Գառնիկ Մարգարյանը վերապահումներ ունի առաջին նախագահի առաջարկած համագործակցության կետերի վերաբերյալ
«Վերջապես մեր երկրում կայացել է ընդդիմադիր առողջ ուժ, եւ դա ՀԱԿ-ն է: Սա ինձ եւ մեր կառույցին գոհացնող փաստ է՝ անկախ նրանից, թե ՀԱԿ-ն ինչ քայլեր է անում, ուր է գնում, ինչպես է գնում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը հարցին՝ ի՞նչ տպավորություններ է ստացել վերջին հանրահավաքում առաջին նախագահի ելույթից, ի՞նչ համաձայնություններ եւ անհամաձայնություններ ունեն նրա հնչեցրած համագործակցության 12 առաջարկների վերաբերյալ: «Ժառանգություն»-ՀԱԿ-ՀՅԴ հնարավոր դաշինքը մեր զրուցակիցը կողջունի: Բայց նա առանձնահատուկ վերաբերմունք ունի «Ժառանգության» նկատմամբ. «Դա միակ ուժն է, որի ներկայացուցիչները նախագահական ընտրություններում, դրանից հետո, մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, դատավարություններում պայքար էին տանում եւ շատ անգամ ավելի լուրջ, քան մեր շարքերի առանձին ներկայացուցիչներ: Նրանք առողջ ուժ են եւ միանշանակ կողմ են այդ համագործակցությանը»: Գառնիկ Մարգարյանը շատ էական է համարում այն, որ քաղաքական դաշտն արդեն մաքրվել է: Դրա լրացուցիչ հավաստումն է համարում նաեւ առաջին նախագահի հնչեցրած համագործակցության առաջարկները: Մինչդեռ դա բնավ էլ չի նշանակում, որ իր ղեկավարած քաղաքական կառույցն այդ կետերն ընդունում է «հալած յուղի տեղ»: Թե «Հայրենիք ու պատիվը», թե Մտավորականների ֆորումի ավագանին եւ համակարգող խորհուրդը լուրջ վերապահումներ ունեն արցախյան հարցի կարգավորման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների առումով, որոնք արտահայտված էին նաեւ այդ առաջարկներում: «Այդ հարցում զիջողական քաղաքականություն չպետք է թույլ տալ՝ ոչ այս ռեժիմին, ոչ էլ այս իշխանությանը: Պետք է մոբիլիզացնել ազգը, պոտենցիալը եւ թույլ չտալ, որ որեւիցե մեկը համարձակվի մադրիդյան կամ մեկ այլ փաստաթուղթ ստորագրել Արցախի հարցում: Սա պարտվողական քաղաքականություն է: Կարծում եմ, որ Կոնգրեսն ու առաջին նախագահը պետք է այս հարցում փոխեն դիրքորոշումը՝ պահանջելով, որ այս ռեժիմը Արցախի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չստորագրի ու չգնա զիջումների»,- ասում է մեր զրուցակիցը: Նա նաեւ համոզված է, որ գործող ռեժիմը չի գնա փաստաթղթի ստորագրման, քանի որ հասկանում են, որ՝ «դա իրենց մահն է»: Բայց՝ «Կարող են պարտադրել: Եվ դա արդեն երեւում է. արդեն տնտեսական ոլորտի տարբեր միջազգային ծրագրեր են կանգնեցնում, զգացվում է նաեւ քաղաքական ճնշումների հոտը: Միգուցե Մոսկվայում կայանալիք Օբամա-Մեդվեդեւ հանդիպման ժամանակ Հայաստանի իշխանությանը պարտադրվի ինչ-որ բան ստորագրել: Բայց ո՞վ է ասում, որ Սերժ Սարգսյանի ստորագրած փաստաթուղթը պարտադիր է հայ ժողովրդի ու Հայաստանի համար»: Ի դեպ, այս հարցում երեկ «Առավոտի» հետ մասնավոր զրույցում իր վերապահումները եւս մեկ անգամ բարձրաձայնեց ՀԱԿ մեկ այլ անդամ՝ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, որոնց մասին, սակայն, առայժմ չցանկացավ բարձրաձայն խոսել:
Կոնգրեսի նոր եւ լուրջ որակներն ընդգծելով հանդերձ՝ Գառնիկ Մարգարյանը գտնում է, որ այն պետք է էլ ավելի ուժեղանա, հատկապես տարածքային կառույցներով, եւ «ղեկավար մարմիններում թարմ արյուն է պետք»: Թե ի՞նչ նկատի ունի մեր զրուցակիցը՝ «Կառուցվածքային, կադրային հարցերը նկատի ունեմ: Կոնգրեսը պետք է ղեկավարի եւ քաղաքական որոշումներ կայացնի քաղաքական մարմինը: Իսկ քաղաքական մարմինը որակապես պետք է թարմացվի: Իմ կարծիքով, այնտեղ պետք է ներկայացված լինեն կուսակցությունների առաջին-երկրորդ դեմքերը եւ թարմ ուժերով ու տրամադրությամբ իրավիճակը գնահատելով՝ որոշումներ կայացնեն: Իսկ Կոնգրեսում հակառակն է՝ շտաբն է ղեկավարում»: Այս առիթով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «Առավոտին» փոխանցեց, որ ՀԱԿ քաղխորհուրդը խորհրդակցական մարմին է եւ ամեն շաբաթ նիստեր է գումարում: Ի դեպ, դրանց «Հայրենիք ու պատիվը» պարտաճանաչ մասնակցում է: Իսկ շտաբում, որը կառույցի որոշումներ կայացնող մարմինն է, ՀԱԿ անդամ ոչ բոլոր կուսակցություններն են ներկայացված:
Մնացյալ հարցերը, Գ. Մարգարյանի գնահատմամբ, առաջին նախագահը բավականին ճկուն է տանում. «Նա ոչ թե փնտրտուքի մեջ է, այլ բավականին ճիշտ է որոշել՝ ժամը, օրը՝ ե՞րբ գնալ ավելի վճռական քայլերի եւ տանել իշխանափոխության: Ավելի մեկնաբանություններ անել չեմ ցանկանում, որովհետեւ բավականին նուրբ հարց է»: «Առավոտի» դիտարկմանը՝ մեծ հաշվով, համամի՞տ եք, որ պայքարը հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր, նա պատասխանեց. «Եթե կա աշխարհի խոշորների հանդիպում, որի օրակարգում նաեւ արցախյան հարցն է, երբ սոցիալական ճգնաժամի պատճառով հասարակությունում խորանում է բեւեռացումը, որն իշխանությունը ի վիճակի չէ լուծելու, իսկ ներսում իշխանությունն արդեն բախվում է՝ դա ցույց տվեց եւ ավագանու ընտրությունները, գնալ ավելի վճռական քայլերի՝ անիմաստ է. իշխանությունն ինքն է փլվում»: