Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ ԿԱ

Հունիս 16,2009 00:00

\"\"Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Սուրեն Սուրենյանցը

– Հունիսի 12-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած համապետական հանրահավաքում Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որտեղ խոսվում էր Կոնգրեսի՝ քաղաքական պայքարի սահմանադրական ուղին շարունակելու եւ դրան հավատարիմ մնալու մասին, հենց Կոնգրեսի ներսում միանշանակ չի ընկալվել, ու կան այդ մարտավարությունից դժգոհ անհատներ կամ խմբեր, որոնց ակնարկելով՝ նաեւ ՀՀ առաջին նախագահն էր դիմել իր ելույթում:

– Դժգոհներ կլինեն, բայց չեմ կարծում, որ այդ մարդիկ Կոնգրեսի ղեկավարությունից դժգոհ են մեծ իմաստով: Մարդիկ ուզում են արագ փոփոխություններ, ուզում են հնարավորինս շուտ ազատ ու անկախ Հայաստան ունենալ: Դա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բնական եւ արդարացված ցանկությունն է: Իսկ երբ այդ պրոցեսը երկարաձգվում է մարդկանց մոտ, բնականաբար, առաջանում են տարակույսներ: Ես հասկանում եմ ՀՀ առաջին նախագահի մարտավարությունը, բայց կարծում եմ, որ այն մեր շարժման շարքային մասնակիցներին, թերեւս, ճիշտ չմատուցվեց: Շարքային քաղաքացուն չեն հետաքրքրում մարտավարական հնարքները, նրանց հետաքրքրում է այն, որ երկրում օր առաջ տեղի ունենան փոփոխություններ: Այս իմաստով հարթակի եւ ժողովրդի միջեւ կարող են որոշակի տարակարծություններ առաջանալ, բայց նաեւ կարծում եմ, որ սրանից իշխանությունները չպետք է ուրախանան, որովհետեւ ընդդիմադիր զանգվածի թիվը դրանից չի նվազել եւ չի նվազի:

– Կոնգրեսը հայտարարում է, թե մեկուկես տարվա պայքարի արդյունքում ՀԱԿ-ը հզորացել ու ամրապնդվել է: Բայց արդյոք հասարակությանը մեծ իմաստով հետաքրքի՞ր է՝ շարժումը ամրապնդվե՞լ է, թե՞ ոչ, եթե դրա արդյունքում այդ շարժմանը երկրում որեւէ բան փոխել չի հաջողվում:

– Նախ, բացարձակապես համաձայն չեմ, թե շարժումն ամրապնդվել է, եւ չեմ կիսում այդ տեսակետը, որովհետեւ եթե դու որդեգրել ես սահմանադրական պայքարի ճանապարհը՝ որպես այդպիսի միջոց համարելով նաեւ ընտրությունները, ապա ընտրություններն են ցույց տալիս՝ ընդդիմությունն ուժեղացե՞լ է, թե՞ ոչ: Իսկ այսօր քաղաքային իշխանությունը ձեւավորել են բացարձակապես այլ մարդիկ՝ իշխանության ներկայացուցիչները, եւ այդ համատեքստում չեմ կարծում, թե շարժումն ուժեղացել է: Այլ խնդիր է, որ շարժումը առաջին անգամ ներկայացվել է շատ բարձր ներկայացուցչական մարմնում, որը ես պարտություն չեմ համարում:

– Հիմա ոմանք հեգնում են, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ Ստեփան Դեմիրճյանի նման, որ 2003-2004թթ.-երին բացառապես սահմանադրական ճանապարհով պայքարի կողմնակից էր, գնաց «թեյ խմելու»: Համամի՞տ ես այդօրինակ զուգահեռներին:

– Ես համամիտ եմ այն տեսակետին, որ թե՛ Ստեփան Դեմիրճյանը, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանն անկեղծորեն ցանկանում են, որ երկրում տեղի ունենան փոփոխություններ: Ես ցավում եմ, որ անցած տասնամյակում գտնվել են մարդիկ, ովքեր նախկին ընդդիմությանը ինչ-ինչ որակումներ են տվել, երբեմն՝ անհարկի, երբեմն՝ չափազանցված, ու, կարծում եմ, կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել: Ես խորհուրդ կտայի նման համեմատություններ չանել: Փոխարենը՝ բոլորս պետք է կենտրոնանանք ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծելու վրա: Ի վերջո, ընտրությունների ժամանակ՝ այո՛, եղել են կեղծիքներ, ահաբեկումներ, բայցեւ ակնհայտ է, որ ընդդիմությունը ունեցել է լուրջ թերացումներ, որոնց համար իշխանություններին մեղադրելը պարզապես անմիտ է:

– Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում պատասխանատուներն ասում են, որ իրենք ընտրությունների ժամանակ չեն թերացել, այլ պարզապես չեն պատկերացրել, որ իշխանությունները, ողջ պետական մեքենան կարող են դիմել այդաստիճան կեղծիքների, ահաբեկումների, ապօրինությունների: Դու կարո՞ղ ես մեկ-երկու թերացում մատնանշել:

– Ես համոզված եմ, որ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում մարդկանց հետ քիչ են շփվում: Իսկ թերացումներից մեկը, օրինակ, այն է, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի փուլում Կոնգրեսը ճիշտ մեսիջներ չհասցեագրեց մեր հասարակությանը: Այսինքն՝ մենք առաջադրեցինք խնդիր, որը չկարողացանք լուծել, եւ միեւնույն ժամանակ չբարձրացրեցինք խնդիրներ, որոնք հուզում էին հասարակությանը: Սա միանշանակ բերեց նրան, որ հասարակության այն հատվածը, որը ընդդիմադիր տրամադրություններ ուներ, պարզապես չմասնակցեց ընտրություններին: Սա ընդդիմության գլխավոր թերություններից մեկն էր, եւ պետք չէ ամեն անգամ ակնհայտ ձախողումից հետո այլ դաշտում մեղավորներ փնտրել:

– Նաեւ այս վերջին ընտրությունների փորձը նկատի ունենալով՝ կարծում ես, որ հնարավո՞ր է սահմանադրական ճանապարհով երկրում լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնել:

– Վստահ եմ, որ փոփոխությունները պետք է տեղի ունենան միայն սահմանադրական ճանապարհով եւ հավատում եմ միայն քաղաքական գործիքների արդյունավետ օգտագործման հեռանկարին: Ես այսօր ապշած եմ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վրա: Իշխանությունները խրախճանքի մեջ են, եւ տպավորությունն այնպիսին է, թե հաղթել են արտաքին թշնամու, իսկ ընդդիմությունը տպավորություն է ստեղծում, թե պարտվել է արտաքին թշնամու: Երկուսն էլ ինձ համար բացառելի են: Կարծում եմ՝ երկուսն էլ համապատասխան հետեւություններ պետք է անեն:

– Կարծում ես, որ ընդդիմության որդեգրած մարտավարությունը հեռանկար ունի՞, կամ արդյոք բիրտ ուժի դեմ օրինական դաշտում ծավալվող պայքարը փակուղի չի՞ տանում:

– Կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծի եւ պատրաստվի ավելի երկարաժամկետ քաղաքական պայքարի:

– Այսինքն՝ հիմա այդպիսի պայքարի ընդդիմությունը պատրա՞ստ չի եւ ի՞նչ ասել է՝ ինստիտուցիոնալ կառույցներ:

– Այսինքն՝ Կոնգրեսը, որպես ինստիտուցիոնալ կառույց, պիտի կայանա: Ընտրությունները ցույց տվեցին, որ մեր կողմից ընտրական տեղամասերում վերահսկողության պատշաճ մակարդակ չի եղել:

– Վերջին հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահը կուսակցություններին համագործակցության 12 կետից բաղկացած առաջարկ արեց: Քանի՞ կուսակցություն կարձագանքի այդ առաջարկին:

– Ես առաջարկված պլատֆորմը շատ նորմալ եմ գնահատում եւ կարծում եմ՝ դա յուրաքանչյուր քաղաքացու համար ընդունելի է, որ հասարակության զգալի մասը այդ առաջարկների ցանկացած կետի տակ պատրաստ է ստորագրել: Բայց մենք պետք է հասկանանք, թե ում է ուղղված այդ մեսիջը: ՀՅԴ-ն դրան երբեք չի միանա, որովհետեւ վստահ եմ, որ այդ կուսակցությունը երբեք չի բարձրաձայնի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Նույնը վերաբերում է նաեւ «Ժառանգություն» կուսակցությանը, որի մարտավարությունը հուշում է, որ նա պատրաստվում է հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Ես վստահ եմ, որ ՀԱԿ-ը այդ կետերի իրականացման պատասխանատվությունն ինքը պետք է ստանձնի:

– Տպավորություն կա, թե Կոնգրեսն ու նրա առաջնորդներն իրենք են հայտնվել փակուղում, եւ այդ առաջարկները նաեւ նրա համար են, որ դրանց իրագործման պատասխանատվությունը ոչ թե միայնակ կրեն, այլ կիսեն քաղաքական այլ ուժերի հետ:

– Իրականում փակուղում հայտնվել է այն նավակը, որի անունը Հայաստան է, որի իշխանությունը իրականությունից կտրված է ու խրախճանքի մեջ է, որի ընդդիմությունը դնում է խնդիրներ, որոնք այս պահին անիրատեսական են: Ես խորին համոզում ունեմ, որ Հայաստանում քաղաքական բոլոր սուբյեկտները իրականության զգացողությունը կորցրել են: Այդ իմաստով, իհարկե, Հայաստանը անհուսալի վիճակում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել