Երեկ, ի թիվս այլ քննական կենտրոնների, շրջանավարտները օտար լեզվի միասնական պետական քննություն հանձնեցին նաեւ Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոնում: Քանի որ այստեղից նախորդ քննությունների ժամանակ որոշակի բողոքներ էին եղել, այս անգամ էլ այցելեցինք այդ քննակենտրոն:
Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ երեխաները քննության էին հրավիրված առավոտյան ժամը 8-ին, սակայն, ի տարբերություն հայոց լեզվի, երբ քննությունը սկսվել էր ժամը 10-ին, այս անգամ այն սկսվեց 9.20-ին: Դրսում հավաքված ծնողներին մի բան էր միայն հուզում՝ երեխաները հաջող հանձնեն քննությունը, քանի որ մաթեմատիկայի եւ հայոց լեզվի քննություններից հետո շատ էին լարված ու դժգոհ: Ծնողները պատմեցին, որ այդ առարկաներից ցածր են եղել գնահատականները, այն դեպքում, երբ իրենց երեխաները լավ են պատրաստվել քննություններին: Սերինե անունով մի ծնող ասաց, որ երեխաները մի քիչ վախենում են հայոց լեզվի եւ մաթեմատիկայի քննություններից առհասարակ: Նկատեցի, որ անգլերենի քննությունից, փաստորեն, չեն վախենում, որովհետեւ ե՛ւ ծնողների, ե՛ւ, մանավանդ, երեխաների տրամադրությունը բարձր էր, եւ նրանք շատ հանգիստ էին: Մոտ 2 ժամ անց դուրս եկան առաջին հանձնողները, ովքեր իրոք վստահ տեսք ունեին: Մի տղա այն հարցիս, թե ինչպես հանձնեց, միանգամից պատասխանեց. «Լավ, նորմալ»: Ապագա ուսանողուհիներն ավելի զրուցասեր էին: Կիմա Բագրատունյանը նշեց, որ շատ էր վախենում, բայց գոհ էր եւ տեքստերն էին հեշտ: Քնարիկ Աբրահամյանը պատմեց. «Ներսում շատ խիստ էին: Նույնիսկ մի քանիսին դուրս հանեցին լսարանից՝ շրջվելու եւ խոսելու համար»: Իսկ Ջուլիետա Ստեփանյանն ասաց, որ այս անգամ ավելի հանգիստ են եղել եւ լավ են գրել:
Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են մեր երեխաները ավելի շատ վախենում մայրենի լեզվի քննությունից, փոխարենը այդքան շատ վստահում օտար լեզվի իմացությանը: Կոնկրետ այս հարցիս մի ծնող պատասխանեց, թե հայոց լեզուն բարդ է, այդ իսկ պատճառով մերոնք վախենում են:
Ընդհանուր առմամբ քննական մթնոլորտը դրսում հանգիստ էր, հուզված մարդիկ չկային: Միայն ամենավերջինը դուրս եկած աղջիկն էր լալիս եւ չէր կարողանում զսպել արցունքները: Քրոջը պատմում էր, որ լավ է գրել, ուղղակի հուզվել է: