Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ» ԿԸՆԴԼԱՅՆԻ ԲԻԶՆԵՍ-ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ

Հունիս 13,2009 00:00

Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին եւ երկրի քաղաքական ու տնտեսական դաշտի լարվածությանը, աճել է «Հայէկոնոմբանկի» նկատմամբ հաճախորդների վստահությունը, ինչի մասին վկայում է ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին բանկի մի շարք ցուցանիշների աճը։ Երեկ «Հայէկոնոմբանկի»՝ նախորդ տարվա գործունեության արդյունքների ներկայացման ժամանակ ասաց բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը: Մասնավորապես, Դ. Սուքիասյանի ներկայացմամբ, 8,3%-ով աճել են ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները՝ կազմելով 5,4 մլրդ դրամ, իսկ իրավաբանական անձանցից ներգրավված դեպոզիտները ավելացել են 1,5 մլրդ դրամով կամ 54,8 %-ով՝ կազմելով 4,3 մլրդ դրամ: Դ. Սուքիասյանը տեղեկացրեց նաեւ, որ հաշվետու տարում բանկը տրամադրել է ավելի քան 20 հազար տեղական եւ միջազգային պլաստիկ քարտ՝ հասցնելով դրանց քանակը 69 հազար 265-ի: Ընդհանուր առմամբ, բանկի հաճախորդների թիվն աճել է 34,8%-ով՝ կազմելով 71 հազար 680 մարդ:

Անդրադառնալով «Հայէկոնոմբանկի» զարգացման առանցքային ցուցանիշներին, Դ. Սուքիասյանը նշեց, որ 2007-ի համեմատությամբ բանկի ընդհանուր կապիտալը աճել է 12,2%-ով՝ կազմելով 8,6 մլրդ դրամ, վարկային ներդրումներն ավելացել են 10,1%-ով՝ կազմելով 26,5 մլրդ դրամ, իսկ մատուցված ծառայություններից զուտ եկամուտը ավելացել է 4,9%-ով:

Խոսելով ֆինանսական ճգնաժամի ազդեցության մասին, պարոն Սուքիասյանը նշեց. «Այդ պայմաններում մենք պետք է պատրաստ լինեինք դիմակայելու բոլոր խոչընդոտներին: Մի փոքր զսպողական քաղաքականություն վարեցինք վարկերի տրամադրման առումով»: Անդրադառնալով 2009-ի անելիքներին, Դ. Սուքիասյանը նշեց, որ եթե 2008-ի սկզբում վարկային պորտֆելի մոտ 60%-ը կազմում էին սպառողական, իսկ 40%-ը՝ բիզնես-վարկերը, այս տարեսկզբից հակառակ պատկերն է. «Ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ բիզնես-վարկերը կընդլայնվեն՝ մինչեւ 65-70%, քանի որ մենք շատ ակտիվ իրականացնում ենք բիզնես-վարկավորում, որպեսզի կարողանանք ապագայում տնտեսությունից մեր շահույթը քաղել»: Միջոցառմանը ներկա էր նաեւ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, որն էլ իր ելույթում նշեց, որ «Հայէկոնոմբանկը» հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի կարեւոր եւ կայուն օղակներից մեկը, ինչի վկայությունն է նաեւ այն, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ բանկը դիվիդենդներ է բաշխում»:

Երեկ բանկի խորհրդի նիստում խորհրդի նախագահ վերընտրվեց Սարիբեկ Սուքիասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել