Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 13,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ տասնմեկերորդ

 ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ՎԵՊ

 Կանայք ամուսնանալուց հետո ոչ միայն որեւէ նոր բան չեն հասկանում, այլեւ նախկինում հասկացածներից էլ են ահագին բան մոռանում, ու էս դեպքում արդեն կնոջ ազգային պատկանելությունը որեւէ նշանակություն չի կարող ունենալ, որովհետեւ ամուսնանալուց հետո ոչ թե կնոջ խելքն ու մտածողությունն են ավելանում կամ փոխվում, այլ՝ իրավիճակները, ու էս ասածս առաջին հերթին հենց Մելիսային է վերաբերում, որովհետեւ դժվար է պատկերացնել ավելի փոխված իրավիճակ ու ավելի նոր կյանք, քան՝ Հայաստան տեղափոխված ամերիկացու իրավիճակն ու կյանքը, բայց երկու հազար յոթի սեպտեմբերի քսանմեկի էդ իրիկուն Մելիսան ավելի շատ ռուսի էր նման. էդ իրիկուն ինքը ռուս դեկաբրիստների կանանցից մեկն էր եւ միանգամայն գոհ էր երջանկության ու բախտի իր չափաբաժնից եւ Աստծուց ու ճակատագրից գոհացած՝ ավելին չէր էլ ակնկալում, մինչդեռ Ալիկն ակնկալում էր, ընդ որում՝ ոչ թե Աստծուց էր ակնկալում, այլ՝ մեզանից, եւ չնայած իր ազատազրկման ընթացքում լուրջ աջակցություն չէր ակնկալել մեզանից, երկու հազար յոթի սեպտեմբերի քսանմեկի էդ իրիկուն ոչ միայն ակնկալում, այլեւ պահանջում էր, ընդ որում՝ առաջին հերթին Իշխանյան Վահանից էր պահանջում, ավելի ճիշտ՝ Վազգեն Մանուկյանից էր պահանջում, բայց քանի որ Վազգենը բացակա էր, Ալիկը Վահանից պահանջում էր, որ Վազգենը միանա Լեւոնին, եւ Վահանն Ալիկին հարցրեց՝ «ի՞նձ խի ես ասում», եւ Ալիկը հարցրեց՝ «բա ո՞ւմ ասեմ», եւ Վահանը պատասխանեց ու ասաց՝ «Վազգենին», եւ ես Ալիկին ասացի՝ «էդ բաները պիտի Վազգենին ասես», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ վախտը գա՝ կասեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ հարցրեց՝ «ե՞րբ պիտի մեր մտավորականները լիարժեք քաղաքացի դառնան», եւ ես ասացի՝ «էդ հարցը պիտի մտավորականներին տաս», եւ Ալիկը հարցրեց՝ «բա դու ի՞նչ ես», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «քաղաքացի», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «քաղաքացի Շեկոյան, չեք ուզո՞ւմ լիարժեք քաղաքացի դառնալ», եւ ես ժպտալով ասացի՝ «երազում եմ», եւ Ալիկն ասաց՝ «որ Լեւոնի վստահված անձը դառնաս՝ կդառնաս լիարժեք քաղաքացի», եւ ես հարցրի՝ «վստահված անձը ո՞րն ա», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «վստահված անձն էն ա՝ ում վստահում են», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա վստահում», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «տվյալ դեպքում՝ Լեւոնը», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ ա վստահում», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «տվյալ դեպքում՝ քեզ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ վստահում ա», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգացել եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես չեմ զգացել», եւ Ալիկը հարցրեց՝ «ի՞նչ չես զգացել», եւ ես ասացի՝ «չեմ զգացել, որ ինձ վստահում ա», եւ Ալիկը հարցրեց՝ «ե՞րբ չես զգացել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «իրա նախագահության տարիներին», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա պարզ», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «քեզ որ պաշտոն չի տվել, դրա համար ես ասում՝ չի վստահել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես ոչ մեկից պաշտոն չեմ ուզել», եւ Ալիկն ասաց՝ «Լեւոնը մյուս նախագահներից նրանով ա տարբերվում, որ ոչ թե ուզողներին ա պաշտոն տալիս, այլ՝ արժանավորներին», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ոչ ուզել եմ, ոչ էլ առաջարկել են», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «որ առաջարկեին, կարող ա՞ հրաժարվեիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չգիտեմ», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «բա ի՞նչ գիտես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «գիտեմ, որ հիմա հաստատ կհրաժարվեմ», եւ Ալիկը հարցրեց՝ «ինչի՞ց կհրաժարվես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «պաշտոնից», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու հռհռալով ասաց՝ «քեզ ո՞վ պաշտոն կառաջարկի, ա՛յ բիձա», եւ ես ժպտալով ասացի՝ «հես ա՝ առաջարկում ես», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եմ առաջարկում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «պաշտոն», եւ Ալիկն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պաշտոն եմ առաջարկել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «վստահված անձ» եւ ծիծաղելով ավելացրի՝ «դրանից էլ բարձր պաշտո՞ն», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «լավ ա՝ գոնե էդքանը հասկանում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ պակաս գործ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «որ լավ գործ ըլներ՝ դժվար թե ինձ առաջարկեիր», եւ Ալիկը հարցրեց՝ «լավ գործը ո՞րն ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ձեր էդ լվացքի գործը», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ լվացքի գործ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ փող լվալու գործը», եւ Մելիսան ծիծաղելով ասաց՝ «էդ լվացքի գործերը նույնիսկ ինձ չի վստահում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որովհետեւ իրա վստահված անձը չես», եւ Մելիսան ժպտալով ասաց՝ «չեմ էլ կարա դառնամ» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ Ալիկը երբեք իր թեկնածությունը չի դնի», եւ ես ժպտալով ասացի՝ «արդեն հանգիստ կարա դնի. արդեն նստած-հելած տղա ա», եւ Մելիսան ասաց՝ «միեւնույն է՝ չի դնի», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ դուխը հերիք չի անի», եւ Ալիկն ասաց՝ «իմ դուխն ամեն ինչին էլ հերիք կանի», եւ ես հարցրի՝ «դուխդ հերիք կանի՞ Լեւոնին բիձա ասես», եւ Ալիկը հարցրեց՝ «ո՞ր Լեւոնին», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Ջավախյան», եւ Ալիկը հարցրեց՝ «Ջավախյան Լեւոնն ո՞վ ա», եւ ես Ջավախյանին ցույց տալով ասացի՝ «էս կողքիս նստածն ա», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղդ էլ բիձա եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «նեղացա՞ր, բիձա ջան», եւ ես ժպտալով ասացի՝ «նեղանում եմ, որ մենակ իմ դեմ ա դուխդ հերիքում», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ախպորդ դուխը պիտի կալանավայրում տենայիր», եւ ես ժպտալով հարցրի՝ «կարող ա՞ կալանավայրի կյանքից հուշեր գրես», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես գրող չեմ, որ հուշեր գրեմ», եւ ես ասացի՝ «դու կթելադրես՝ մենք կգրենք» եւ ժպտալով ավելացրի՝ «մի քիչ փող կտաս՝ կգրենք», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ փող», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «էդ լվացած փողերից», եւ Մելիսան ինձ ասաց՝ «դուք կատակ եք անում, բայց ոմանք լուրջ հավատում են», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա հավատում», եւ Մելիսան ասաց՝ «որոշ թերթեր ու որոշ լրագրողներ», եւ ես ասացի՝ «ում որ ձեռնտու ա՝ հավատում ա, ում էլ ձեռնտու չի՝ չի հավատում», եւ Ալիկն ինձ ասաց՝ «հերիք ա ցրես», եւ ես հարցրի՝ «ի՞նչն եմ ցրում», եւ Ալիկն ինձ հարցրեց՝ «հիմի վստահված անձ դառնո՞ւմ ես, թե՝ չէ», եւ ես ժպտալով ասացի՝ «որ թեկնածությունդ դնես՝ կդառնամ», եւ Ալիկն ասաց՝ «Լեւոնն ա թեկնածությունը դնելու» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ դնելու ա, համ էլ հաղթելու ա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞նց ա հաղթելու», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ ու ձեր օգնությամբ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընենց որ՝ իմ թեկնածությունից ձեռ քաշեք», եւ Մելիսան ժպտալով ինձ ասաց՝ «ձեզ համար ի՞նչ տարբերություն. երկուսի կանայք էլ հայ չեն», եւ Ջավախյանն ասաց՝ «հայ չեք, բայց մեզանի լավ եք հայերեն ճտպտում», եւ Ալիկը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «մանավանդ քեզանից», եւ Ջավախյանը Մելիսային հարցրեց՝ «դու ի՞նչ ազգի ես, հարսիկ ջան», եւ Ալիկը նորից թարս նայեց Ջավախյանին, եւ Մելիսան ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «ձեր թերթերից վերջերս իմացա, որ հրեա եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իզուր ես մեր թերթերին հավատում», եւ Մելիսան ծիծաղելով ասաց՝ «էնքան համոզիչ էին գրել, որ քիչ էր մնում հավատայի», եւ ես Մելիսային ասացի՝ «էս մի քանի օրվա մեջ էնքան հայտնի մարդ դառար, որ դու էլ կարաս թեկնածությունդ դնես», եւ Մելիսան ժպտալով հարցրեց՝ «եթե թեկնածությունս դնեմ, վստահված անձ կդառնա՞ս», եւ ես ժպտալով ասացի՝ «մեծ հաճույքով», եւ Ալիկը ժպտալով ինձ ասաց՝ «ինքն արդեն վստահված անձ ունի, ախպեր», եւ Ջավախյանն ասաց՝ «հրեն՝ Հիլարի Քլինթոնն էլ ա թեկնածությունը դնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «լավ ա, չէ՞. մարդ ու կնիկ պրեզիդենտ կըլնեն» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ըտենց բան վաբշե էղել ա՞», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «Միացյալ Նահանգներում չի եղել, բայց ուրիշ երկրներում պատահել ա», եւ Ջավախյանն ասաց՝ «հետաքրքիր ա», եւ ես կատակով ասացի՝ «հետաքրքիրն էն կըլնի, որ Մելիսա՛ն իրա թեկնածությունը դնի», եւ Ալիկն ինձ թարս նայելով հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ ես ժպտալով ասացի՝ «խի՞ եմ ձեռ առնում. Հիլարիից ինչո՞վ ա պակաս», եւ Մելիսան ժպտալով ասաց՝ «Ամերիկան շատ բարդ երկիր է», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես Հայաստանի՛ պրեզիդենտ եմ ասում», եւ Մելիսան ծիծաղելով ասաց՝ «Հայաստանի նախագահը նախ եւ առաջ հայ պիտի լինի», եւ ես ժպտալով ասացի՝ «ինչքան գիտեմ՝ մեր սահմանադրության մեջ ըտենց բան չկա գրած», եւ Ջավախյանը հարցրեց՝ «Ամերիկայի պրեզիդենտը պարտադիր պիտի ամերիկացի ըլնի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «պիտի անպայման Ամերիկայում ծնված ըլնի», եւ Ջավախյանը հարցրեց՝ «բայց ազգությամբ ամերիկացի պիտի ըլնի՞», եւ Ալիկը բացատրեց ու ասաց՝ «ամերիկացի ազգություն գոյություն չունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «եթե Ամերիկայում ես ծնվել՝ ամերիկացի ես համարվում», եւ Ջավախյանն ասաց՝ «մեր սահմանադրությամբ էլ՝ եթե տասը տարի Հայաստանում ես ապրել, ուրեմն՝ հայ ես», եւ Վահանը Մելիսային հարցրեց՝ «քո տասը տարին չի լրացե՞լ», եւ Մելիսան ժպտալով ասաց՝ «մի տարուց կլրանա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «մի տարուց հայ կդառնամ», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «մյուս անգամ արդեն կարաս թեկնածությունդ դնես», եւ ես ասացի՝ «մյուս անգամ շատ ուշ կըլնի», եւ Վահանը հարցրեց՝ «խի՞ ուշ կըլնի», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ վախտ Հայաստանից բան մնացած չի ըլնի», եւ Ջավախյանն ասաց՝ «էդ վախտ Րաֆիի տասը տարին էլ լրացած կըլնի՝ իրար դեմ կպայքարեն», եւ Ալիկը թարս նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «դու էլ ե՞ս գրող», եւ մինչ Ջավախյանը կմտածեր, ես Ջավախյանի փոխարեն պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ալիկն արհամարհանքով նախ Ջավախյանին նայեց, հետո նայեց ինձ ու ասաց՝ «զգացվում ա», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց ա զգացվում», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «գրողներն ամեն ինչ անլրջացնելու սովորություն ունեն», եւ ես ասացի՝ «մեջները լուրջեր էլ կան», եւ Ջավախյանն ասաց՝ «թող Աստված մեզ էդ լուրջերից հեռու պահի», եւ ես Ալիկին ասացի՝ «որ Մելիսային Հիլարիի հետ ենք համեմատում, ուրեմն՝ անլո՞ւրջ ենք», եւ Մելիսան ծիծաղելով ասաց՝ «որպեսզի ես Հիլարիի հետ համեմատվեմ, նախ պիտի Ալիկը նախագահ դառնա», եւ ես ժպտալով ասացի՝ «որպեսզի Ալիկը նախագահ դառնա, նախ պիտի թեկնածությունը դնի», եւ Ալիկն ասաց՝ «թեկնածություն դնողն արդեն թեկնածությունը դրել ա», եւ ես ասացի՝ «հըլը չի դրել», եւ Ալիկն ասաց՝ «չի դրել՝ կդնի», եւ ես ասացի՝ «երբ որ դնի՝ էդ վախտ էլ կխոսանք», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրողների հետ հնարավոր չի լուրջ բաներից խոսալ», եւ ես ասացի՝ «անլուրջ բաներից կխոսանք» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «պահեր են ըլնում, որ ուզում ես անլուրջ բաներից խոսաս», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի էդ պահը չի», եւ ես ժպտալով ասացի՝ «դրա համար էլ լուրջ բաներից ենք խոսում», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «փաստորեն, հիմի լրջանալու պահն ա», եւ Ալիկը Ջավախյանին արհամարհական նայելով ասաց՝ «մի ժամ ա՝ քամի ենք անում», եւ Ջավախյանը դիմացի ծառերին նայելով ասաց՝ «ոչ մի քամի չկա. նույնիսկ ծառները չեն շարժվում», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «որովհետեւ ծառերը ձեզնից լուրջ են» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «փոխանակ լուրջ բաներից խոսանք, անկապ բաներ ենք խոսում», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «Արմենի համար անկապ չի», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «ո՞նց անկապ չի», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «մեր էս սաղ խոսակցությունն իրա վեպի մեջ գրելու ա», եւ Ալիկը Վահանին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ գրելու ա», եւ Վահանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «զգում եմ», եւ Ալիկը Վահանին ասաց՝ «դրա համար ե՞ս բերանդ ջուր առել. չես խոսում, որ Արմենը չգրի՞», եւ Վահանն ասաց՝ «ինչքան պետք ա՝ էդքան էլ խոսում եմ», եւ էդ պահին Տիկոն ժպտալով Սաթոյին ասաց՝ «մենք գնանք՝ քանի չենք խոսացել», եւ Սաթոն ժպտալով ասաց՝ «ինչքան էլ խոսանք՝ Արմենը մեր ասածները չի գրի», եւ ես ժպտալով ասացի՝ «երբեք մի ասա երբեք», եւ Տիկոն վեր կենալով ասաց՝ «մենք գնանք», եւ Սաթոն ծիծաղելով ինձ հարցրեց՝ «էս որ Տիկոն ասեց՝ մենք գնանք, էդ էլ ե՞ս գրելու», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մի բան էլ չեմ գրելու, Սաթո ջան. հանգիստ նստեք», եւ Տիկոն ասաց՝ «գործեր ունենք», եւ երբ Տիկոն ու Սաթոն գնացին, Ջավախյանն ասաց՝ «սաղ գործեր ունեն՝ մենակ մենք ենք անգործ», եւ Ալիկն ասաց՝ «ամեն մարդ ինքն ա իրան անգործության մատնում», եւ ես Ջավախյանին ասացի՝ «քո գործը ժամը հինգին պրծնում ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, իմ գործը հինգից հետո նոր ա սկսվում», եւ ես հարցրի՝ «ո՞նց ա հինգից հետո սկսվում», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «հինգին առեւտրական գործունեությունս պրծնում ա, ու գրողական գործս ա սկսվում», եւ Ալիկը Ջավախյանին հարցրեց՝ «գրողական գործը ո՞րն ա», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ըսենց մեծամեծ մարդկերանց հետ նստում ու ուսումնասիրում եմ», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ ես ուսումնասիրում», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «մարդկերանց հոգիները», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «շա՜տ ուժեղ գործ ա», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «ամենաուժեղն Արմենի գործն ա», եւ Ալիկը հարցրեց՝ «Արմենի գո՞րծը որն ա», եւ Վահանն ասաց՝ «մենք ըսենց ասում ու խոսում ենք, ինքը մեր ասածները գրում ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չասածներն էլ ա գրում», եւ Ալիկը ժպտալով ինձ հարցրեց՝ «էս սաղ խոսակցությունը գրելու ե՞ս», եւ Վահանն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «մի բան էլ ավել», եւ Ալիկը Վահանին ասաց՝ «բայց դու համարյա չես խոսում», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «որովհետեւ իմ ասածները չի գրում», եւ Ալիկն ինձ հարցրեց՝ «իրա ասածները խի՞ չես գրում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ ինքն ա իմ ասածներն ու չասածները գրում», եւ Ալիկն ինձ ասաց՝ «որ ուզենաս էլ՝ Վահանի ասածները չես կարա գրես», եւ ես հարցրի՝ «խի՞ չեմ կարա», եւ Ալիկն ասաց՝ «որովհետեւ ինքը բան չի ասում», եւ Վահանն Ալիկին հարցրեց՝ «ի՞նչ ես ուզում ասեմ», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Լեւոնն ու Վազգենն իրար հետ պիտի հանդիպեն», եւ Վահանն ասաց՝ «թող հանդիպեն. կարող ա՞ ես եմ ձեռները բռնել», եւ Ալիկն ասաց՝ «պիտի իրար հետ բարիշեն», եւ Վահանն ասաց՝ «թող բարիշեն. կարող ա՞ ես եմ խանգարում», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չես խանգարում, բայց չես էլ օգնում», եւ Վահանը զարմացած հարցրեց՝ «ո՞նց պիտի օգնեմ», եւ Ալիկը զարմացած ասաց՝ «չհասկացա. կարող ա՞ Վազգենը փեսեդ չի», եւ Վահանն ասաց՝ «հետո՞ ինչ՝ որ փեսես ա», եւ Ջավախյանն Ալիկին հարցրեց՝ «քաղաքականության մեջ փեսեն կեղծ կատեգորիա չի՞», եւ Ալիկը թարս նայեց Ջավախյանին ու ոչինչ չասաց, եւ Ջավախյանը շարունակեց ու ասաց՝ «Ալավերդի մեր փեսեքից մինը դեպուտատ էղավ, մեկէլը՝ մարզպետի տեղակալ, բայց սաղին օգտակար էղան՝ մեզանի բացի», եւ Ալիկը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ինչո՞վ պիտի օգտակար ըլնեին. կարող ա՞ քո փոխարեն պատմվածք գրեին», եւ Ջավախյանը ներողամտորեն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ե՛ս եմ ուրիշների փոխարեն պատմվածք գրում, պարոն Արզումանյան», եւ Ալիկը Ջավախյանին ժպտալով ասաց՝ «կարաս Ալիկ ասես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու էլ կարաս ինձ Լյովիկ ասես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «արդեն քանի տարի ա՝ ե՛ս եմ սաղի փոխարեն պատմվածք գրում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «սաղի փոխարեն էլ առեւտուր ես անում», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու կնոջն ասաց՝ «որ ասում էի՝ մեր գրողները ջրիկ են, չէիր հավատում», եւ Մելիսան զարմացած նայեց Ալիկին ու հարցրեց՝ «ե՞րբ ես էդպիսի բան ասել», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասել եմ՝ չես հիշում», եւ Մելիսան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընդհակառակը. Վահանի ու Արմենի մասին միշտ էլ լավ ես արտահայտվել», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու Մելիսային ասաց՝ «որ ըտենց ես ասում՝ ավելի՛ կջրիկանան», եւ ես Ալիկին հարցրի՝ «Ջավախյանի մասին լավ չես արտահայտվե՞լ», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «ո՞ր Ջավախյանի՝ Լյովիկի՞», եւ ես ասացի՝ «իրա իսկական անունը Լեւոն ա», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «իրանց համար աշխարհի էրեսին ընդամենը մի հատ Լեւոն գոյություն ունի», եւ Ալիկը ժպտալով կնոջն ասաց՝ «հիմի հավատացի՞ր, որ ջրիկ են», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «ջրիկությունը դու մի տարի հետո կտենաս», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «խի՞ մի տարի հետո», եւ Վահանը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Արմենի գրածները մի տարի հետո են «Առավոտում» տպվում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեր էս սաղ խոսակցությունն իրա վեպի մեջ գրելու ա», եւ Մելիսան ինձ հարցրեց՝ «իմ ասածներն էլ ե՞ս գրելու», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հիմնականում քո՛ ասածներն եմ գրելու», եւ Մելիսան զարմացած հարցրեց՝ «ինչո՞ւ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ մենակ դու ես խելոք բաներ ասում», եւ Մելիսան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ խելոք բան եմ ասել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «չեմ հիշում», եւ Մելիսան զարմացած հարցրեց՝ «եթե չես հիշում՝ ո՞նց ես ասում, որ խելոք բաներ եմ ասել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «էդքանը հիշում եմ», եւ Մելիսան ժպտալով հարցրեց՝ «եթե ասածներս չես հիշում՝ ինչպե՞ս պիտի գրես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «գրելու պահին հիշողությունս արթնանում ա», եւ Ալիկն ինձ հարցրեց՝ «հիմի հիշողությունդ քնած ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ալիկը հարցրեց՝ «բա ի՞նչդ ա արթուն», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «լսողությունս», եւ Ալիկն ասաց՝ «դու պիտի կոմպոզիտոր դառնայիր», եւ ես ասացի՝ «արդեն շատ ուշ ա», եւ Մելիսան ինձ հարցրեց՝ «ախր ի՞նչ խելոք բան եմ ասել», եւ Ջավախյանը Մելիսային ասաց՝ «որ խելոք բան ասած չըլնեիր, չէին գրի, որ հրեա ես, հարսիկ ջան», եւ Ալիկն ասաց՝ «ընդամենը մի թերթ ա գրել», եւ Մելիսան ծիծաղելով ասաց՝ «բայց շատ համոզիչ էին գրել», եւ Ջավախյանն ասաց՝ «մեր լրագրողներն ամեն ինչ գիտեն», եւ Մելիսան ժպտալով ասաց՝ «մանավանդ լրագրողուհիները», եւ Ջավախյանն ասաց՝ «իրանք մեր մասին ավելի շատ բան գիտեն, քան՝ մենք», եւ Մելիսան նայեց Վահանին ու ժպտալով ասաց՝ «Վահանն էլ է լրագրող», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «բայց լրագրողուհի չեմ», եւ ես ասացի՝ «Վահանն է՛լ մեր մասին ավելի շատ բան գիտի, քան՝ մենք», եւ Մելիսան խորամանկ ժպտալով ինձ ասաց՝ «բայց դու է՛լ ես խելոք բաներ խոսում», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ հնարավոր ա», եւ Մելիսան հարցրեց՝ «ի՞նչն է հնարավոր», եւ ես ժպտալով ասացի՝ «մորական կողմս վանեցիներ են», եւ Մելիսան զարմացած հարցրեց՝ «վանեցինե՞րն ինչ կապ ունեն», եւ ես ժպտալով ասացի՝ «Տիգրան Մեծը ժամանակին մոտ հիսուն հազար հրեաներ ա բերել Վան», եւ Մելիսան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեի», եւ Ջավախյանն ասաց՝ «Վանը ժամանակին Հայաստանի մայրաքաղաքն ա էղել», եւ Մելիսան ժպտալով ասաց՝ «գիտեմ», եւ Ալիկը Ջավախյանին ասաց՝ «Մելիսան Արեւմտյան Հայաստանի քարտեզը մեզանից լավ գիտի», եւ Ջավախյանը ժպտալով Ալիկին հարցրեց՝ «ադա՛, կարող ա՞ կնիկդ պահանջատեր էլ ա», եւ Ալիկը ծիծաղը զսպելով Ջավախյանին ասաց՝ «լավ կանես՝ քո գրողությամբ զբաղվես», եւ Մելիսան ինձ հարցրեց՝ «ասում ես՝ Տիգրան Մեծը հիսուն հազար հրեանե՞ր է Հայաստան բերել», եւ ես ասացի՝ «ե՛ս չեմ ասում. պատմաբաննե՛րն են ասում», եւ Մելիսան մի քիչ մտածեց ու հարցրեց. «բա հիմա ո՞ւր են», եւ ես ժպտալով հարցրի՝ «պատմաբաննե՞րը», եւ Մելիսան ծիծաղելով ասաց՝ «չէ՝ հրեաները» եւ ծիծաղելով հարցրեց՝ «Տիգրան Մեծի բերած էդ հրեաները հիմա ո՞ւր են, ի՞նչ են անում», եւ Ջավախյանն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «վեպ են գրում», եւ Մելիսան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ վեպ», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «անվերջանալի վեպ», եւ Ջավախյանն ասաց՝ «սերիալի պես», եւ Մելիսան հարցրեց՝ «ի՞նչ սերիալ», եւ Ջավախյանը բացատրելով ասաց՝ «սերիալի պես երկարբարակ գրում են, ու «Առավոտն» էլ տպում ա», եւ Մելիսան շիվարած հարցրեց՝ «առավոտյա՞ն են տպում», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «ոչ թե առավոտյան էն տպում, այլ «Առավոտ» թերթն ա տպում», եւ Մելիսան հարցրեց՝ «ի՞նչ է տպում», եւ Ջավախյանը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «էդ հրեաների վեպերը», եւ Մելիսան շիվարած հարցրեց՝ «ի՞նչ հրեա», եւ Ջավախյանը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «էդ՝ որ Տիգրան Մեծը հիսուն հազար հատ բերել ա», եւ Մելիսան մի քիչ մտածեց ու շիվարած ասաց՝ «ոչինչ չեմ հասկանում», եւ Ալիկը ծիծաղը մի կերպ զսպելով կնոջն ասաց՝ «որ քեզ ասում եմ՝ լուրջ մարդիկ չեն, չես հավատում», եւ Մելիսան զարմացած հարցրեց՝ «ովքե՞ր լուրջ մարդիկ չեն՝ հրեանե՞րը», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու կնոջն ասաց՝ «հոգնած ես էրեւում», եւ Ջավախյանն Ալիկին ասաց՝ «հալբաթ հոգնած կըլնի. դու քու համար բերդերում հանգիստ նստած էիր, բայց խեղճ կնիկդ խմբագրությունից խմբագրություն էր վազում», եւ Ալիկը Ջավախյանին հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «կարող ա՞ քեզ էլ ա Տիգրան Մեծը բերել», եւ Ջավախյանը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «ինձի իմ մերն ա բերել, Արզումանյան ջան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930