Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՉԱՓՆ ԱՆՑՆՈՒՄ Է»

Հունիս 13,2009 00:00

\"\"Վստահ է Ժուռնալիստների միության նախագահ, Հանրային խորհրդի եւ Երեւանի ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանը

– Տիկին Գեւորգյան, Դուք, լինելով Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը, վերջերս նշանակվեցիք Հանրային խորհրդի անդամ եւ ընտրվեցիք Երեւանի ավագանի: Կկարողանա՞ք արդյոք հասցնել արդյունավետ աշխատել այդ բոլոր պաշտոններում:

– Եթե դա լիներ վճարովի հիմունքներով, ապա, թերեւս, անհարմար կզգայի՝ թե կասեն, որ գումարի հետեւից եմ ընկել: Սակայն այդ բոլոր տեղերում աշխատանքը հասարակական է, եւ ես, լինելով իմ երկրի քաղաքացին, կփորձեմ իմ ներդրումն ունենալ այդ կառույցների աշխատանքում: Բերեմ մի օրինակ. ինչպես տեղյակ եք, Կարեն Անդրեասյանը լրագրողական մասնագիտական վարքականոնի վերաբերյալ օրենքի նախագիծ է ներկայացրել: Եվ հիմա ես շատ գոհ եմ, որ Հանրային խորհրդում եմ, որովհետեւ ուրիշ ո՞վ պետք է պաշտպանի լրագրողների շահերն այդտեղ:

– Կոնկրետ այդ օրինագծին Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ:

– Այստեղ ես ունեմ երկակի մոտեցում: Առաջինն այն է, որ չպետք է խախտվեն մասնագիտական վարքականոնները, ինչը պարբերաբար արվում է մեր որոշ լրատվամիջոցների կողմից: Լրագրողների մի մասը չափն անցնում է, անձնական վիրավորանքներ, բարի համբավը վնասող հրապարակումներ են տպում, բայց մյուս կողմից էլ՝ այդ նույն լրագրողներն այնքան չեն վարձատրվում, որ նրանց համար մեկ միլիոն տուգանք նշանակվի:

– Այսինքն՝ Դուք այդ օրինագծին ընդհանուր առմամբ կո՞ղմ եք: Ձեր վերապահումը վերաբերվում է ընդամենը տուգանքի չափի՞ն:

– Այո, տուգանքը պետք է լինի ոչ այդ չափի: Բայց ես կուզենայի, որ ոչ թե այդ ձեւով զսպաշապիկ հագցվի լրագրողներին, այլ յուրաքանչյուր լրատվամիջոց ինքն ունենա մասնագիտական վարքականոն: Օրինակ՝ վերջերս թերթերից մեկը գրել էր, թե մենք մեր «Ոսկե գրիչ» մրցանակը կաշառքով ենք բաժանում: Խնդրեմ՝ գնացեք, մեր մրցանակակիրներից հարցում արեք՝ նման բան եղե՞լ է:

– Բայց չէ՞ որ Դուք եք Ժուռնալիստների միության նախագահը եւ շատ լավ գիտեք, թե ինչպես պետք է հակադարձել նման հրապարակումներին: Ինչո՞ւ հերքում չեք պահանջում:

– Ես երբեք նրանց պատիվ չեմ անի, որ դատի տամ կամ որեւէ թերթում նրանց դեմ հանդես գամ: Որովհետեւ այդ լրատվամիջոցները երազում են, որ մեկն իրենց դատի տա, ու նրանք այդպես ինքնակայանան:

– Տիկին Գեւորգյան, վերջին տարիներին շեշտակիորեն աճել են լրագրողների նկատմամբ բռնարարքները…

– Անկախության առաջին տարիներից իսկ այդ բռնարարքները եղել են:

– Այնուամենայնիվ, համաձայն վիճակագրության, դրանց թիվն աճել է հատկապես վերջին երեք տարիներին: Ժուռնալիստների միությունն ի՞նչ քայլեր է արել պաշտպանելու համար բռնարարքների ենթարկված լրագրողների շահերը:

– Ես հատուկ նշեցի եւ կրկնում եմ, որ լրագրողների նկատմամբ բռնարարքները եղել են դեռ անկախության առաջին տարիներից: Եվ մենք միշտ էլ բողոքել ենք, դատապարտող հայտարարություններով հանդես եկել, սակայն ի պատասխան՝ մշտապես լսել ենք նույն ձեւակերպումը՝ հարուցված է քրեական գործ: Մինչդեռ այս բոլոր տարիներին եղել է ընդամենը երկու դեպք, երբ բռնարարքի հեղինակը հայտնի է դարձել: Մեկը 2004թ. ապրիլի 12-ի դեպքերի ժամանակ լրագրողի խցիկը ջարդած անձը, որը տուգանվեց ընդամենը 100 հազար դրամով: Այդ մասին ես հայտարարեցի, թե դա ուղղակի նշանակում է մրցանակ տալ բռնարարք կատարելու համար: Երկրորդը Էդիկ Բաղդասարյանի դեպքն է, որի դատավարությունն ընթացքի մեջ է: Ակնհայտ է՝ քանի դեռ լրագրողի նկատմամբ բռնարարք իրականացնող անձը չի դատվել օրենքի ողջ խստությամբ, այդ ամենաթողությունը շարունակվելու է:

– Նկատենք, սակայն, որ Երեւանի մամուլի ակումբը, ինչպես նաեւ Մամուլի ազգային ակումբն ավելի ակտիվ են լրագրողների շահերի պաշտպանության հարցում:

– Մեծ մասամբ մենք Երեւանի Մամուլի ակումբի հետ համատեղ ենք հանդես գալիս: Եվ, ի դեպ, Հանրային խորհրդում մենք քննարկել ենք համաներման բոլոր սկզբունքները եւ քննարկել ենք նաեւ այն, որ ժուռնալիստի հանդեպ բռնարարք կատարողի նկատմամբ համաներում չարվի: Այստեղ իմ տեսակետը միանշանակ է:

– Անդրադառնանք լրագրողի նկատմամբ բռնարարքի վերջին դեպքին, որը տեղի ունեցավ մայիսի 31-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը: Որեւէ կերպ արձագանքե՞լ եք այդ փաստին:

– Նվեր Մնացականյանի նկատմամբ բռնարարքից հետո մենք հանդես եկանք հայտարարությամբ, որտեղ նշված էր, որ այսուհետեւ ՀՀ ժուռնալիստների միությունը ոչ մի դատապարտող հայտարարություն չի անելու, քանի որ մենք վիրավորված ենք, որ մեր բոլոր հայտարարությունները մնում են անարձագանք:

– Այսինքն՝ եթե սրանից հետո շարունակվեն լրագրողների նկատմամբ բռնարարքները, Դուք որեւէ կերպ չե՞ք արձագանքելու:

– Մենք արդեն հոգնել ենք «հարուցվել է քրեական գործ» ձեւակերպումից եւ ուզում ենք, որ համապատասխան մարմինները հետամուտ լինեն մինչեւ վերջ: Քանի դեռ դա չկա, մենք այլեւս որեւէ բան չենք ասելու:

– Նկատենք, սակայն, որ դառնալով Երեւանի ավագանու անդամ, Դուք, լինելով Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը, վերցրեցիք մի մանդատ, որը տրվեց նաեւ ժուռնալիստներին ծեծի ենթարկելու գնով: Որքանո՞վ է դա համահունչ լրագրողների նկատմամբ բռնարարքները դատապարտողի կեցվածքին:

– Երբ ես համաձայնվեցի առաջադրվել Երեւանի ավագանու թեկնածու, բնավ չեմ մտածել ոչ Գոհար Վեզիրյանի մասին, ոչ էլ նրան ծեծողների: Մասնավոր հարցերի մասին ես չեմ մտածել: Ես ունեցել եմ միայն մեկ նպատակ. շատ սիրելով իմ հարազատ քաղաքը եւ բազմաթիվ հարցերի շուրջ ունենալով քննադատական հայացք՝ ցանկացել եմ ավագանու կազմում ընդգրկվելով՝ ավելի մոտ լինել դրանց քննարկմանը եւ իմ ներդրումն ունենալ այդ հարցերի լուծման մեջ: Իմ նպատակը մեկն է՝ աշխատել հանուն Երեւան քաղաքի:

– Հավատո՞ւմ եք, որ կունենաք դրա լիարժեք հնարավորությունը մի մարմնում, որը ձեւավորվեց բազմաթիվ ընտրակեղծիքներով ու խախտումներով:

– Դատելով այն ընտրատարածքից, որտեղ ես ընտրել եմ, ամեն ինչ եղել է հարթ ու խաղաղ: Ես չեմ տեսել ոչ բռնարարք, ոչ փող բաժանել: Եվ ընդհանրապես, ես չգիտեմ՝ ինչու մեր դռան զանգը ոչ ոք չտվեց ու չհարցրեց՝ փող ուզո՞ւմ եք: Բայց եթե գրում են այդ մասին, ուրեմն երեւի կա այդ երեւույթը, ես հիմք չունեմ ոչ հավատալու, ոչ չհավատալու: Այնուամենայնիվ, ես դատապարտում եմ բոլոր ընտրակեղծիքներն ու բռնությունները: Ես շնորհակալ եմ իմ լավ ընկեր Արամ Աբրահամյանից, որը նախորդ օրվա խմբագրականում իր հարգանքն էր արտահայտել իմ եւ այլ մտավորականների հանդեպ, բայց չեմ կիսում նրա հաջորդ մտքերը, որտեղ նա կասկածում է մեզ: Եթե ինքը հարգում է ինձ, պետք է հավատա, որ ես մտել եմ այդ գործի մեջ, որպեսզի օգնեմ իմ երկրին, իմ քաղաքին: Որեւէ մեկին բարոյական իրավունք տրված չէ կասկածի տակ առնելու իմ բարոյական գործելակերպը, եւ ոչ միայն իմ, այլեւ մյուսների՝ Վլ. Մսրյանի, Մ. Վարդազարյանի եւ այլն, որովհետեւ նրանք որեւէ առիթ չեն տվել կասկածելու: Ես էլ չեմ տվել՝ սկսած անկախության առաջին տարիներից մինչ օրս: Ես պարտավոր չեմ հաշվի առնել, թե ուրիշ որեւէ մեկը ինչ է մտածում իմ որոշումների, իմ քայլերի մասին: Բայց ես այնքան զսպվածություն ունեմ, որ իմ անձնական գնահատականները երբեք հրապարակային չեմ դարձնում:

Հիմա մի լրագրողի են ծեծել, եւ Դուք ինձ ասում եք՝ դուրս արի ավագանու կազմից: Իսկ հոկտեմբերի 27-ից հետո ինչո՞ւ նման պահանջներ չեղան, ի՞նչ պահանջեց ժողովուրդը:

– Ժողովրդի մեծ մասի ձայնը ներկայացնող քաղաքական ուժերը պահանջեցին այն ժամանակվա պատասխանատու պաշտոնյաների՝ ՆԳ եւ ԱԱ նախարարների հրաժարականը, որոնցից ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը հրաժարական տվեց, իսկ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը՝ ոչ:

– Ես չգիտեմ՝ ով ինչ արեց, ես ոչինչ չգիտեմ, ուղղակի Ձեր հարցադրումն ինձ համար շատ տարօրինակ է: Ես դատապարտում եմ ծեծը բոլորի եւ առավելապես՝ լրագրողի նկատմամբ, բայց դա առիթ չէ, որ ես հեռանամ: Ճիշտ հակառակը՝ ես պիտի մնամ, որ պայքարեմ դրա դեմ:

– Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ Երեւանու ավագանու եւ լրագրողների միջեւ ինչ-ինչ հարցերում տարաձայնություններ առաջանան, ո՞ւմ շահերի պաշտպանությունն է Ձեզ համար առաջնային լինելու:

– Առաջնայինն ինձ համար միշտ կլինի մասնագիտական շահը: Առիթը կլինի՝ իմ կոլեգաները կհամոզվեն, որ ես ինձ արժանապատիվ եմ պահում այնտեղ եւ երբեք չեմ դավաճանի իմ մասնագիտությանը: Ես ոչ մի կոնյունկտուրային շահով չեմ գնացել ո՛չ Հանրային խորհուրդ, ո՛չ էլ ավագանի: Բոլորի համար դա տարօրինակ է հնչում, որովհետեւ իրենք բացառապես շահով են առաջնորդվում: Ոչ նյութական, ոչ անշարժ գույքի, ոչ էլ բարոյական շահ չունեմ: Ինձ ոչինչ պետք չէ: Եվ եթե ես այդ մարմիններում չեմ պաշտպանի ոչ միայն լրագրողների շահերը, այլեւ հանուն ազնվության չեմ պահի ինձ, ապա ես ինքս դուրս կգամ՝ առանց որեւէ թերթի հուշարարության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել