Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏԴԵՊԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԹԱՑԸ ՉՈՐԻ ՀԵՏ Է ԽԱՌՆՎԱԾ»

Հունիս 13,2009 00:00

\"\"Երեկ ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը

ԱՄՆ Պետական դեպարտամենտը հրապարակել է «Ազատության եւ ժողովրդավարության զարգացման» տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ԱՄՆ-ի օժանդակությունը «անցումային ժողովրդավարությամբ» երկրներում: Զեկույցն ընդգրկում է 106 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Ըստ զեկույցի, 2008 թվականի նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները Հայաստանում հանգեցրել են քաղաքական ճգնաժամի, որը շարունակվում է չլուծված մնալ: 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ է կիրառել բողոքի ցույցերը ցրելու համար, ձերբակալվել են բազմաթիվ ցուցարարներ, իսկ 20-օրյա արտակարգ դրությունը նշանակալիորեն սահմանափակել է լրատվամիջոցների գործունեության եւ հավաքների ազատությունը։ Ուժայինների եւ ցուցարարների բախումը հանգեցրել է 10 հոգու մահվան, մարդու իրավունքների պաշտպանության վիճակը նշանակալի վատացել է մարտիմեկյան բռնություններից հետո: Զեկույցում նշված է նաեւ, որ Հայաստանի ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը գործում են անպատիժ եւ կատարում կամայական ձերբակալություններ, դատարանները շարունակում են իշխանության ձեռքին մնալ՝ որպես ճնշումների գործիք, որի միջոցով հետապնդվում են ընդդիմադիրները: ԶԼՄ-ների վերաբերյալ հատվածում ասված է. «Լրագրողները շարունակում են ինքնագրաքննությունը, այսինքն՝ խուսափում են լուսաբանել որոշ թեմաներ, իսկ իշխանությունները վիճահարույց որոշում են ընդունել՝ 2 տարով սառեցրել են նոր կապուղիների մրցույթի հայտարարումը»:

Երեկ խորհրդարանական ճեպազրույցների գլխավոր թեման ԱՄՆ Պետդեպի այս զեկույցն էր. լրագրողները փորձում էին հասկանալ՝ պատգամավորները պատկերացնո՞ւմ են, թե ինչ կարող է մեզ համար նշանակել այս զեկույցը եւ նրանում առկա շեշտադրումները: «Պետդեպարտամենտի զեկույցի մեջ, ինչպես միշտ, թացը չորի հետ խառնված է, կան կետեր, որոնք առանձնապես վեճի առարկա չեն. մեզ եւ բոլորիդ էլ հայտնի է, որ 2008 թվականի նախագահական ընտրությունները ամենալավ կերպով չանցան, փոխադարձ անհանդուրժողականությունը բերեց բախումների, եղան զոհեր, եւ առաջացավ քաղաքական ճգնաժամ: Իհարկե, վիճելի է այն դրույթը, թե ճգնաժամը մինչ օրս հաղթահարված չէ: Կարծում եմ, սա չափազանցություն է, բայց մյուս կողմից՝ ճիշտ է, որ այս ընտրությունների տհաճ եւ անընդունելի հետեւանքները մինչեւ հիմա իրենց զգացնել են տալիս եւ դեռ երկար ժամանակ են զգացվելու, սա ակնհայտ է»:

Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ հասկանալի չէ, թե այս ամենի պատճառով ինչո՞ւ պետք է տուժեն Հայաստանի փոքր համայնքները: («Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվելիք 70 միլիոն դոլարը պետք է ուղղվեր առաջին հերթին համայնքների ճանապարհաշինարարությանը):

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, պետք չէ զարմանալ, քանի որ «ԱՄՆ կողմից նման որակումներ միշտ էլ եղել են, եւ դրանք նորություն չեն: Ի տարբերություն եվրոպացների կամ դիտորդական առաքելություն ունեցող այլ խմբերի, որոնք ընտրությունները անմիջապես գնահատեցին որպես համայնքային ընտրություններ, ամերիկացիները ոչ թե արձագանքում են ընտրությանը, այլ օրեր շարունակ իբր վերլուծում են եւ համընկնեցնում Հայաստան-ԱՄՆ միջպետական հարաբերությունների հետ, ոչ թե ընտրությունն են վերլուծում, այլ քաղաքական գնահատական են տալիս միջպետական մակարդակով»: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ասաց, թե ցավում է այդ գնահատականների համար եւ, անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կասեցմանը, ասաց. «Եթե ավելի գլոբալ դիտարկենք հարցը, ապա պետք է հարց տանք մեզ՝ արդյոք նման սանկցիա կիրառելը ավելի՞ կօգնի մեր երկրի ժողովրդավարացմանը, կօժանդակի՞ խնդիրների հանգուցալուծմանը»: ԲՀԿ-ական պատգամավորը վստահ է՝ «Ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել