Ըստ Կոտայքի մարզպետարանի, մարզի բնակչությունը մարզպետին սիրում է այնպես, ինչպես նույնիսկ Ռոմեոն չի սիրել Ջուլիետին:
Պաշտոնյայի կողմից հասարակության համար բաց լինելու, հասարակության առաջ հաշվետու լինելու, հասարակությանը բանի տեղ դնելու տարբեր դրսեւորումներ կան: Ու դրա համար կարելի է այս կամ այն բանը անել կամ չանել: Օրինակ, կարելի է թիկնապահներ չունենալ, մեկ-մեկ փողոցում լինել, որ մարդիկ քեզ տեսնեն ոչ միայն էկրանին, կարելի է հանցագործ հակումներ ունեցող ազգականներին երես չտալ ու հետո էլ նրանց չազատել արդարադատությունից: Կարելի է չչարաշահել պաշտոնը: Եվ, վերջապես, կարելի է հասարակությանը ներկայացնել իրական կատարած աշխատանքը: Հայաստանի Հանրապետության բոլոր 10 մարզպետներն էլ քաղաքացիներից նամակներ են ստանում եւ ընդունում քաղաքացիների: Սակայն միայն հինգն է հանրությանը ներկայացրել այս դիմումների եւ ընդունելությունների պատկերը: Ոչ միշտ՝ իրական ու արժանահավատ:
Նախ նշենք, որ մարզպետները իրենց ստացած դիմումների մասին բարձրաձայնելու որեւէ պարտավորություն չունեն: Պարզապես նման տեղեկությունների ճիշտ ներկայացումը հրապարակային եւ թափանցիկ աշխատելու դրսեւորում է, իսկ նույն տեղեկությունների PR-ային տարբերակով մատուցումը՝ արդեն քարոզչություն:
Եվ այսպես, դիմումների եւ քաղաքացիների ընդունելությունների մասին ոչ տարվա, ոչ եռամսյակի կտրվածքով տեղեկություններ չեն տարածել Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի եւ Վայոց ձորի մարզպետարանները: Մնացած հինգը տարածել է, սակայն…
Մեկ ընդհանրություն: ՀՀ քաղաքացիները բոլոր մարզպետներին էլ դիմում են տարբեր հարցերով: Նաեւ նյութական օգնության, այդ թվում՝ բնակարանով ապահովելու եւ աշխատանքի տեղավորելու հարցերով:
Կոտայքի մարզում ակնհայտորեն շահգալդյանական կարգեր ու բարքեր են: Իբր քիչ է, որ մարզպետը, Չարենցավանի քաղաքապետը, մարզից ընտրված պատգամավորը ու մի շարք չերեւացող պաշտոնյաներ (դպրոցի տնօրեն եւ այլն) նույն ընտանիքից են, հիմա էլ՝ պարզվում է, մարդիկ մարզպետ Կովալենկո Շահգալդյանին սիրում են, սիրում, սիրում: Ըստ մարզպետարանի փետրվարին տարածած տեղեկության, «քաղաքացիների հետ ունեցած զրույցները հերթական անգամ փաստում էին, որ հիշյալ ընդունելություններն ունենում են իրենց դրական ազդեցությունը եւ նպաստում են մարզի բնակիչների կողմից բարձրացվող բազում հարցերի հրատապ լուծմանն ու արժանանում նաեւ նրանց գոհունակությանը»: Նույնը՝ ապրիլին, «ընդունելությանը մասնակցած քաղաքացիների հետ ունեցած զրույցները փաստում էին, որ վերջիններս իրենց դրական վերաբերմունքն են արտահայտում ամենշաբաթյա պարբերականությամբ կազմակերպվող այս նախաձեռնության նկատմամբ, միաժամանակ գոհունակություն եւ երախտագիտություն էին հայտնում Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանին՝ իրենց համբերատար լսելու եւ ծառացած հիմնահարցերին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար»: Նույնը՝ մայիսին, «Քաղաքացիների հետ ունեցած զրույցները հերթական անգամ փաստում են, որ մարզի ազգաբնակչության խնդիրներին հաղորդակցվելու այսօրինակ ձեւաչափն արդյունավետ է ու դրական ընդունվելուն զուգահեռ՝ ընձեռում է բազմաթիվ առօրեական խնդիրների լուծման հնարավորություն, արժանանալով ընդունելություններին մասնակցողների գոհունակությանն ու գնահատանքին»:
Երեխաների ընդունելության քննությունների մասին տեղեկատվությունը նույնպես մարզպետ Շահգալդյանի գովքի տրամաբանության մեջ է: «Շահգալդյանը շրջեց քննասենյակներում, բարեմաղթանքներ հղեց դպրոցականներին… հերթական այս այցելության ընթացքում Կոտայքի մարզպետը տեւական ժամանակ հատկացրեց քննական կենտրոնի բակում հավաքված ծնողների հետ զրուցելու համար, պատասխանեց նրանց հետաքրքրող ամենատարբեր հարցադրումներին»:
Այսպես շարունակվելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ մարզպետարանի լրատվական ծառայությունը մարզպետին կհռչակի ժողովուրդների հայր՝ մարզի մակարդակով:
Ոչ Կոտայքի չափ, բայց PR-ային է Սյունիքի մարզպետի ընդունելությունների մասին պաշտոնական ու շատ ժլատ տեղեկությունը: «Մայիս ամսվա քաղաքացիների հերթական ընդունելության օրը Սյունիքի մարզպետարանում հաշվառվել եւ ընդունելությանը մասնակցել է 31 մարդ՝ մարզի տարբեր տարածաշրջաններից: Միայնակ թոշակառու Ռիմա տատը, որին մարզպետարան էին բերել բնակարանի գազիֆիկացման հարցի ձգձգումն ու ֆինանսական դժվարությունները, խնդրի լուծումից գոհ՝ խոսքեր չէր գտնում մարզպետին իր երախտագիտությունը հայտնելու համար: Մարզպետի առաջարկով Ռիմա տատն այսուհետ նաեւ հեռախոսահամար կունենա: Ընդունելության օրը, չնայած ծանրաբեռնվածությանը, մարզպետը հասցրեց ընդունել նաեւ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ «Հաշմանդամային սպորտի հայաստանյան ազգային ֆեդերացիայի» նախագահ, առագաստային մարզաձեւի սպորտի վարպետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Սամվել Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությանը», սա է Սյունիքի մարզպետարանի տարածած մամուլի հաղորդագրությունը: Կամ էլ սա. «նախապես ցուցակագրված 59 քաղաքացիների փոխարեն, մարզպետն ընդունեց 62 մարդու: Ընդունելության եկած քաղաքացիներին տրվեցին սպառիչ պատասխաններ»: Իսկ սպառիչը կարող է լինել եւ դրական, եւ բացասական: Ընդհանրապես, այս կարգի տեղեկությունը այնպես է մատուցվում, ասես քաղաքացուն ընդունելը եւ նրա խնդիրները լուծելը ոչ թե մարզպետի պարտականությունն է, այլ՝ մեծահոգության արդյունք:
Չոր թվերի լեզվով եւ առանց որեւէ էմոցիաների ընդունելությունների մասին տեղեկություններ են տարածել Արմավիրի, Արագածոտնի եւ Տավուշի մարզպետարանները: Ամենահետեւողականն ու կարգապահը Տավուշի մարզպետարանն է, որը ոչ միայն դիմումների եւ ընդունելությունների տարեկան եւ եռամսյակային պատկերն է տարածում, այլ մարզպետի ամեն ընդունելությունից հետո է տեղեկացնում, թե մարզի որ համայնքներից քանի մարդ է ընդունվել, ինչ հարցով: Տավուշի մարզպետարանը նաեւ հավելում է, որ լուծվող հարցերը տեղում լուծվել են, իսկ ուսումնասիրություն պահանջող հարցերի համար՝ հանձնարարականներ տրվել: Ոչ մի մարզպետարան չի տեղեկացնում, թե հետո ինչ ելք են ունեցել բարձրացված հարցերը: