Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՅԻ ՎԱՐՔԻ ՄՈԴԵԼԸ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԻ ՀԵՐՈՍ

Հունիս 13,2009 00:00

\"\"Երեխաների մեջ սերմանելով ազարտի հակվածությունը՝ մեծանալիս նա կդառնա խաղամոլ

«Եթե չենք ուզում, որ մեր երեխաները լինեն ապագա խաղամոլներ, ազարտի սիրահարներ, ուրեմն պետք է սահմանափակենք նրանց համակարգչային խաղեր խաղալու ժամանակը»,- մտահոգված է հոգեբան Դիանա Սարգսյանը։ Հոգեբանի խոսքերով՝ համակարգչային խաղերը երեխաների համար մեծ վտանգ են ներկայացնում. դրանք ունեն ֆիզիոլոգիական, հոգեբանական եւ վարքային ազդեցություն։ Հոգեբանի փոխանցմամբ, համակարգչային խաղերի ամենավտանգավոր ազդեցությունը ֆիզիոլոգիականն է. «Համակարգչի առաջ երեխային նստեցնելիս պետք է հաշվի առնել նրա տարիքը։ 4, 5, 6 տարեկան երեխաների մոտ տեղի է ունենում ֆիզիոլոգիական, տեսողության հասունացում, ողնաշարի, մաշկամկանային համակարգի կառուցվածքի ձեւավորում, երկրորդային սեռային հասունացում։ Այս ամենին համակարգչի ճառագայթումները մեծ վնաս են հասցնում։ Երբ երեխան նստում է համակարգչի առաջ, դա պետք է լինի նույնը, ինչ մուլտֆիլմ դիտելը՝ 20-40 րոպե։ Դա այն 40 րոպեն է, որը մանկավարժական, հոգեբանական հետազոտությունների արդյունքում համարվում է այն մաքսիմում ժամանակը, որի ընթացքում երեխան հնարավորություն ունի նստած դիրքով կենտրոնացված մնալ։ Բայց իրականում երեխան ոչ թե 40 րոպե, այլ ժամեր շարունակ նստում է համակարգչի առաջ միեւնույն դիրքով, ինչի արդյունքում երեխայի մոտ առաջանում են որոշակի խնդիրներ, խանգարումներ. մեջքը, գլխի պահելու դիրքը սկսում է աստիճանաբար ծռվել, որն էլ բերում է ողնաշարի լուրջ խանգարումների։ Տեսողության մասին խոսելն իսկ ավելորդ է. որքան էլ համակարգիչները համարվեն վերջին մոդելի, ունենան պահպանողական շերտեր, ամեն դեպքում աչքերի այդ աստիճան կենտրոնացվածությունը, լարվածությունը, խաղի պրոցեսին ուշի-ուշով հետեւելը, ոչինչ բաց չթողնելու այդ ձգտումը բնականաբար լարում է եւ հանգեցնում է նյարդերի թուլացման, ինչի հետեւանքով կարող է երեխայի մոտ առաջանալ աչքերի շլություն, կատարակտ, կկոցում, այսինքն՝ տեսողության գերլարում, որը կարող է հասցնել մինչեւ անգամ տեսողության կորստի»։

Դիանա Սարգսյանը նկատեց նաեւ, որ համակարգիչը միայն խթանում է երեխայի առողջության վատացմանը. «Ցավալին այն է, որ այսօր երեխաները ծնվում են էկոլոգիապես ոչ մաքուր միջավայրում, ապրում ծանր սթրեսների մեջ։ Հաճախ ծնվում են ոչ լիարժեք երեխաներ՝ շաքարային դիաբետով, տեսողության խնդիրներով։ Հետագայում դրան գումարվում է նաեւ համակարգիչը, որն էլ առկա խնդիրներն ավելի է ակտիվացնում։ Չկարծեք, թե վախեցնում կամ արգելում ենք երեխաներին ծանոթանալ համակարգչին, նորագույն խաղերին, դրանց հնարավորություններին, պարզապես ամեն ինչ պետք է լինի ժամանակի սահմանների մեջ»։ Դ. Սարգսյանի մեկնաբանմամբ, համակարգչային խաղերը երեխայի մեջ նեգատիվիզմ են սնուցում ամեն ինչի եւ ամենքի նկատմամբ. «Սա հոգեբանական ազդեցությունն է։ Երբ երեխան ավարտում եւ դուրս է գալիս խաղից, նրա մոտ տեղի է ունենում լարվածություն եւ անկախ իր կամքից՝ սկսում է նեգատիվիզմ ցուցաբերել ծնողների նկատմամբ, բակում խաղալու ցանկությունը կորչում է, քանի որ նա արդեն հոգնած է։ Այս ամենի հետեւանքով երեխան անպատեհ, անժամ քնում է հոգնածությունից՝ մեկ էլ գիշերը ժամը 11-12-ին վեր է կենում եւ մինչեւ ժամը 4-ը արթուն մնում։ Արդյունքում՝ խախտվում է նրա քնի ռեժիմը, որը բերում է գերլարվածության։ Իսկ նորմա՞լ է, որ 4-5 տարեկան երեխան այդ տարիքում արդեն գերլարվածություն ունենա, բնականաբար՝ ոչ»։

Մեր զրուցակցի խոսքերով, հետաքրքիր հեքիաթներ ընթերցելու, ինտելեկտուալ խաղերով, իրենց բնորոշ տարիքային, դերային խաղերով զբաղվելու փոխարեն, որոնք շատ կարեւոր են երեխայի զարգացման համար, նրանք օրն անցկացնելով համակարգչի առաջ, կորցնում են հասակակիցների հետ շփման պահանջմունքը. «Այդ պահանջմունքը կարեւոր է հատկապես 4-5 տարեկան հասակում։ Ստացվում է՝ երեխան իր ընկերոջ հետ խաղը, զբաղմունքը, օբյեկտը, որի հետ պիտի շփվի՝ կոմպենսացնում է համակարգչով։ Արդյունքում երեխան ձեռք չի բերում ընկերներ, մեկուսանում է՝ հետաքրքրությունները սահմանափակելով միայն համակարգչային խաղերի մեջ, ինչն էլ բացասաբար է ազդում երեխայի զարգացման վրա»։

Հարցին, թե ինչ բնավորության գծերի ձեւավորման կարող են հանգեցնել համակարգչային խաղերը, հոգեբանն ասաց. «Կարող է առաջանալ մեկուսացվածություն։ Սա ավելի շատ վարքային դրսեւորում է, այլ ոչ թե բնավորություն։ Երեխան արդեն ցանկություն չի ունենա իջնել բակում ֆուտբոլ խաղալ իր հասակակիցների հետ, որովհետեւ գիտի, որ իր բոլոր հասակակիցները այդ պահին տանը նստած «մարիո» են խաղում»։

Հոգեբանը փաստում է, որ կա նաեւ այս խնդրի հակառակ կողմը. «Երեխան ուզում է շփվել իր հասակակիցների հետ։ Բայց նրանք բոլորը անդադար խոսում են տարբեր տեսակի խաղերից, հերոսներից։ Այս խոսակցությունները լսելով՝ երեխան հոգեբանորեն ճնշվում է, որ բոլորը խոսում են մի բանից, որից ինքն անտեղյակ է, պարտադրում է ծնողներին, որ ինքն էլ ունենա համակարգիչ, ինքն էլ խաղա։ Այսինքն՝ նրանց շփման սահմանը հնարավորինս նեղանում է։ Եթե անգամ երեխաներով որոշում են խաղալ միասին, ասում են՝ եկեք գնանք համակարգչով խաղանք… Սա անդրադառնում է ոչ թե բնավորության կամ խառնվածքի գծերի ձեւավորմանը, այլ ազդեցություն է ունենում հավակնությունների մակարդակի, ինքնագնահատանքի, հետաքրքրությունների, նյութական եւ հոգեւոր պահանջմունքների ձեւավորմանը»։

Ըստ հոգեբանի, համակարգչային խաղերը կարող են բերել նաեւ երեխայի վարքի խանգարման։ Այսինքն՝ երեխաների մոտ տեղի է ունենում խաղերի հերոսների հետ իդենտիֆիկացիա. «Եթե մուլտերում ինչ-որ առումով առաջնային պլանում դրվում է բարոյահոգեբանական խնդիրը, ապա համակարգչային խաղերում դա պակասում է։ Համակարգչային խաղերը կարող են նպաստել երեխայի մեջ ագրեսիայի առաջացմանը։ Դրանք ուղղված եւ միտված են կոնկրետ «տուրուդմփոցների», ճակատամարտերի, պատերազմների, մրցույթների, չգիտես էլ ինչերի… Սա ո՞ւր է տանում։ Պատերազմ, մենամարտեր, արյուն, կռիվ, սպանություններ, այն էլ այնպիսի գունագեղությամբ, ձայնային ուղեկցությամբ է նկարահանված, որ քեզ թվում է՝ դու իրականում այդտեղ ես։ Դա նշանակում է, որ դեռահասը, որի հիմնական ձգտումն ու նպատակը այդ տարիքում պետք է լինի հակառակ սեռի հետ շփումը, թերարժեքության բարդույթների հաղթահարումը, մտնում է պատերազմների աշխարհ, որը նույնն է, ինչ գնաս ճակատամարտ եւ ականատես լինես այդ ամենին։ Երեխայի վարքի մոդելը դառնում է համակարգչային խաղի հերոսը։ Համակարգչային եւ ընդհանրապես ամեն տեսակ խաղերը հոգեբանորեն այնպիսի կառուցվածքով են ստեղծված, որ անընդհատ ունեն հաճույքի մեխանիզմ։ Խաղն ինքնին ունի այդ սկզբունքը՝ խաղացողին հաճույք պատճառել եւ բավարարել նրա հոգեբանական կամ նյութական պահանջմունքները։ Այս առումով համակարգչինը ավելի էֆեկտիվ է եւ գրավիչ։ Ցանկացած տիպի համակարգչային խաղ տանում է դեպի ազարտի ձեւավորման նախադրյալների, հանդիսանում գործոն, որ մարդը դառնա ավելի մոլեգին՝ այս մեկն էլ խաղամ, այս մեկն էլ… այս մեկը հաստատ կհաղթեմ… Եվ ինչ է տեղի ունենում. կապ չունի՝ դա դրամական ազարտի խաղ է, թե միավորների հավաքման ազարտ։ Սա նշանակում է՝ փոքր տարիքից երեխաների մեջ սերմանելով ազարտի այդ հակվածությունը, մոլագարությունը, մեծ տարիքում երեխան կդառնա մոլագար, խաղամոլ։ Եթե փոքր հասակում երեխան ինքն իրեն չի կարողանում կառավարել, մեծ տարիքում ինքնակառավարումը ընդհանրապես չի լինի»։

Հոգեբանը խորհուրդ է տալիս չխթանել հետագա խաղամոլների առաջացմանը, երեխաների համար սահմանափակել համակարգչային խաղեր խաղալու ժամանակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930