիություն տանող իմ կնոջը մենակ թողնելով, որոշել եմ մեկնել տուրիստական ճանապարհորդության, իմ ընտանեկան բյուջեի հաշվին հսկայական ծախսեր անելով եկել եմ, հանդիպել մարդկանց հետ, ում չէի ցանկանա հանդիպել»,- ասում է զրուցակիցս: