Խոշոր գործարարները չեն հավատում, որ հարկային տեսուչները կգործեն ազնիվ ու անկաշառ
Կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային փաթեթի քննարկման ժամանակ խորհրդարանի գրեթե բոլոր, հատկապես գործարար-պատգամավորները, մեղմ ասած, իրար խառնվեցին: Խորհրդարանականներին առավելապես հետաքրքրում էր օրենսդրական այն կետը, որով նախատեսվում է 4 մլրդ դրամը գերազանցող ձեռնարկություններ հարկային տեսուչ գործուղել, այլ կերպ ասած՝ գործարարների գլխին մարդ նշանակել՝ այն էլ ոչ թե պարզապես «համեստ» ստուգումներ կատարելու համար, այլ այդ տեսուչին իրավունք է տրվում, ստվերի դեմ պայքարի պատրվակով, սրտի ուզած ժամանակ խուզարկել ձեռնարկության բոլոր անկյունները, հետեւել ելումուտին ու, ցանկության դեպքում, տնտղել բոլոր փաստաթղթերը: Առաջին հայացքից գուցե ստվերի դեմ պայքարը լավ մտադրություն է, սակայն գործարար-պատգամավորները դա համարում են տեռոր:
Թե ինչու են գործարարները դժգոհ հարկային փաթեթի հենց այդ կետից, «Առավոտը» փորձեց պարզել ԱԺ որոշ պատգամավորներից եւ գործարարներից:
Մեզ հետ զրույցում «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը նշեց, որ եթե նման կերպ պայքարում են ստվերի դեմ, հարկային վերահսկողությունն են խստացնում կամ բյուջեի ավելացում են ակնկալում, ապա՝ լավ է, բայց նրա խոսքերով՝ «Ո րցՊՖՌ ՍՑՏ?»: Ըստ Հ. Վարդանյանի, շատ կարեւոր է՝ ի՞նչ հնարավորություններ եւ իրավունքներ են տրվելու հսկիչներին եւ ովքե՞ր են նրանք լինելու. «Այս երկու հանգամանքը շատ կարեւոր է: Այնպես չլինի, որ աչքը բուժելու տեղը ունքն էլ հանեն: Դա պետք է լինի օբյեկտիվ մի կազմակերպություն, որը հանրապետության բոլոր խոշոր գործարարներին օբյեկտիվ ու հավասար վերահսկելու վերաբերմունք ունենա, պետք է հսկելու գործընթացը լինի այնպես, որ չխանգարի աշխատանքին: Մյուս կարեւոր պայմանն այն է, որ հավասար պայմաններ ստեղծվեն տեղական արտադրողների եւ ներմուծողների համար, այլ ոչ թե հակառակը: Այնպիսի ձեւ մշակվի, որ չլինի, թե ներմուծողների վրա չազդի, քանի որ մաքսային եւ հարկային համակարգում աշխատողները, որոնք նաեւ գործարար են ու ներմուծմամբ են զբաղվում, այնպես չանեն, որ տեղական արտադրողին խանգարեն, տեղից էլ տեղականը շատ ծանր վիճակում է»:
Եթե գործարարները մաքուր են աշխատում եւ թաքցնելու բան չունեն, ապա ինչո՞ւ են դեմ հարկային հսկիչներին: Ի պատասխան մեր այս հարցին, պարոն Վարդանյանն ասաց. «Այստեղ միայն հսկիչի ստուգման հարցը չէ, հսկիչը կարող է իր աշխատանքով ամբողջ գործարանի աշխատանքին խանգարի, այստեղ ավելի շատ խանգարելու հարցն է, քան՝ ստուգելու: Պատկերացրեք այսպիսի բան. տվեք ինձ այդ օրենքը ու նշանակեք ինձ պետեկամուտների կոմիտեի նախագահի՝ Գագիկ Խաչատրյանի տեղը, ես ձեզ վստահ ասում եմ՝ 6 ամիս հետո ամբողջ Հայաստանը, բնակչության 100%-ը միայն իմ արտադրանքը կուտի, կծխի իմ արտադրած ծխախոտը: Այդ օրենքը հնարավորություն է տալիս մեկին խանգարել, մյուսին օգնել կամ մյուսի նկատմամբ լինեն լոյալ: Դա, իմ կարծիքով, անզոր մարդու իրավիճակն է, որը փրփուրներից է կախվել: Այդ համակարգի աշխատողները, որ չեն կարողանում բյուջեն լցնեն այն թվերով, որը պահանջում են իրենցից, կոպիտ ասած՝ մտել են այդ թվերի տակ ու իրենց բիզնեսներն էլ չեն ուզում դնեն ավելի ազնիվ ռելսերի վրա, հիմա իրենք արդեն այդ փրփուրներից են կախվում եւ ժամանակի վրա են խաղում»: Մեր այն դիտարկմանը, թե ֆինանսների փոխնախախարը վստահեցրել է, որ հսկիչները լինելու են «ազնվագույն մարդիկ, եւ ամենեւին էլ չեն խոչընդոտի գործարարների աշխատանքներին», պարոն Վարդանյանն ասաց. «Թող հրապարակեն այդ ազնվագույն հսկիչների ցանկը, տեսնենք՝ ովքեր են: Կարճ ասեմ՝ եթե հարկային եւ մաքսային կառույցում իրոք կան այնպիսի ազնվագույն մարդիկ, ինչպես փոխնախարարն է ասել, ապա այդ դեպքում հսկիչի կարիք չկա»:
ԱԺ պատգամավոր, «Երեւան գարեջուր» ընկերության համասեփականատեր Հակոբ Հակոբյանն էլ գտնում է, որ հարկային հսկիչն իսկապես կխանգարի ձեռնարկության աշխատանքներին: Մեր այն հարցին, եթե տվյալ գործարարի բիզնեսը առանց ստվերի է, ապա ինչո՞ւ են ցավոտ արձագանքում, պարոն Հակոբյանն ասաց. «Դա հոգեբանորեն է ազդելու: Մինչ այդ էլ տեսուչը ցանկացած ժամանակ, համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում ստուգումներ է իրականացրել, թող ակտ կազմի գնա, նորից գա՝ ստուգի: Վերջին հաշվով, կարող են գնալ խանութները, ստուգեն, թե ինչ գնով ենք ապրանքը բաց թողել եւ այլն: Առհասարակ՝ տեսուչի կարիք չկա: Այսօրվա օրենքով էլ նախատեսված է, որ տարեկան 3 միլիարդ շրջանառություն ունեցող ձեռնարկությունում մոտ 115 օր կարող են ստուգումներ անցկացնել: Մի՞թե այդքանը բավական չէ, ստուգեն ու ստվերը հայտնաբերեն: Այդ փոփոխությունը չպետք է ազդի տեղական արտադրողների վրա եւ անհավասար պայմաններ ստեղծվի տեղական արտադրողի եւ ներմուծողի միջեւ: Արտոնություններ տան ներմուծողներին, այլ ոչ թե տեղական արտադրողներին»: Հարկային տեսուչների անաչառության վերաբերյալ էլ պարոն Հակոբյանն ասաց. «Մենք հոսքագծերի վրա հաշվիչ ենք տեղադրել: Հիմա հարց եմ տալիս, հաշվի՞չն է անաչառ, թե՞ տեսուչը: Ցավոք, մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ կարելի է գնել, ամեն ինչ կախված է գումարի շատ ու քիչ լինելուց: Իսկ ստվեր ամբողջ աշխարհում կա, մի երկրում՝ շատ, մյուսում՝ քիչ, պարզապես դրա դեմ պետք է ճիշտ պայքարել: Հարկային այդ փոփոխությունով, փաստորեն, խաղի կանոնները փոխվում են, իսկ դա բարոյական չէ: Ստվերի դեմ պայքարի միտքը լավն է, բայց ես դեմ եմ քվեարկելու»: