Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԸ ՆՈՒՐԲ ՈԼՈՐՏ Է

Հունիս 13,2009 00:00

Միասնական քննությունների ներկայիս բովում կարծես մի փոքր անուշադրության են մատնվել արվեստի բուհերը, որտեղ մասնագիտական առարկաներից ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսին:

Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանը եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դեկան Նարինե Սարգսյանը: Արդեն երկու տարի է՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ընդունելության քննությունները կազմակերպվում են Գյումրիում: Ս. Գեւորգյանը խոսեց դրա արդյունավետության մասին, նշելով, որ դիմորդներն այլեւս ստիպված չեն լինի գալ եւ օրերով օթեւանել մայրաքաղաքում ապրող իրենց բարեկամների տներում, որպեսզի հանձնեն ընդունելության քննությունները: «Առավոտը» տիկին Գեւորգյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չկա՞, որ, ինչպես ասում են, աչքից հեռու ինչ-որ մարդիկ կկարողանան այդ իրավիճակից օգտվելով դիմել որոշ զեղծարարությունների: Ս. Գեւորգյանը պատասխանեց. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր բուհերում այդ երեւույթը ի սկզբանե չի եղել, հիմա էլ չկա: Մյուս կողմից էլ այն արատավոր երեւույթները, որ կան մայրաքաղաքում, կարող են լինել նաեւ շրջաններում եւ հակառակը: Բայց արվեստը գոնե հեռու է ձեր նշած երեւույթներից»: Լրագրողներն նկատեցին. «Երբ բանակի տարկետման հարցը մտավ շրջանառության մեջ, արվեստի բուհերում էլ առաջացան խնդիրներ»: Տիկին Գեւորգյանը նշեց. «Օրինակ՝ այս տարի մեզ մագիստրատուրայի 6 տեղ է տրվել, իսկ Գյումրիի մասնաճյուղում՝ ընդամենը 2: Չեմ կարծում, որ դրանք որեւէ որակ, առիթ կամ պատճառ դառնան»: «Առավոտի» մյուս հարցը վերաբերում էր շրջանառվող այն խոսակցություններին, որ հնարավոր է փոփոխություններ մտցվեն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում եւ բակալավրիատն ավարտած բոլոր երիտասարդներին զորակոչեն բանակ: Հետաքրքրվեցինք, որքանո՞վ է նպատակահարմար հնարավոր այս փոփոխությունը: Ս. Գեւորգյանը պատասխանեց. «Եթե ծառայության ժամանակ երիտասարդները շարունակեն զբաղվել իրենց մասնագիտությամբ, հնարավոր է խնդիրներ չառաջանան: Բայց եթե ծառայելու են բոլորի պես, դա արդեն լավ չէ, քանի որ արվեստը շատ նուրբ բնագավառ է»:

Այս տարվա դիմորդների հոսքի մասին խոսելով՝ Նարինե Սարգսյանը նկատեց. «Այս տարի մեր բուհում նկատվում է դիմորդների թվի աճ: Սակայն անկում է նկատվում տեսական մասնագիտությունների գծով՝ գրական ստեղծագործություն, թատերագիտություն, կինոգիտություն: Ուստի առաջանում են թափուր տեղեր»: Բանախոսները դժգոհեցին հատկապես դիմորդների՝ հայոց լեզվի պատրաստվածության աստիճանից: Տիկին Սարգսյանն ասաց. «Ատեստատների 18-ները, 20-ները, պարզվում է, հաճախ չեն համապատասխանում իրականությանը: Երեխաները չեն տիրապետում տարրական ուղղագրական կանոններին: Սա միայն մեր բուհի խնդիրը չէ»: Իսկ Ս. Գեւորգյանը նկատեց. «Սա հանրակրթական դպրոցի թերություններից է: Ճիշտ էր այն որոշումը, ըստ որի՝ բոլոր բուհերում պիտի դասավանդվի հայոց լեզու եւ գրականություն առարկան»:

Արտասահմանյան համագործակցության մասին խոսելիս Նարինե Սարգսյանը նկատեց. «Նախկինում իջեցվում էին նպատակային տեղեր: Այսօր էլ դա կա, ուղղակի այդ տեղերը մշակույթի նախարարությունը հատկացնում է առանց մեզ հետ համագործակցելու. ճիշտ կլիներ՝ մեկ տարի առաջ կոնկրետ տեղերի պայմանավորվածություն լիներ, որ հետո կորուստներ չլինեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել