Աշխատանքային այցով Սյունիքում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը եւ մարզի ղեկավարության հետ քննարկում է գյուղատնտեսության գլոբալ խնդիրները:
Լինելով սյունեցի, նախարարը նշել է, որ ծանոթ է մարզի հիմնախնդիրներին եւ կարեւորում է հատկապես մեքենատրակտորային կայանների ստեղծումը: Գերասիմ Ալավերդյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է նման կայաններ ստեղծել մի քանի, այդ թվում՝ Սյունիքի մարզում: Իսկ հակակարկտային կայաններ արդեն կան Արարատում, Շիրակում, Արմավիրում: Առաջիկայում կստեղծվի նաեւ Սյունիքում:
Սյունիքում՝ հատկապես Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում, կան ոչխարաբուծությունը զարգացնելու բարենպաստ պայմաններ: Ըստ գյուղնախարարի, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, հնարավոր է համագործակցություն Իրանի հետ, ու լուծված կլինի նաեւ արտադրանքի իրացման հարցը: Իսկ արտադրված գյուղմթերքի իրացման հարցում լուծում կլիներ պահածոների գործարանի կառուցումը, սյունեցի նախարարին առաջարկել են սյունեցիները:
Գյուղնախարարի մասնակցությամբ քննարկման ժամանակ պարզվել է, որ գյուղացիական տնտեսությունները տեղյակ չեն կառավարության ծրագրերից եւ արդյունքում՝ կառավարության տրամադրած 100 միլիոն դրամ վարկային միջոցները չեն օգտագործվել՝ գյուղացիները պարզապես իրազեկված չեն եղել: ՀՀ կառավարությունը որոշել է երկարացնել ծրագրի ժամկետը, վարկն էլ տրամադրել առանց տոկոսի: