Ըստ գյուղացիների՝ մարզպետի եւ պատգամավորի միջեւ «սեւ կատու է անցել»
Այս տարվա մայիսի 29-ից Արագածոտնի մարզպետ նշանակված ՀՀԿ անդամ Սարգիս Սահակյանը «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե օրերս իբր վիճաբանություն եւ քաշքշուկ է տեղի ունեցել իր եւ նույն մարզից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանի միջեւ:
Մեր տեղեկություններով, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, երբ պետական պաշտոնյաները հավաքվել էին պանթեոնում, այնտեղ Խ. Մանուկյանը Ս. Սահակյանին մի քանի անգամ դիմել է «արա»-ով, ինչը դուր չի եկել մարզպետին: Պանթեոնից ՀՀԿ գրասենյակ վերադառնալուց հետո «ռազբորկան» շարունակվել է, որին ներկա են եղել մեծ թվով հանրապետականներ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչը «Առավոտի» եւ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մարզպետը հաստատեց (ձայնագրությունը խմբագրությունում է): Հովիկ Աբրահամյանի միջամտության արդյունքում գրասենյակում կրքերը հանդարտվել են:
Մեր տեղեկություններով, նույն օրը երեկոյան միջադեպը շարունակություն է ունեցել, եւ այն պարզաբանելու համար երկու կողմերը հանդիպել են այս անգամ՝ Աշտարակի ձորում: Խոսակցությունը շարունակվել է մինչեւ ուշ երեկո: Հաջորդ օրը կողմերը իրենց հաշիվները մաքրելու նպատակով հանդիպել են Երեւան-Գյումրի ճանապարհահատվածի Թալինի տարածաշրջանում գտնվող «Նարեկ» ռեստորանային համալիրում, որը պատկանում է մարզպետ Ս. Սահակյանին, սակայն գրանցված է եղբոր՝ Նաիրի Սահակյանի անունով: Մեզ հետ զրույցում ականատես գյուղացիները պատմում էին, որ այդքան մեծ թվով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ իրենք տեսել էին մեկ էլ նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ շաբաթ օրը, ժամը 21.30-ից գիշերվա 1-ը, ճանապարհի նշված հատվածը դարձել էր անանցանելի. ռազբորկայի մասնակիցները մեքենաները կայանել էին ոչ միայն ռեստորանի տարածքում, այլեւ ուր հարմար էին գտել՝ փակելով մայրուղին: Այս ամենին ականատես են եղել նաեւ Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանը, նրա՝ օպերգծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, ԱԱԾ-ի Թալինի պետ Միհրան Դանիելյանը։ Եթե մեզ հետ զրույցում մարզպետը հաստատեց, որ պատգամավորն իրեն ոչ պատշաճ ձեւով է դիմել, եւ դա իրեն դուր չի եկել, ապա Խաչիկ Մանուկյանը պատասխանեց, թե՝ «ես տեղյակ չեմ, չգիտեմ, մարզպետը կարող ա երազ ա տեսել», եւ որ ինքը չի հիշում, որ ոչ պատշաճ արտահայտություն է թույլ տվել մարզպետի նկատմամբ։