Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԼԻՍ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ՝ ՌԵԺԻՄԻ ՀԱՄԱՐ»

Հունիս 13,2009 00:00

\"\"ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, եթե ամռան ընթացքում արտակարգ իրավիճակներ չլինեն:

«Այս իշխանությունների բարեկարգած ու կանաչապատած քաղաքում երբ անձրեւ է գալիս՝ ցեխաջուր է թափվում»,- երեկ անձրեւին զուգահեռ սկսված հանրահավաքն այսպես բացեց այն վարող ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արարատ Զուրաբյանը: ՀԱԿ-ի առաջնորդներին եւ առաջին նախագահին հավաքվածները ողջունեցին ու Մատենադարանի հարթակ ուղեկցեցին ծափերով, ցնծությամբ ու հայտնի կարգախոսների վանկարկումներով: Երեկվա հանրահավաքը այնքան մարդաշատ չէր, ինչպիսին սովորաբար լինում են ՀԱԿ-ի հանրահավաքները, սակայն «Առավոտի» հետ զրույցներում կոնգրեսական առաջնորդները մտավախություններ չունեին, քանի որ համոզված էին, որ «երբ պահը գա», նորից ժողովուրդը միահամուռ ոտքի կկանգնի: Ի դեպ, ավանդույթի համաձայն, երեկ նորից փակ էին մարզերից Երեւան եկող ճանապարհները: Դեռ վաղ առավոտից ահազանգեր էին հնչում, որ միջմարզային հասարակական տրանսպորտը չի աշխատում, իսկ դեպի մայրաքաղաք ուղեւորվող մարդատար մեքենաները արժանանում էին ոստիկանների առանձնահատուկ ուշադրությանը: Երեկվա հանրահավաքի անակնկալը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի ներկայությունն էր: Հիշեցնենք, որ վերջինս մոտ մեկուկես տարի ընդհատակում էր: Ողջունելով հանրահավաքի մասնակիցներին՝ նա ափսոսանք հայտնեց, որ իր խոսքը Տերունական աղոթքով չի կարող սկսել այս «թաթար-մոնղոլական» համակարգում, քանի որ Աստծո հետ զրույց վարելու համար մեր երկրում բանտարկություն, ընդհատակ ու հալածանք է սպասվում: Բայց՝ «Ձախորդ օրերը, ձմռան նման կուգան ու կերթան»,- Ջիվանուն հիշեց նա՝ հավելելով. «Էական չէ, թե երբ են գնալու: Այս մեկ տարվա մեջ մենք պարտավոր էինք սովորած լինել. մեր շարժումը մտել է կիլոմետրանոց վազքի դաշտ, էական չէ, թե որ պահին կլինի «ֆինիշը», էականն այն է, որ այն լինելու է հաղթական: Էականն այն է, որ դրանից հետո որեւէ մեկն այլեւս չի երազելու ու գոռալու՝ «Ազատ, անկախ Հայաստան»: Մի քանի րոպե հանրահավաքի մասնակիցները դեռ հնչեցրեցին այս կարգախոսը: «Պատրաստ եղեք երկարատեւ եւ տքնաջան պայքարի, մինչեւ վերջին հագարացուն մեր երկրից վանելը»,- իր ելույթն այս կոչով ամփոփեց Միքայել Հայրապետյանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ի լուր այն հոռետեսների, ովքեր կարծում էին, թե համաժողովրդական շարժումը մարում է, մատնացույց անելով հավաքվածներին՝ հայտարարեց, որ նրանք անընդհատ տեսնելու են իրենց պնդումների հերքումը: Նա անդրադարձավ ԱՄՆ պետդեպարտամենտի երեկ տարածած հայտարարությանը՝ փաստելով, որ սա հավաստումն է նրա, որ այս ռեժիմի օրոք Հայաստանում ընտրություններ հնարավոր չեն, եւ «ընտրություններով հարց լուծել հնարավոր չէ»: Այս հայտարարությունը ժողովուրդն ընդունեց ծափերով: Նա նաեւ տեղեկացրեց, որ ԵԽԽՎ նստաշրջանի մոնիտորինգի հանձնաժողովի նիստին՝ հակառակ հանձնաժողովի փակ-գաղտնի կանոններին, մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: «Դա նշանակում է, որ վերջապես այնտեղ պատրաստ են լսել ՀԱԿ-ի ձայնը»: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ պարզություն մտցնելու անհրաժեշտություն է հասունանում նաեւ ԼՂՀ հարցում, եւ՝ «Շատ շուտով Սերժ Սարգսյանին ստիպելու են բացել խաղաքարտերը, որից հետո նա արդեն չի կարողանալու դատարկ խոստումներով ապահովել միջազգային հանրության աջակցությունն իր ներքին քաղաքական կամայականությունների համար: Գալիս է ճշմարտության պահն այս ռեժիմի համար, եւ մենք պետք է պատրաստ լինենք վճռական հարվածներ հասցնելու համար այս բռնապետական ռեժիմին, որի տապալումից հետո Հայաստանում կհաստատենք ժողովրդավարություն եւ օրինականություն»:

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը փաստեց, որ ինչքան էլ ընտրությունները կեղծվեն, միեւնույն է, ժողովուրդը կանգնելու է այնքան, մինչեւ այս անօրինական իշխանություններն ու օլիգարխները հեռանան Հայաստանից: «Ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ պիտի կարողանա այնպես համախմբվել, որտեղ չլինեն «պապաներ» եւ «երեխաներ», բոլորը լինեն հավասար, իրար լսող եւ, ամենակարեւորը, չծախվող մարդիկ»,- հայտարարեց ՆԺԿ նախագահը՝ ընդգծելով, որ պայքարի ճանապարհը պետք է լինի խաղաղ, համաժողովրդական ալիքը: Դավիթ Շահնազարյանն էլ նկատեց, որ Երեւանի ավագանու ընտրություններով ամենաանհույս լավատեսների համար էլ ապացուցվեց, որ այս իշխանությունների օրոք ընտրությունների ինստիտուտ չկա եւ չի կարող գոյություն ունենալ: Ըստ նրա, փաստն այն է, որ Հայաստանում ազատ, արդար ընտրություններ կկայանան միայն իշխանափոխությունից հետո: «Մենք չենք հանդուրժել եւ չենք հանդուրժելու մեր ազատության, արժանապատվության ոտնահարումը, չենք հանդուրժելու, որ այս իշխանությունները կոծկեն մարտի 1-ին կատարած սպանդը»,- ասաց պարոն Շահնազարյանը՝ անդրադառնալով Փաստահավաք խմբի աշխատանքների դադարեցմանը՝ պահանջելով, որ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման համար ստեղծվի անկախ միջազգային հանձնաժողով, ինչը միջազգային հանրությանը հնարավորություն կտա նաեւ քավել իր մեղքը՝ մինչ օրս անտարբեր լինելու ու այդպիսով հայաստանյան իշխանություններին հանցակից լինելու համար: Նա խմբի լուծարման համար մեղադրեց նաեւ ԵԽ-ին, որն այդպես էլ չուղարկեց իր փորձագետին: «Լուծարելով Փաստահավաք խումբը՝ Սերժ Սարգսյանն ինքնախոստովանական արարք կատարեց՝ ընդունելով, որ մարտի 1-ի բոլոր հանցագործություններն իրականացրել եւ փորձել է թաքցնել այս իշխանությունը: Խումբը փակելու ուղղությամբ իշխանությունն ինքը չկատարեց առաջին քայլը, այլ օգտագործեց մեկ այլ խամաճիկի՝ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որի ողջ գործունեությունն ուղղված է եղել փաստերը թաքցնելուն քաղբանտարկյալներին բանտում պահելուն, եւ նրա ներկայացուցիչը սաբոտաժի ենթարկեց Փաստահավաք խումբը: Իրավապահներն այս ամիսների ընթացքում ամեն ինչ արեցին՝ թաքցնելու, որ իշխանությունները զանգվածային կերպով օգտագործել են քրեական տարրերին, բանակին եւ սպանել են ՀՀ 10 քաղաքացիների: Նույն գործին է լծված նաեւ Նիկոյանի հանձնաժողովը, որին ի սկզբանե մենք չենք վստահել եւ չենք վստահում: Պարտակելու իր հանձնարարությունը նա, իմիջիայլոց, շատ վատ է կատարում: Մենք պահանջում ենք, որ Փաստահավաքի նյութերն անմիջապես հրապարակվեն եւ կցվեն քրեական գործերին, իսկ քննչական խումբը պատասխան է տալու օրենքի առջեւ: Մենք, ձեզ հետ, պատրաստ ենք պայքարելու գիշեր ու ցերեկ, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ժողովրդի իշխանություն»,- հայտարարեց Դ. Շահնազարյանը:

Հանրահավաքին հետեւեց էլ ավելի բազմամարդ երթը, որն առանց միջադեպերի անցավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել