Հասարակությանն ու լրագրողներին հորդորում է ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը
– Ի տարբերություն կրթության եւ գիտության նախարարի, Դուք նոր մարդ չեք միասնական պետական քննությունների համակարգում: Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա քննությունների ընթացքը՝ նախորդ երկու տարիների համեմատ: Եվ ինչի՞ հետ եք կապում այս տարվա քննություններից դժգոհությունների մեծ քանակը:
– Ես նաեւ նախորդ տարվա քննությունների պատասխանատուներից մեկն եմ: Անցած տարիներին այս համակարգի կայացմամբ մարդիկ են զբաղվել, որոնք դրա նվիրյալն են եղել, եւ այնպես են արել, որ ամեն ինչ լավ լինի, բայց մյուս կողմից՝ այնպես լինի, որ հաջորդ տարի ավելի լավ լինի, հետո՝ ավելի լավ եւ այդպես շարունակ: Մեր հիմնական չափանիշը հետեյալն է եղել՝ ամեն տարին նախորդ տարվանից ավելի լավ պետք է լինի: Դա ոչ թե նախորդ տարվա վրա ստվեր է գցում, այլ ցույց է տալիս, որ շահագրգիռ մարդկանց պատասխանատու վերաբերմունքն է: Եվ այդպես էլ շարունակվելու է, անկախ այն բանից, թե ով կլինի նախարար, փոխնախարար, ԳԹԿ ղեկավար… Մենք զարգացման լոգիկայով գնում ենք. այն ինչ սովորեցինք նախորդ տարի, աշխատում ենք այս տարի հաշվի առնել եւ այդ իմաստով հաստատ կա առաջընթաց, նկատելի է: Կարծում եմ, որ համակարգը կայունացման արագ փուլ է անցնում:
– Եթե այդքան նկատելի է առաջընթացը, ինչո՞վ եք բացատրում, որ այս տարի, ի տարբերություն նախորդների, այդքան շատ են դժգոհությունները:
– Դրանց չպետք է անվանել դժգոհություններ, դրանց պետք է անվանել ռեակցիա: Ֆիզիկայի օրենք կա, որը գործում է նաեւ հասարակության մեջ՝ ինչքան մեծ է ազդեցությունը, այնքան մեծանում է հակազդեցությունը: Աստվածաշնչում էլ է այդպես. եթե մարդը գնում է դեպի մաքրություն, Սատանան ավելի ուժեղ փորձությունների է ենթարկում:
– Ուզում եք ասել՝ այս տարի ավելի մաքո՞ւր էր ամեն ինչ:
– Չէ, ուզում եմ ասել՝ ինչքան ավելի դրական երեւույթներ են նկատվում, այնքան հակազդեցությունն ուժեղ է:
– Իսկ ո՞րն է ավելի դրական երեւույթը:
– Հիմա ասեմ: Օրինակ, այս տարի ահռելի դժվար էր ինչ-որ գործ անելը փողով: Տեսեք ինչքան զգույշ եմ արտահայտվում: Չեմ ասում՝ վերացել է, բայց դժվարացել է: Օրինակ, ինձ զանգել են, ասում են՝ այդ ի՜նչ եք ձեզ թույլ տալիս ԳԹԿ-ում, գները հասցրել եք 50 հազարի: Չեն մտածում, որ դրանով ինձ ուրախացնում են, որովհետեւ, եթե գինը հասել է 50 հազարի, դա նշանակում է, որ դժվար է այդ բանն անելը, թե չէ՝ էժան կլիներ: Ամեն մարդ դա գլխի չի ընկնում: Տեսնում են գինը բարձր է, մտածում են՝ էս ի՜նչ ահռելի թիվ է այս տարի, տեսեք ի՜նչ գներ են: Էլ չեն մտածում, որ գները բարձրացել են, որովհետեւ ավելի դժվար, կարելի է ասել՝ անհնարին է դարձել այդ գործը անել:
– Վերդառնանք քննությունների բովանդակային մասին: Հայոց լեզվի եւ հայ գրականության թեստից էին հիմնական բողոքները, եւ հատկապես այն մասով, որ որոշ առաջադրանքներ իրենց մեջ պարունակում էին մի քանի առաջադրանք, ու ստացվում էր, որ երեխան, փոխանակ 80 առաջադրանք լուծի, անում էր շատ ավելին, կային նաեւ շեղումներ ուղեցույցից: Դուք տարվա ընթացքում պարբերաբար ասուլիսներում, հարցազրույցներում ասում էիք, թե առաջնորդվելու եք միայն ուղեցույցներով, ոչ մի շեղում չի լինելու, այնինչ՝ եղան:
– Ինչ շեղումներ կան, կասե՞ք:
– Օրինակ՝ ուղեցույցում տրված է գրողների այն գործերի ցանկը, որոնց մասին լինելու են հարցեր թեստերում, եւ դրանց մեջ չկա «Խմբապետ Շավարշը», սակայն թեստում կար հարց՝ դրան վերաբերվող…
– Կներեք, բայց ինձ արդեն սպանեցին էդ խմբապետ Շավարշով… Մի հարց տամ, հա՞, թեստում 80 հարց է, այդ մեկը հանեցինք, մնացած 79-ում կա՞ր շեղում:
– Հենց այն, որ մի քանի առաջադրանք ավելի էին բարդացված, այսինքն՝ կազմված էին ենթաառաջադրանքներից:
– Լավ, թող էդպես լինի: Ասենք թե 5-ն էլ հանենք, 75-ում եղե՞լ է շեղում: Եթե 80 հարցից ընդամենը 4-5-ը ուղեցույցին չեն համապատասխանում, դա չի կարելի ասել՝ ուղեցույցից շեղված է:
– Բայց չէ՞ որ ո՛չ մի շեղում չպիտի լիներ:
– Հնարավոր է, որ լինեն 1-2-ը, բայց մենք ամեն տարի, առանց հրաժարվելու եւ վատ զգալու, եթե լինում են նման շեղումներ, ընդառաջ ենք գնում երեխաներին, եթե ապացուցում են, բարձրացնում ենք գնահատականը 0,25 միավորով կամ 0,5-ով:
– Այս տարի կլինի՞ նման բան:
– Եթե կարողանան ապացուցել, որ նման բան է եղել, անպայման:
– Իսկ ինչո՞վ եք բացատրում, օրինակ այն, որ ա՛յ, այսօր անգլերենի քննությունն էր, բայց որեւէ դժգոհություն չկար, համենայնդեպս ինձ չհանդիպեցին դժգոհ երեխաներ կամ ծնողներ, բոլորն էլ ասում էին՝ նորմալ թեստ էր, առանց ծուղակների: Ուզում եմ ասել, որ ծնողները կամ երեխաները հատուկ, չեղած տեղից աղմուկ չեն բարձրացնում: Եղել են թերացումներ՝ դրանց մասին բարձրաձայնել են: Նույնն էլ մաթեմատիկայի դեպքում. ասում էին, որ դժվարություններ եղել են, բայց ոչ մեկը չէր ասում՝ թակարդներ կային, ականներ կային, դպրոցական ծրագրից դուրս էր եւ այլն: Միակ դժգոհությունն այն էր, որ ժամանակն էր քիչ, չէր ներում:
– Հայերենի մասով ասեմ, որ բոլորս մեզ հայերենի մասնագետ ենք երեւակայում: Եթե մարդը լավ մաթեմատիկ է, բժիշկ է կամ ուղղակի քիչ թե շատ կրթված, ինտիլիգենտ մարդ է, իրեն իրավունք է վերապահում հայերենի մասին կարծիք հայտնելու, իրեն մասնագետի տեղ է դնում: Ոչ մի մաթեմատիկ չի ասի, թե գիտի կույր աղիք վիրահատել, բայց հայոց լեզու-գրականությունից մասնագետ է համարում իրեն: Նախ այդ պրոբլեմը կա: Երկրորդ գործոնը հետեւյալն է. շատ ամոթալի բան է, որ հայոց լեզվի մասնագետներն ու խոշոր մասնագետները, ի ամոթ իրենց, մեր ողջ հասարակությանը ցուցադրում են իրենց անձնական շահերը: Նրանք չունեն ընդհանուր շահեր, որոնց համար զոհաբերեն իրենց անձնական շահերը: Եվ իրենց այդ ներքին գզվռտոցի պատճառով հասարակությունը հիասթափվում է իրենցից: Կարծում եք մաթեմատիկայի կամ կենսաբանության մասնագետների մոտ նման վեճեր չկա՞ն: Իհարկե, կան, բայց ոչ մի մաթեմատիկոս կամ կենսաբան իրեն թույլ չի տա իր կոլեգաների մասին հրապարակավ նման բաներ արտահայտվի, ասի անգրագետ է եւ այլն: (Նկատենք. որ հենց մեր թերթում բազմաթիվ են օրինակները, երբ քիմիկոսները կամ ֆիիզիկոսները հրապարակավ մեղադրում են իրար անգրագիտության, գիտությունը փչացնելու եւ այլնի մեջ-Մ.Բ.): Ի՞նչ է շահում ազգը, որ մի պրոֆեսորը մյուսի մասին ասում է՝ նա «0» գիտելիք ունի: Պատկերացնո՞ւմ եք դրա հետեւանքը: Չեն հասկանում ինչ են անում: Ես ուզում եմ հայոց լեզու եւ գրականություն մասնագիտութան բոլոր պրոֆեսորներին ասել՝ ամոթ է, ձեր կեղտը մի դուրս բերեք հասարակության առաջ:
– Այս ամենի արդյունքում չե՞ք գտնում, որ ճիշտ կլինի, եթե թեստ կազմելու գործընթացին նաեւ դպրոցից մարդիկ մասնակցեն, որոնք ավելի լավ են տեղյակ դպրոցական ծրագրին եւ երեխայի հոգեբանությանը:
– Կա՛ն դպրոցից մարդիկ: Ես ինքս եմ անցած տարի ստիպել, որ այդ խմբում երկու ուսուցիչ ընդգրկվի: Բայց եկեք հարցին այլ կողմից նայենք. ինչպե՞ս ենք մեր այս աղքատ պայմաններում թեստեր գրում: Մենք դիմում ենք բոլոր բուհերին, որ մինչեւ հունվար-փետրվար ամեն մի բուհ գաղտնի երկու թեստ ուղարկի ԳԹԿ: Վերջնական թեստ կազմողը պարտավոր է այդ բոլոր առաջարկներից ինչ-որ մի բան ընդգրկել: Երբ ինքը հաշվետվություն է գրում, պիտի գրի՝ այս առաջադրանքը այս բուհի թեստից եմ գրել, այս մեկն այստեղից եւ այլն: Ամեն բուհ ուղարկում է 160 հարց (2 թեստ՝ 80 հարցով), դրանցից գոնե երկու հատ պիտի ընտրի: Եվ հետո ավելացնի իրենց ինչ-որ մի բան: Մենք մի հինգ տարվա մեջ կհավաքվենք բազա եւ դրանից հետո արդեն հաշվիչ մեքենան կընտրի թեստերի առաջադրանքները եւ մարդուց այլեւս ոչինչ կախված չի լինի:
– Վերադառնանք ամենացավոտ խնդրին՝ կաշառքին…(Տարօրինակ զուգադիպությամբ այդ պահին ներս մտավ ԳԹԿ-ի աշխատակիցը, որը վերահսկում էր քննությունը Գյումրիի թիվ 10 դպրոցի քննակենտրում: Նա մի շրջանավարտի ձեռքից վերցրել էր հեռախոսը, որի մեջ անգլերենի ճիշտ պատասխաններով SMS-ն էր, եւ բնականաբար երեխային դուրս էր հանել քննությունից): Այ, ճիշտ պահին էր սա: Ինձ հետաքրքրում է՝ որտեղի՞ց է նա իմացել ճիշտ պատասխանը:
– Ասեմ, որ մենք էլ ենք ուզում բացել այդ գաղտնիքը, եւ դիմել ենք Ազգային անվտանգությանը: Պետք է ուսումնասիրենք, թե որտեղից են իմանաում: Այդ երեւույթը մեր հասարակությունում պետք է վերանա: Ես չգիտեմ դա ե՞րբ կլինի, բայց ես գիտեմ, որ դրա դեմ պիտի պայքարեմ: Կամ մենք պիտի պայաքարենք ու դա վերացնենք, կամ ձեռքներս լվանանք: Ես չեմ կարող ձեռքերս լվանալ: Մենակ ես չեմ, կան մարդիկ, որ ինձ ոգեւորում են: Պետք է հասարակությունը դա ցանկանա: Եթե ամեն մեկս մեր հարեւանին ամոթանք տանք կաշառք տալու համար, իր վերաբերմուքնով ամոթանք տա, նոր մի բան կփոխվի: 100 ծնողից 99-ը, երբ որ տեսնի մեկի ձեռքը շպարգալկա կա, ձեռքը չի բռնի, ամոթանք չի տա: Բայց չէ՞ որ իր երեխայի հաշվին է դա:
– Բայց չէ՞ որ նրանք իրավապահ մարմիններ չեն, թող իրավապահներն իրենց գործը անեն: Ինչո՞ւ պիտի ուրիշ երեխաների ծնողները պայքարեն դրա դեմ:
– Եթե ուզում ես պրոբլեմը լուծվի, պետք է արդար լինես Աստծո ու հասարակության առաջ, պիտի ասես՝ հասարակությո՛ւն, մինչեւ դու քո հարեւանի երեսին չթքես, ես գնահատման եւ թեստավորման կենտրոնին ոչ մի բառ չեմ ասելու: Ես տարբեր ընկերներ ունեմ, ու բոլորին տարբեր վերաբերմունքով եմ մոտենում, մեկին ժպիտով եմ բարեւում, մյուսին՝ առանց ժպիտ, եւ ինքը զգում է, որ իմ արժեքային համակարգին դեմ է գործում, ես իրեն այդպես եմ վերաբերվում: Եթե դուք՝ լրագրողներդ, մեր հասարակությանը այս գաղափարախոսությունը չներշնչեք, մենք էդ պրոբլեմը չենք լուծի:
– Մեր հասարակությանը ծանո՞թ չեք, մեկը նման բան ասի, կասեն՝ նախանձում ես, որ դու այդ հնարավորությունը չունես:
– Մենք կամ պիտի մեր հասարակության վրա երկու կողմից աշխատենք, կամ էլ մենք պիտի աշխատենք, դուք ասեք՝ հասարակությունդ կեղտոտ է;
– Լավ, հասարակության դաստիարակության գործը թողնենք մի կողմ: Պարզ օրինակ բերեմ. մի քանի հոգի ասում են, որ հայոց լեզվի քննության ժամանակ ԵՊՀ վերեւի հարկի քննասենյակի երեխաները բարձր բալեր են հավաքել: Հնարավոր չի՞ դա ստուգել:
– Եթե սատանան էլ գա, ոչ մի բան չի կարող ապացուցել: Ես ասում եմ, որ այս տարվա քննությունները անցյալ տարվա քննություններից մի գլուխ մաքուր են եղել: Դուք գիտեք ի՜նչ հանցագործություն եք անում հայ ազգի առջեւ:
– Ե՞ս:
– Դո՛ւք: Մարդը, որ գնում է սատանայի դեմ պայքարելու, այդ պայքարում մի քիչ առաջ է գալիս, ուզում եք նրան կոտրեք, որ ասի՝ տո, չեմ էլ անելու, պետքս էլ չի, ես գնամ կռիվ անեմ, սրա աչքից-նրա աչքից ընկնեմ, մի հատ բիծ տեսնեն, ընդհանրացնեն, ասեն՝ վա՞տ է:
– Այսինքն, ուզում եք, որ մենք չգրենք այն, ինչ տեսնում ենք, կամ բողոքում են՝ մտածելով, որ ինչ-որ մեկին կոտրո՞ւմ ենք:
– Ոչ, տղամարդավարի գրեք, որ անցյալ տարի այսպես էր, այս տարի այսպես է, համ լավը, համ վատը: Այս տարի մի հատ լավ բան չե՞ք տեսել:
– Այո, կա մի լավ բան, որ, ի տարբերություն նախորդ տարիների, որ բոլորը համատարած բարձր բալերով ընդունվում էին, եւ չընդունվելն ավելի դժվար էր, քան ընդունվելը, այս տարի կա որոշակի շեմ, որից ցածր գիտելիք ունեցողն ուղղակի կտրվում է: Լավ է այն, որ ընդհանուր առմամբ բարդանում են առաջադրանքները, բայց…
– Չէ, այդ «բայցը» դեռ մի ասեք, թողեք մի քիչ հոգեբանորեն ուշքի գամ, հետո նորից վատը ասեք: Ես խնդրում եմ՝ այդ լավն էլ գրեք, միայն վատը մի գրեք: Չէ՞որ այսքան ջանք է թափվում, այսքան աշխատանք է տարվում: Գրեք արդար, Աստծու առաջ արդար եղեք, մնացածը դուք գիտեք:
– Հիմա շարունակեմ իմ «բայցը»: Շատ լավ է, որ գիտելիք չունեցողները, կամ պակաս գիտելիք ունեցողները զրկվում են բարձրագույն ուսում ստանալու հնարավորությունից, որովհետեւ բարձրագույն կրթությունն, ի վերջո, չպետք է վերածվի պարտադիր հանրակրթության: Շատ լավ է, որ շատ գիտելիք ունեցողն ավելի բարձր բալեր է ստանում, բայց շատ վատ է, որ ամենաթույլերը ստանում են ամենաբարձր բալերը:
– Ցավում եմ, բայց կա նման բան: Բայց ես միայն մի բան կարող եմ ասել. այս տարի շատ ավելի քիչ են նման դեպքերը, ու մյուս տարի ավելի քիչ են լինելու: Մաթեմատիկայից ասեմ, որ դա բոլորովին տոկոս չի կազմում, հատուկենտ են: Անգլերենից՝ նույնը: Եվ այդ քաղաքականությունը, որ գնալով ավելի որակյալ թեստեր են լինելու, եւ արդյունքում լավը մնալու է, վատը՝ մաղվելու, կշարունակվի…