Լրահոս
Օրվա լրահոսը

«Շվեդական սեղան», ինը կում սակե, ջայլամի ձվեր…

Հունիս 13,2009 00:00

Հարսանեկան ավանդույթները՝ տարբեր երկրներում

Յուրաքանչյուր ազգ ունի յուրահատուկ մշակույթ, սովորույթներ, որոնցից են նաեւ հարսանեկան ավանդույթները: Նրանք բոլորն էլ գայթակղիչ են, եւ ի զորու՝ բորբոքել մարդու երեւակայությունը…

Եկեք ծանոթանանք մի շարք երկրների հարսանեկան ավանդույթներին։

Օրինակ, Դանիան աչքի է ընկնում իր ճոխ հարսանիքներով, որտեղ արդեն սկսել են բյուջեում ճեղքվածք առաջացնող եւ կեղեքիչ հարսանիքների դեմ օրենսդրորեն պայքարել: Ըստ ավանդույթի՝ այստեղ հարսանիքներն ընթանում են չափից ավելի ճոխ. ուտելիքը շա՜տ-շատ է լինում՝ առնվազն մեկ տասնյակ սագ, բադ եւ գառ է մորթվում, 2 տասնյակի հասնող հավեր, շուրջ 5 խոճկոր, խոզեր, 2 կով եւ՝ ալկոհոլային խմիչքների ահռելի քանակություն:

Հարսանեկան խնջույքի սեղանն իր առատությամբ Դանիային գրեթե չի զիջում Գերմանիան: Հյուրերին հրամցվում է առնվազն 20 ճաշատեսակ: Սակայն, որպես կանոն, սպառվում են այն կերակրատեսակները, որոնք դժվար է ավարտից հետո տուն տանել: Հիշեցնենք, որ այստեղ խնջույքից հետո հյուրերը նախօրոք բերված անձեռոցիկների մեջ տեղադրելով պատառիկներ՝ միս, քաղցրավենիք եւ այլ կերակուրներ, իրենց հետ տուն են տանում:

Արաբների մոտ եւս ընդունված է շքեղ հարսանեկան խնջույքը: Առաջին օրը արաբական չափանիշներով նշում են շատ «համեստ»: Երեկույթի ընթացքում, որին մասնակցում է ընդամենը 1000 մարդ, հյուրերին հյուրասիրում են հյութերով ու քաղցրավենիքով: Իսկ ահա երկրորդ օրը սկսվում է իսկական տոնախմբությունը. գիշերը փեսայի հարազատները մորթում են առնվազը 40 ոչխար: Ազգային կերակուրը ոչխարի միսն է՝ համեմված բրնձով, տոմատի մածուկով: Հարսանիքի ավարտից հետո մնացած կերակուրը բաժանվում է հարազատների եւ բարեկամների միջեւ: Մեկ շաբաթ անց հյուրընկալված մարդիկ իրենց մոտ են հրավիրում նորապսակներին, եւ՝ խնջույքը շարունակվում է: Եվ այսպես՝ իսկական արաբական հարսանիքը տեւում է մեկ ամիս:

Չափերով առավել համեստ, բայց միեւնույն ժամանակ՝ բավականին էկզոտիկ ազգային կերակուր են պատրաստում կորեացիները: Լավ եփած աքաղաղը պարուրում են գույնզգույն թելերով, կտուցի մեջ կարմիր պղպեղ լցնում՝ այդկերպ խորհրդանշելով ամուսնացող զույգի հավերժ սերը:

Տեղի չափանիշներով սովորական, բայց եվրոպացիների համար՝ բավականին անսովոր արարողություն է իրականացվում Նամիբիայում: Որքան էլ տարօրինակ թվա, սակայն հարսանեկան արարողության կարեւոր մաս են կազմում սպիրտային խմիչքները: Նամիբիացիները ոչ միշտ են ուրախանալու առիթներ ունենում, այդ պատճառով էլ հարսանիքների ժամանակ իրենց թույլ են տալիս լիցքաթափվել: Նրանք սիրում են խմել գարեջուր, տեղական գինի եւ գրապպա: Հարսանեկան սեղանին, ըստ ավանդույթի, առկա են լինում մեծ քանակով ծովախեցիներ, թարմ բանջարեղեն, մեծ սնկեր՝ «օմայովա» անվանումով, ջայլամի ձվեր, խոզապուխտ, գառան միս, այդ թվում նաեւ վայրի կենդանիների միս՝ եղջերու, կոկորդիլոս, զեբր:

Չմոռանանք նաեւ հին ֆրանսիական ավանդույթը: Երկու բռնակ ունեցող մեծ բաժակով ֆրանսիացիները խմում են զույգի երջանկության կենացը: Հարսանեկան արարողությունն այս կախարդական երկրում աչքի է ընկնում նրբահամ ֆրանսիական գինու առատությամբ: Ճապոնիայում էլ հարսն ու փեսան խմում են ինը կում սակե՝ բրնձի օղի: Եվ առաջին կումից հետո պաշտոնապես մարդ ու կին համարվում:

Շվեդական հարսանիքում մեծ տեղ է տրված անբռնազբոսիկ խնջույքին: Սեղանին ընդունված է դնել ծաղիկներ, մրգեր, թեթեւ ուտելիքներ: Մատուցողները մի քիչ գինի են լցնում բաժակների մեջ, հյուրերը ոտքի են կանգնում եւ շնորհավորում զույգին: Հիմնական ուտելիքը դրվում է հատուկ սեղանի վրա. ցանկացողները մոտենում եւ սրտի ուզածի չափով օգտվում են: Առաջինը սեղանին մոտենում են հարսն ու փեսան, ապա նրանց ծնողները, հարազատները, ընկերները: Բոլորիս ծանոթ «շվեդական սեղան» արտահայտությունն առաջացել է հենց այստեղից:

Հարսանեկան խնջույքը նորվեգացիների համար ոչ մի ճոխություն չի ներկայացնում: Վաղ շրջանից մինչ օրս այստեղ պարտադիր հյուրասիրությունը, այսպես կոչված՝ միայն «հարսնացուի ապուրն» է, որը պատրաստվում է հացահատիկից եւ համեմունքներից: Ապուրը հրամցվում է այն ժամանակ, երբ հարսնացուն հանում է շքեղ հարսանեկան զգեստը եւ հագնում ամուսնացած կնոջ հագուստ: Այդ ապուրի հետ, ավանդաբար, կապված են շատ կատակներ եւ հումորներ. ապուրի ափսեն զարդարում են եւ դրա դիմաց գումար պահանջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930