Հունիսի 10-ին Նոյեմբերյան քաղաքի «Լեւոն երկրորդ» ռեստորան-հյուրանոցում կայացել է ճաշկերույթ, որը նախաձեռնել են Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Խնջույքը կազմակերպվել է ի պատիվ Նոյեմբերյանում վերջերս պաշտոնավարման անցածների՝ ազգային անվտանգության Նոյեմբերյանի բաժանմունքի եւ հարկայինի տարածքային բաժնի պետերի, նոր ոստիկանապետի, Նոյեմբերյանում շուրջ մեկ տարի պաշտոնավարող, սակայն դեռեւս նոր համարվող դատավորի: Հատկանշական է, որ նրանք բոլորն էլ տեղացի չեն:
Վերջերս պաշտոնն ստանձնած «ՀայՌուսգազարդի» Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավարը, ով ծագումով Նոյեմբերյան քաղաքից է, քեֆին ներկա չի եղել: Համայնքապետերը այս քայլով, փաստորեն, ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել պետական հզոր կառույցների տեղական չինովնիկների հետ: «Հզորներին» դուր գալու ձգտումը երեւացել է նրանից, որ քեֆի թամադա են ընտրել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, ով մի քանի կենաց առաջարկելուց հետո՝ հեռացել է: Քեֆը՝ քեֆ, սակայն Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերի մեծամասնությունը իր աշխատանքային պարտականությունները լավ չի կատարում: Այս տարվա առաջին 4 ամիսների հաշվարկով տարածաշրջանի համայնքներում, ընդհանուր առմամբ, սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 43.7 տոկոսով: