Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվել է անարդար նշանակված 11 մետրանոցից

Հունիս 13,2009 00:00

Եզակի դեպք է տեղի ունեցել ֆուտբոլի Ռումինիայի առաջնությունում: Մրցավարը «Ռապիդի» կիսապաշտպան Կոստին Լազերի դեմ խաղի կանոնները խախտելու համար «Օցելուլայի» դարպասին 11 մետրանոց է նշանակում: Պատժված թիմի խաղացողները, բնականաբար, համաձայն չէին մրցավարի որոշման հետ, ինչը նա փոխել չէր պատրաստվում: Բայց անսպասելի նրան է մոտենում «տուժողը» եւ հայտարարում, որ խաղի կանոնների խախտում իսկապես չի եղել: Եվ մրցավարը, որ դեպքերի այդպիսի զարգացման չէր սպասում, հարկադրված ընդառաջ է գնացել Լազերին: Ճիշտ է, այդ պահին հաշիվն արդեն 2:0 էր՝ հօգուտ դաշտի տիրոջ դերում հանդես եկող «Ռապիդի»: Մնացած ժամանակում «Ռապիդը» եւս երկու անգամ գրավում է մրցակցի դարպասը եւ համոզիչ հաղթանակ տանում՝ առանց կասկածելի 11 մետրանոց հարվածի օգնության:

Վերջին տասնամյակում արդարացի խաղի այդպիսի դեպք գործնականում չի արձանագրվել: Միայն Սթենլի Մեթյուզն էր, որ դիտավորյալ 11 մետրանոց հարվածը շեղ էր կատարում, եթե գտնում էր, որ այն անարդարացի է նշանակվել: Խաղադաշտում այդպիսի առաքինի պահվածքով կարող է հպարտանալ, թերեւս, նաեւ Ռոբի Ֆաուլերը: 1997 թվականին «Արսենալի» հետ հանդիպումում նա նույնպես փորձել էր մրցավարին համոզել, որ իր դեմ կոպիտ չեն խաղացել: Բայց վերջինս որոշումը չէր փոխել: Այդ ժամանակ Ֆաուլերը գնդակը ոչ ուժեղ հարվածով ուղարկում է դարպասապահ Դեւիդ Սիմենին: Սա էլ իր հերթին այն ետ է մղում, եւ Ռոբիի թիմակիցը կրկնական հարվածով գրավում է «Արսենալի» դարպասը: Ֆաուլերն այդ մրցաշրջանում ստացավ ՈՒԵՖԱ-ի՝ «Ազնիվ խաղի համար» մրցանակը: Հիմա հերթը Լազերի՞նն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել