Սա է սոցիոլոգների դեղատոմսը՝ քաղաքական գործիչների գործիքը չդառնալու համար
Հայաստանյան հասարակության մեջ սոցիոլոգիական հարցումների մասին սկսում են խոսել հիմնականում ընտրություններից ընտրություններ: Այնինչ, արտասահմանյան զարգացած երկրներում որեւէ բիզնես դնելուց առաջ գործարարները հատուկ մասնագետների օգնությամբ սոցիոլոգիական հարցումների միջոցով ուսումնասիրում են շուկան, որպեսզի մեկ տարուց հետո իրենց բիզնեսը չտապալվի: ՀՀ-ում այսպիսի երեւույթի հազվադեպ կարելի է ականատես լինել:
Աշխարհում գոյություն ունեցող հիմնախնդիրները եւ սոցիոլոգիայի բնագավառում եղած մարտահրավերները հունիսի 11-14-ը աշխարհի շուրջ 50 երկրից ՀՀ ժամանած մասնագետները կքննարկեն «Սոցիոլոգիան խաչմերուկներում» խորագրով գիտաժողովի ընթացքում:
«Առավոտը» զրուցեց գիտաժողովի մի քանի արտասահմանցի մասնակիցների հետ: Նրանք հիմնականում խոսեցին սոցիոլոգիայի առաջ ներկայումս ծառացած խնդիրների մասին, մասնավորապես սոցիոլոգիա-քաղաքականություն փոխադարձ կապի մասին, ինչը հաճախ վերածվում է այնպիսի հարաբերության, երբ սոցիոլոգիան, այսպես ասած, կատարում է քաղաքական գործիչների պատվերը: Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումի եւ Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նախագահ Բյորն Վիտրոկը նշեց. «Գիտության այս բնագավառում ներկայումս գոյություն ունեցող ամենալուրջ խնդիրը մարդկային կեցության եւ կենսապայմանների փոխհարաբերությունների հարցն է: Այստեղ խնդիրը ոչ միայն աղքատությանն է վերաբերում կամ այլ սոցիալական հարցերի, այլեւ մարդու՝ ժամանակին համընթաց զարգացմանը: Իհարկե, սոցիոլոգիան իր ծագումնաբանությամբ գիտության մի բնագավառ է, որի նպատակն է ներթափանցել սոցիալական խնդիրների խորքը, որոնք ունեն քաղաքական հիմքեր: Բայց, այնուամենայնիվ, պետք է սոցիոլոգիան հեռու մնա քաղաքականությունից»:
Բեռլինի «Ֆրի» համալսարանի պրոֆեսոր Վիլֆրեդ Սփունն էլ «Առավոտին» ասաց. «Այսօր սոցիոլոգիան պիտի փորձի պատասխաններ տալ համաշխարհային մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք կապված են ազգերի դերակատարության, էթնիկ խնդիրների հետ: Հատկապես այդպիսի խնդիրներ են առաջացել ներկայումս կովկասյան տարածաշրջանում: Գլոբալիզացիայի ազդեցությունը տարբեր բնագավառների վրա եւս ներկայումս դարձել է սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկա, պակաս կարեւոր չէ նաեւ ուսումնասիրությունը ներկայիս եւ վաղ հասարակությունների համեմատության ասպարեզներում»:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարող են սոցիոլոգները խուսափել քաղաքական գործիչների ձեռքին գործիք դառնալուց: Վ. Սփունը պատասխանեց. «Սոցիոլոգները հնարավորինս պետք է հեռու մնանք քաղաքականությունից, քանի որ մեր գործն է ընկղմվել գիտության եւ սոցիալական խնդիրների խորքերը»:
Իսկ Համաշխարհային սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Միշել Վիվյորկան նկատեց. «Ճիշտ չէ այն կարծիքը, ըստ որի՝ սոցիոլոգիան փորձում է ինչ-որ բան կանխատեսել: Պետք է հասարակությունը կարողանա սոցիոլոգիական ուսումնասիրություններն օգտագործել, հակառակ դեպքում դրանք կլինեն անօգուտ: Իսկ քաղաքական գործիչներին սոցիոլոգները պիտի ստիպեն խնդիրները լուծել բանավեճերի միջոցով»: