Ասում են Արթիկի քրեակատարողականում գտնվող քաղբանտարկյալները
Արդեն 9-րդ տարին է՝ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը «Ելնի Վիրապ» տոնը նշում է բանտարկյալներին այցելելով, գաղութում պատարագ մատուցելով ու մատաղ անելով: Տոնը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի՝ 13 տարի Խոր վիրապում անցկացնելուց հետո ազատվելը: Շաբաթ օրը սրբազանը եղավ Արթիկի քրեակատարողական հիմնարկում, ուր մոտ 300 բանտարկյալների կողքին գտնվում են նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ ՀՀՇ կառույցի Անիի տարածաշրջանի պատասխանատու Հարություն Ուռուտյանը: Վերջիններս գաղութի պայմաններից չեն դժգոհում, յուրահատուկ հարգանք կա նրանց անձի նկատմամբ, «գերինֆորմացված են», ամեն օր կարդում են օրվա հրապարակումները, մի խոսքով, ամեն ինչ նորմալ է, միայն թե մտահոգված են դրսում ապրողների ճակատագրով: «Մեզ ի՞նչ է եղել, մենք ինչ-որ չափով էս փոքր գաղութում ավելի պաշտպանված ենք, քան մեծ գաղութի ժողովուրդը, ես այդպես ասելով նկատի ունեմ դրսի մարդկանց, ստեղ ինչ-որ ռեժիմ կա, իսկ էնտեղ առանց ռեժիմի է, ամեն մեկն իրենն է դնում՝ ամեն վայրկյան դրսի մարդկանց գլխին, կապ չունի կարգավիճակը, եթե սափրագլուխը մեծահարուստ է՝ էդ դաշտի մեջ է պրոբլեմ ունենալու, եթե սովորական օրվա հացի հարց լուծող է՝ էդ դաշտի մեջ է պրոբլեմ ունենալու, մի խոսքով, մեր սովորական ժողովուրդը դրսում շատ ավելի անպաշտպան է: Ասեմ նաեւ, որ գաղութի տղաները շատ ավելի բարոյական են, քան իշխանությունները»,- ասաց քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը: «Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է կուսակցության լիդերը վերաբերվում ազգովի համաներում խնդրելու ձեւին, պարոն Մակեյանը պատասխանեց. «Էդ թատրոն է, դերասանություն է, դերասան Սոս Սարգսյանին են քցել մեյդան, ինքը կրիմինալ հանցագործ է, մի քանի տարի թատրոնը ղեկավարեց, սկսեց տեղեկանքներ վաճառել, անձամբ ես ու մեր ընկերները երկար տարիներ պաշտոնի ենք եղել, 6-րդ վարչությունները տարիներ շարունակ ընկել են հետեւներիցս, ձեւ չգտան, չէ՞, փակելու, դրա համար էլ մարտի 1-ը սարքեցին մարդկանց փակելու համար»: Իսկ Մակեյանը կիսո՞ւմ է իր համախոհների այն կարծիքը, թե համաներումը Եվրախորհրդի առաջիկա վեհաժողովում եվրոպացիների աչքին թոզ փչելու հերթական ձեւերից է: «Ես ոչ միայն կիսում եմ, այլ համոզվում եմ: Ստեղ իրենց բիզնեսն է, չէ՞, ստեղ փող են աշխատում, ամեն մի կալանավորը 13 եվրո է, դրա 80% էլ իրենք մխսում են, փակած ամեն օրը իրենք փող են աշխատում: էդ պատահակա՞ն է, որ Դավիթ Հարությունյանն է գնում՝ եվրոպական ժպիտով խաբում, գալիս է, 10 մեծահարուստներից մեկը չէ՞ էսօրվա նախարարը՝ տղան 100 000 դոլարանոց մեքենա է վարում, սրանց հաշվին է, եթե իրենք կարող են մեզ փակել մի օր ավելի, փակելու են, էդ իմացեք, համոզվեք»,- ասաց Պ. Մակեյանը՝ վստահ լինելով, որ համաներումը ոչ բոլորի վրա կտարածվի, իրենց տղաների մեծ մասին էլ բաց չեն թողնի: Պարոն Մակեյանը նաեւ հավելեց, որ եթե անգամ համաներումը իր վրա տարածվի, ապա ինքը բանտից դուրս չի գալու, համաներման կարիք, ըստ նրա, ունեն այսօրվա իշխանավորները. «Ես ասել եմ, ես ստեղ Սերժին ու Ռոբերտին եմ փոխելու, խցեր եմ պատրաստել իրենց համար, շնորհքով, ադաթով կհանձնեմ իրենց»:
Արթիկի քրեակատարողականում գտնվող մյուս քաղբանտարկյալը՝ Հարություն Ուռուտյանն էլ ասաց, որ իր համար համաներումը հետաքրքիր չէ. «Ի՞նչ ենք արել մենք, ինչի՞ համար են մեզ բռնել, որ հիմա էլ համաներում կատարեն, ինչի՞ համար ուրախանանք, ես տեսնում եմ, որ համաներումը դերասանություն է, ինչ-որ բան են ուզում ցույց տալ թե դրսի հանրապետություններին, թե ներսի ժողովրդին, թե տեսեք, տեսեք՝ մենք լավ գործողություններ ենք կատարում, բայց չեն անում այն, ինչն իրոք պետք է»:
Ի տարբերություն քաղբանտարկյալների, Արթիկի քրեակատարողականում համաներման պահանջ ներկայացնում էին մյուս կալանավորները: Նրանցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց. «Եթե համաներումը մի 12 հոգու վրա պիտի տարածվի, ապա ո՞ւմ է պետք դա, թող իրենց համաներումն իրենց մնա: Պիտի մարդավարի անի՝ թող անի: Ես գողություն եմ կատարել Ռուսաստանում, բայց լավ չէ՞ր լինի էնտեղ բռնվեի, գոնե 3 տարի կնստեի, ուղարկեցին հայրենիք, ստիպված եմ 5 տարի նստել»: Բանտարկյալները, մոտ 2 ժամ կլանված լսելով թեմի առաջնորդին, հանկարծ տեղից բացականչեցին՝ հարցնելով, թե ինչո՞ւ իրենց համաներում չեն շնորհում: «Մենք բոլորս էլ միջնորդում ենք, որ համաներումը լինի, եւ կլինի վստահաբար, բայց էլի ասում եմ, պետության ներումը մի փնտրեք, Աստծո ներումը փնտրեք, ամենակարեւորը Աստծո ներումն է, պետությունը կարող է ներել կամ չներել, բայց Աստված կարող է ներել»,- ասաց թեմի առաջնորդը: Արթիկի քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն էլ, անդրադառնալով համաներմանը, մեզ հարցրեց. «Իսկ դուք համաձա՞յն եք, որ շատ հեշտությամբ կիրառվի էդ համաներումը, ու դրսում ուրիշ իրավիճակներ ստեղծվի, չմոռանաք, որ պատարագի մասնակիցների մեծ մասը ծանր հանցագործությունների համար են դատապարտվել՝ մարդասպանություն, ավազակային հարձակում, ժամանակ է պետք, որ դատապարտյալը վերաիմաստավորի իր արածը, իր անցած կյանքը, եւ նաեւ աշխատակազմին է պետք ժամանակ, որ նրանց հետ համապատասխան աշխատանքներ կատարի»: