Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ՏՆՕՐԻՆՈՒՄ ԷԻՆ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՆԴԱՆԵՐԸ»

Հունիս 13,2009 00:00

\"\"Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2009թ. հունիսի 12-ի հանրահավաքում ելույթից Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։

Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտրական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային բանդաները։

Որ մենք գործ ունենք ոչ թե պատահական երեւույթի, այլ հատուկ գործադրվող ծրագրի հետ, ապացուցվում է նրանով, որ քրեական տարրերն աստիճանաբար թափանցում են նաեւ բուն պետական համակարգեր։ Այսպես, գաղտնիք չէ, որ նոր օրենքի համաձայն՝ պայմանագրային հիմունքների անցած ոստիկանության պարեկա-պահակային ծառայությունը համալրվում է հիմնականում այդպիսի տարրերով։ Բացի այդ, տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ քրեական համբավ ունեցող բազմաթիվ անձնավորություններ, մասնավորապես՝ Արտաշատի շրջանից, վերջերս ընդունվել են Ազգային անվտանգության ծառայության շարքերը։ Խոսքն, այսպիսով, վերաբերում է վարչախմբի գլխավոր հենարանի վերածվող փողոցային բանդաների օրինականացմանը, ինչը նրանց հնարավորություն կտա գործելու ավելի սանձարձակ եւ օրենքի լիակատար պաշտպանության տակ։ Խոսքն, ավելի կարճ, վերաբերում է համազգեստավոր քիլերների ինստիտուտի ձեւավորմանը, որը վարչախմբին անհրաժեշտ է ոչ միայն ընդդիմության դեմ օգտագործելու, այլեւ սեփական ճամբարում ժամանակ առ ժամանակ հայտնվող անհնազանդներին պատժելու համար։ Այնպես որ, գալու է մի պահ, երբ նույնիսկ ավազակապետություն բառը եւվֆիմիզմ է թվալու, քանի որ երկիրը կամաց-կամաց վերածվում է խուժանապետության։

* * *

Իսկ այժմ դառնանք Սերժ Սարգսյանի հզոր հովանավորին կամ «կռիշային»՝ մեր սիրելի Արեւմուտքին։ Բայց մինչեւ բուն նյութին անցնելը, ուզում եմ ձեզ ներկայացնել մի հետաքրքիր դրվագ՝ եվրոպացի դիվանագետներից մեկի հետ վերջերս ունեցած իմ զրույցից։ Երբ դիվանագետը բազմիցս հավաստիացրեց, թե իր երկիրն անկեղծորեն շահագրգռված է օգնած լինել Հայաստանին, ես փորձեցի ճշտել՝ Հայաստան ասելով, նկատի ունի մեր երկրի իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին։ Նա, անշուշտ, հասկացավ իմ ակնարկը, բայց դիվանագիտորեն ու մի փոքր նյարդայնացած կրկնեց, որ իր երկիրն ուզում է օգնած լինել Հայաստանին։

Ամբողջ խնդիրն այն է, որ երրորդ աշխարհի երկրներին Արեւմուտքը վերաբերվում է ոչ թե այդ երկրների ժողովուրդների շահերի, այլ նրանցում հաստատված ռեժիմների վարքագծի տեսակետից։ Հակառակ հռետորական դատարկաբանություններին, Արեւմուտքի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն հասկացությունները գոյություն չունեն։ Ամեն ինչ ենթարկվում է գեոպոլիտիկայի եւ տնտեսական շահերի տրամաբանությանը։ Երբ ռեժիմներն սպասարկում են այդ տրամաբանությանը, նրանք ստանում են Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, անկախ այն բանից, թե ինչպիսի չարիքներ են գործում սեփական երկրներում։ Իսկ երբ այդ ռեժիմները խախտում են նշված տրամաբանությունը, նրանք Արեւմուտքի կողմից ենթարկվում են խստագույն պատիժների։ Դժբախտությունն այն է, սակայն, որ երկու դեպքում էլ գլխավորապես տուժում են ժողովուրդները։

Այն ամենն, ինչ ասվեց երրորդ աշխարհի երկրների ռեժիմների եւ ժողովուրդների մասին, հավասարապես տարածվում է նաեւ Հայաստանի վրա։ Արեւմուտքը ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի հանցավոր վարչախմբի, այսինքն՝ մարդասպանների, ավազակների եւ ընտրակեղծարարների բարեկամն է եւ, որպես այդպիսին, ուղղակի մեղսակցություն ունի մեր երկրում տիրող ահավոր կոռուպցիայի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման երեւույթների արմատավորման գործում։ Դա ապացուցելու համար հեռուն գնալու կարիք չկա։ Բավական է հիշել վերջին մեկուկես տարվա ընթացքում Արեւմուտքի դրսեւորած վրդովեցուցիչ անտարբերությունը Հայաստանում տեղի ունեցող անօրինական ընտրությունների, ոստիկանական ու հարկային բռնությունների, քաղբանտարկյալների առկայության, ժողովրդավարական ազատությունների ոչնչացման աղաղակող փաստերի նկատմամբ, եւ դրա կողքին՝ նրա գորովալից ու հովանավորչական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հանդեպ։

Դա ի հայտ եկավ նաեւ վերջին՝ քաղաքապետարանական ընտրություններում։ Եվրախորհրդի Տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի 15 հոգուց բաղկացած խղճուկ առաքելությունը, քվեարկության օրը ժամերով կերուխում անելուց հետո, այդ ընտրությունները գնահատեց որպես եվրոպական չափանիշներին համապատասխան եւ իր պարտքը կատարածի գոհունակությամբ հեռացավ Հայաստանից։ Քվեարկության ընթացքը շատ ավելի ուշադիր դիտեցին արեւմտյան երկրների երեւանյան դեսպանատների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք, սակայն, ի տարբերություն վերը նշված առաքելության, առայժմ չեն հրապարակել իրենց կարծիքը։ Տեղյակ ենք, որ վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր մոտ է հրավիրել Եվրամիության երկրների դեսպաններին ու հորդորել, որ նրանք զերծ մնան ընտրությունների մասին բացասական գնահատական տալուց, որովհետեւ դա կապակայունացնի մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եւ կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղության գործընթացին։ Նալբանդյանը միամիտ է, քանի որ առանց նրա հորդորի էլ դեսպանները խոհեմաբար լռելու էին՝ դա պատճառաբանելով Հայաստանի ներքին գործերին չխառնվելու իրենց պարտավորությամբ եւ տարածաշրջանային կայունության ու անվտանգության «վեհ» նկատառումներով։ Իսկ այդ «վեհ» նկատառումներն էլ, հասկանալի է, ոչ այլ ինչ են, եթե ոչ Ցեղասպանության ուրացման գնով ձեռքբերվելիք հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Ղարաբաղի հարցում Հայաստանից նոր զիջումներ կորզելու ակնկալիքը։ Հենց դա է, որ թափանցիկ կերպով ակնարկել է Նալբանդյանը՝ հերթական անգամ բացահայտելով Հայաստանի հանցավոր վարչախմբի դավաճանական մտադրությունները։

Որոշ արեւմտյան դիվանագետներ ու քաղաքական գործիչներ երբեմն մեր երեսով են տալիս, որ, խստորեն քննադատելով Արեւմուտքին, մենք ոչ մի կծու խոսք չենք ասում Ռուսաստանի մասին։ Բացատրեմ, թե ինչու։ Թե՛ նախագահական, թե՛ քաղաքապետարանական ընտրությունների ընթացքում Ռուսաստանը բացարձակապես չի խառնվել մեր երկրի ներքին գործերին. Ռուսաստանն, ի տարբերություն Արեւմուտքի, երբեւէ չի ասել, որ Հայաստանն արժանի է Սերժ Սարգսյանի պես նախագահի, եւ վերջապես, Ռուսաստանը ոչ մի անգամ մեր երկրում ժողովրդավարության հաստատմանն աջակցելու փարիսեցիական հավաստիացումներ չի տվել եւ իր մտադրությունները չի քողարկել «վեհ» նկատառումներով։ Հետեւաբար, մենք Ռուսաստանին չենք քննադատում ոչ թե նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու, այլ այն պատճառով, որ Հայաստանի պարագայում նրա խոսքի ու գործի միջեւ տարբերություն չենք նկատում։

Ոմանք նաեւ դժգոհում են, որ մենք երբեմն քննադատությունը տեղափոխում ենք բարոյական հարթություն եւ ժողովրդի մեջ կասկածներ սերմանում արեւմտյան երկրների քաղաքական գործիչների ազնվության նկատմամբ։ Բացատրեմ նաեւ սա։ Վերջերս պատահաբար «Եվրոնյուզից» տեղեկացա, որ սոցիոլոգիական հարցումներից մեկի համաձայն՝ հարցվածների 86%-ը չի հավատում Եվրամիության երկրների քաղաքական գործիչների ազնվությանը։ Է՛հ, եթե իրենց ժողովուրդները չեն հավատում, մենք ինչու պիտի հավատանք։

Այս ամենն ասվում է ոչ թե Արեւմուտքի վարքագծի վրա ազդելու հավակնությամբ կամ նրանից ակնկալիքներ ունենալու մտքով։ Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ Արեւմուտքի հասցեին հնչող քննադատության զորությանը՝ մի ասպարեզ, որում ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը։ Միեւնույն է, այդ քննադատությունից Արեւմուտքի վարքագիծը մազաչափ անգամ չի փոխվելու, եւ նա շարունակելու է անել այն, ինչը մինչեւ հիմա արել է։ Արեւմուտքի մասին իմ դատողությունները նորություն կամ հայտնագործություն չեն։ Վերը նշված իրողություններին շատ ավելի հիմնավոր կերպով անդրադարձել են թե՛ երրորդ աշխարհի երկրների հազարավոր ներկայացուցիչներ, թե՛ նաեւ եվրոպացի ու ամերիկացի բազմաթիվ անաչառ քաղաքագետներ, պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ։

Մեկ տարուց ավելի անդադար խոսելով Արեւմուտքի մասին՝ ես իմ առջեւ ոչ թե նրան դատապարտելու կամ խրատելու, այլ բոլորովին այլ խնդիրներ էի դրել, այն է՝

1. որ հայ ժողովուրդը վերջնականապես թոթափի Արեւմուտքի «արդարամտության» հետ կապված սին պատրանքները.

2. որ Արեւմուտքը հայ ժողովրդին ցածր ռասայի կամ ապուշի տեղ չդնի ու իմանա, որ մենք ամեն ինչ հասկանում ենք.

3. որ Արեւմուտքի հանդեպ թերահավատությունը չտարածվի արեւմտյան կամ համամարդկային արժեքների վրա, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը հավաստել է իր անսասան հավատարմությունը։

Ուստի ես ձեզ կառաջարկեի ո՛չ ակնկալիքներ ունենալ, ո՛չ էլ նեղանալ Արեւմուտքից, այլ ընդունել այն, ինչպես որ կա, եւ նույնիսկ հումորով վերաբերվել նրան։ Մխիթարվենք, թերեւս, այն իրականությամբ, որ իշխանությունների հանդեպ վստահության ճգնաժամը գուցե ավելի խորն է Եվրոպայում, քան Հայաստանում, եւ դրանով ընդհանրապես փակենք Արեւմուտքի թեման։ Իմ կողմից խոստանում եմ՝ այլեւս երբեք չանդրադառնալ այդ անհետաքրքիր թեմային։

* * *

Քաղաքապետի ընտրություններից հետո բավականին մոդայիկ են դարձել այն խոսակցությունները, որ Հայ ազգային կոնգրեսին անհրաժեշտ է ընդլայնել իր դաշնակիցների շրջանակը եւ համագործակցության եզրեր որոնել մնացյալ ընդդիմադիր ուժերի հետ։ Գաղափարը միանգամայն ճիշտ է եւ վիճարկման ենթակա չէ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, այն որոշ պարզաբանումների կարիք ունի։

Նախ եւ առաջ, Հայ ազգային կոնգրեսը երբեւէ ընդդիմադիր դաշտում ամբողջատիրություն հաստատելու կամ մյուս քաղաքական ուժերին իր մեջ ձուլելու մտադրություն չի ունեցել եւ այսօր էլ չունի։ Գլխավորը մեզ համար եղել եւ մնում է ոչ թե կառուցվածքային միատարրությունը, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից երկրի եւ ազգի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծման անհրաժեշտության ընդհանուր գիտակցությունը։

Կոնգրեսը կամ նրան նախորդած Համաժողովրդական շարժումը երբեւէ չի հրաժարվել ընդդիմադիր որեւէ ուժի հետ համագործակցությունից։ Ավելին, որպես կանոն, ինքն է եղել համագործակցության համարյա բոլոր փորձերի նախաձեռնողը։ Հիշենք, թեկուզ, նախագահական ընտրությունների նախօրյակին մեր վարած բանակցությունները Դաշնակցության, «Օրինաց երկրի», «Ազգային միաբանության», «Ժառանգության», «Նոր ժամանակների», ԱԺՄ-ի եւ քաղաքական այլ ուժերի հետ։ Անկախ արդյունքից, անժխտելի է, որ բանակցությունների փաստն ինքնին երկխոսության որոշ մթնոլորտ ստեղծեց եւ քաղաքական մշակույթի նոր տարրեր մտցրեց երկրի կյանքում։

Թվարկված կուսակցություններից երկուսը՝ «Ժառանգությունը» եւ «Նոր ժամանակները» միացան Համաժողովրդական շարժմանը եւ նախագահական ընտրություններում սատարեցին նրա առաջադրած թեկնածուին։ Մնացյալները նախընտրեցին լքել ընդդիմադիր դաշտը եւ ապաստանել իշխանական ճամբարում։ Հետագայում, երբ ձեւավորվեց Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը» եւ «Նոր ժամանակները» հարմար չգտան ընդգրկվել նրա կազմում՝ շարունակելով իրենց անկախ ընդդիմադիր գործունեությունը։ Դրանով հանդերձ, Կոնգրեսի եւ «Ժառանգության» համագործակցությունն ամենեւին չդադարեց, ինչի ցայտուն վկայությունն են մասնավորապես նրանց բազմաթիվ համատեղ հայտարարությունները եւ Փաստահավաք խմբում ծավալած արդյունավետ գործունեությունը։

Իսկ ընդհանրապես ամենեւին կարեւորություն չպետք է տալ համագործակցության ձեւական կողմին։ Երբ տարբեր ընդդիմադիր կուսակցություններ կամ քաղաքական ուժեր, ընդհանուր շահի գիտակցությամբ, թեկուզ իրարից անկախ, պայքարում են իշխանությունների դեմ, նրանք ինքնաբերաբար դառնում են բնական դաշնակիցներ եւ ուժեղացնում միմյանց։ Այդպես է, ահա, Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» պարագայում։ Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, մասնավորապես Դաշնակցությանը եւ «Բարգավաճ Հայաստանին», ապա նրանք դեռ ընդդիմություն պիտի դառնան, որպեսզի նրանց հետ համագործակցելու անհրաժեշտությունից խոսվի։ Թեեւ հարկ է ճշտել, որ Դաշնակցությունը, կարծես թե, արդեն բռնել է այդպիսին դառնալու ճանապարհը, ինչն, անշուշտ, երկխոսության դուռ կարող է բացել։

Ինձ համար անհասկանալի է ընդդիմության դաշտում առաջացած հրմշտոցը։ Այդ դաշտն այնքան ընդարձակ է, որ կարող է տեղավորել բոլորին։ Վերջին հաշվով, քաղաքական որեւէ ուժի ետեւից գնալու որոշումը պատկանում է ժողովրդին։ Հայ ազգային կոնգրեսը, կայացած փաստ լինելով, ինքնահաստատման խնդիր չունի։ Մենք պատրաստ ենք ընդդիմության դաշտում գրկաբաց ընդունել ցանկացած կուսակցություն՝ չվախենալով մրցակցությունից եւ բաց չթողնելով համագործակցության որեւէ առիթ։ Հասարակության մեջ վհատություն ու հուսահատություն սերմանողները կամ ընդդիմության դաշտը պառակտել փորձողները մի կողմից՝ ակամա (չեմ ուզում կարծել՝ թե դիտավորյալ) ծառայություն են մատուցում իշխանություններին, մյուս կողմից՝ իրենց դատապարտում են մարգինալացման։ Կոնգրեսն իր պարտքն է համարում ամեն ինչ անել այդ պառակտումը թույլ չտալու համար եւ համագործակցության ձեռք է մեկնում բոլոր ընդդիմադիր ուժերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել