80-ամյա Արիստակես Ազարյանի ընտանիքը՝ 2 անչափահաս թոռները, տղան ու հարսը, ապրում է նրա թոշակով: Ճիշտ է, ժամանակին տղան աշխատում էր ու ընտանիքի հոգսը քիչ թե շատ թեթեւացնում, բայց, ինչպես Արիստակես պապն է ասում, հիմա անգործ է ու չի կարողանում աշխատանք գտնել:
«Հողամաս ունենք, մշակում ենք, բայց բերքը քիչ է, հազիվ մեզ է հերիքում, չենք կարող վաճառել, որ գոնե կողմնակի եկամուտ լինի: Այդ հողամասը մշակելու ու ջրելու համար պարտքեր ենք կուտակել: «Երեւան ջուրն» արդեն դատի է տվել մեզ ու պահանջում է վճարել մոտ 310 հազար դրամը: Ախր, որ ես ի վիճակի լինեի վճարելու, կվճարեի, հո չէի թողնի այդքան կուտակվեր: Հազիվ հացի փող էինք հասցնում, դրա համար էլ չէինք կարում ժամանակին վճարել: Ջուրը քիչ էր, մեկ էլ «ՀայՌուսգազարդից» են պարտքը պահանջում, դա էլ մոտ 34 հազար դրամ է: Ես կոմունիստների ժամանակ նորմալ աշխատել եմ, խնայբանկում 4000 ռուբլուց ավելի գումար եմ պահել, հիմա մեր կառավարությունը որոշել է, որ դեռ ինձ չեն վերադարձնելու իմ գումարը, մինչեւ ցուցակներում ընդգրկվածներին չտան: Բայց ես էդ քանի՞ տարվա կյանք ունեմ, որ սպասեմ: Թող իմ ավանդը վերադարձնեն, ես էլ ջրի ու գազի պարտքը վճարեմ: Ես ուրիշ ելք չունեմ»,- «Առավոտին» դժգոհեց Արիստակես Ազարյանը:
Արիստակես Ազարյանի խոսքերով՝ «Ես պարտքս չեմ տա, մինչեւ պետությունն էլ իմ պարտքը չվերադարձնի: Իրենց ինադու ապրելու եմ այնքան, մինչեւ իմ տարիքի ու կարգավիճակի մարդկանց ավանդներն էլ վերադարձնեն: Թե՞ սպասում են մեռնենք, որ այդ փողերը ոնց ուզեն՝ տնօրինեն»: Նշենք, որ առայժմ «Հայխնայբանկի» ավանդատուներն այն անձինք են, ովքեր 2005 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2006թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընդգրկված են եղել ընտանեկան նպաստ ստացողների կազմում: