Երեկ մայրաքաղաքի որոշ բենզալցակայաններում բենզինը թանկացել էր 20-30 դրամով: «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը 330 դրամից դարձել էր 350 դրամ: Թե ինչով է պայմանավորված բենզինի թանկացումը, հանրապետությունում վառելիքի խոշոր ներկրող՝ «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք «այսօրվանից են պատրաստվում բենզինը 30 դրամով թանկացնել, քանի որ միջազգային շուկայում մեկ տոննա բենզինի գինը հասել է 700 դոլարի»:
Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին սպասվում է բենզինի գնի բարձրացում՝ մինչեւ 1 լիտրը 450 դրամ: Բենզինի հետագա թանկացումների մասին մտավախություն ունի նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը երեկ բենզինի շուկայում վարույթ է հարուցել: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը: Երեկ հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ շուկայում մոնիտորինգ անցկացրած մասնագետները հայտնել են, որ բենզինի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունն իր կողմից իրացվող բենզինի 1 լիտրի գինը բարձրացրել է 20 դրամով: Նկատենք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն 3-րդ անգամ է այս ընկերությունը յուրաքանչյուր անգամ 20 դրամով թանկացրել բենզինը, որի արդյունքում «պրեմիում» տեսակի բենզինի գինը հասել է 370 դրամի: