Արցախյան պատերազմի մասին հերթական գիրքը, նախորդների նման, հագեցած է անճշտություններով
2006 թվականին ընթերցողի դատին է հանձնվել արցախյան պատերազմի մասին հերթական գիրքը՝ Անահիտ Չիբուխչյանի «Արարման վեցերորդ օրը»: Հեղինակը անդրադարձել է պատերազմին մասնակցած բժիշկներին եւ, մեղմ ասած, անճշտություններ ներկայացրել: Գրքում նշվում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի բժիշկներ են եղել Վաչագան Սարգսյանը, Գեւորգ Գրիգորյանը: Մինչդեռ հայտնի է, որ 1992-1998 թվականներին Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Շուշիի առանձնակի գումարտակի բժիշկը եղել է Նորայր Շահբազյանը:
Մեզ հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանը ասաց, որ Գեւորգ Գրիգորյանին չի ճանաչում, իսկ Վաչագան Սարգսյանը գումարտակում եղել է կարճ ժամանակով միայն, գումարտակի բժիշկը Նորայր Շահբազյանն էր: Իսկ «Արարման վեցերորդ օրը» գրքում Նորայր Շահբազյանի մասին անգամ մեկ տող չկա:
Գումարտակի հետախուզության հրամանատար Հովսեփ Աղաբեկյանն էլ ասաց այն, ինչ ասել էր Ժիրայր Սեֆիլյանը. գումարտակի բժիշկը եղել է Նորայր Շահբազյանը՝ սկսած գումարտակի հիմնադրումից՝ 1992 թվականից, մինչեւ 1998 թվականը: Իսկ դրանից առաջ՝ սկսած 1990 թվականից, Նորայր Շահբազյանը աշխատել է Շահումյանում, Բերդաձորում, Հադրութում: Նորայր Շահբազյանը միայն բժիշկ չէր, նա նաեւ հետախույզ էր, առաջին գծի զինվոր, հայտարարեց Հովսեփը:
«Այսօր ազատամարտի ամբողջ պատմությունը խեղաթյուրվում է, մարդիկ կան, որ սեփական շահից ելնելով՝ պատվիրում են իրենց ուզածը եւ գրքեր են գրվում: Չեմ կարծում, թե դա գրքի հեղինակի նախաձեռնությունն է, ինչ-որ մեկը ցանկացել է, որ անուններ գրվեն,- նշեց Հովսեփը:- Ես չեմ մեղադրում: Երեւույթն է ցավալի: Ազատամարտի վերաբերյալ ցանկացած գիրք վերցրեք՝ 70%-ը անճշտություն է»: Հ. Աղաբեկյանը մտադիր չէ հանդիպել «Արարման վեցերորդ օրը» գրքի հեղինակին, բայց վստահ է, որ եթե նման հանդիպում լինի՝ «կամաչեն իմ աչքերի մեջ նայել: Եթե իմանամ, որ նախաձեռնության հեղինակը Վաչագան Սարգսյանն է՝ չեմ ների նրան»:
«Ցավոք, սրբություն համարվող ազատամարտի մեջ ցեխոտ կոշիկներով մարդիկ են մտել, ինչը անթույլատրելի է: Շատերը, որ ազատամարտի հետ կապ չեն ունեցել, ինչ-որ փաստաթղթեր են սարքել ու այսօր ազատամարտիկ են ձեւանում, մարտերից պատմում: Ես կուզենայի, որ ազատամարտի իրական մասնակիցներից ստացած տեղեկատվության հիման վրա գրքեր գրվեն, ներկայացվի ազատամարտի իրականությունը: Նվիրյալները չեն խոսում, խոսում են նրանք, ովքեր իրենց վարկանիշը բարձրացնելու, կայանալու խնդիր ունեն: Այդ մարդիկ լավ կանեն, եթե լինեն պարզապես պարկեշտ մարդ: Հասարակությունը ավելի լավ կընդունի, քան փորձեն ազատամարտիկ ձեւանալ ու այդկերպ հեղինակություն դառնալ: Պատմությունը խեղաթյուրվում է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ բացառենք դա: Դեռ մի բան էլ ուշացել ենք, վաղուց պետք է խոսեինք: Պիտի խոսենք, ասենք այն, ինչ գիտենք,- ասաց Հովսեփ Աղաբեկյանը ու հավելեց,- կոչ եմ անում իմ ազատամարտիկ բոլոր ընկերներին՝ անճշտություններ տեսնելու պարագայում անպայման արձագանքել, թույլ չտալ, որ 8000 նահատակների հիշատակը վարկաբեկվի»: