Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 15-ին ընդունել է «Հուշամատյան» իրավապաշտպան, պատմա-լուսավորչական եւ բարեգործական ընկերության վարչության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, պատգամավորներ Գոհար Ենոքյանը եւ Վիկտոր Դալլաքյանը: Հ. Աբրահամյանը նշել է, որ հունիսի 14-ին լրացավ 1949թ.-ին ստալինյան ռեժիմի կողմից բռնադատված հազարավոր հայ ընտանիքներին Ալթայի երկրամաս աքսորելու 60-ամյակը, եւ որ 1955թ.-ից ի վեր ԽՍՀՄ-ը փորձել է վերականգնել նրանց իրավունքները, իսկ 1994թ.-ին արդեն նորանկախ Հայաստանն ընդունեց օրենք, որով փորձեց որոշ արտոնություններ տրամադրել բռնադատվածներին: Հ. Աբրահամյանը հայտնել է իր հյուրերին, որ ստացել է նրանց նամակը եւ տեղյակ է բռնադատվածների համար նախատեսված արտոնությունների շուրջ ստեղծված իրավիճակից: Նա կարեւորել է այդ խնդրի շուրջ ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Գոհարիկ Ենոքյանի եւ Վարդան Բոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն ուղարկվել է կառավարություն եւ ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողով:
Ըստ ՀՀ ԱԺ hասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հանդիպման մասնակիցները հայտնել են իրենց տեսակետները բռնադատվածների իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ: Հ. Աբրահամյանն առաջարկել է շարունակել այդ խնդրի քննարկումը՝ դրանում ներգրավելով կառավարության եւ բռնադատվածների լիազոր ներկայացուցիչների: Նա նշել է, որ նման երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի ստեղծել հանրության եւ բռնադատվածների շահերին լավագույնս համապատասխանող օրինագիծ: