Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՌՅՈՒԾՆԵՐԻՆ

Հունիս 12,2009 00:00

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած՝ «Որսագողության մասին» օրինագիծը երեկ խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ՝ 68 կողմ, 2 ձեռնպահ եւ ոչ մի դեմ ձայներով: Այս կապակցությամբ պարոն Դալլաքյանն ասաց. «Օրինագիծը կարեւոր նշանակություն կունենա որսագողության դեմ պայքարն ուժեղացնելու, կենդանական աշխարհը ոչնչացնող բարբարոսներին քրեական պատասխանատվության ենթարկելու առումով: Ամենակարեւորը այս հարցում օրենքի կիրառման եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի լիարժեք իրականացման խնդիրն է: Ի դեպ, խորհրդարանական քննարկումների ընթացքում ոմանց մոտ անհարկի մեկնաբանության տեղիք տվեց վայրի կենդանիներին, այդ թվում՝ առյուծներին անազատության պայմաններում պահելու օրինագծում ամրագրված այն դրույթը, որ այդ խնդիրը պետք է կարգավորվի օրենքով: Որոշ մարդկանց կողմից պարզունակ ձեւով փորձ արվեց այդ մոտեցումը կապել Գագիկ Ծառուկյանի անձի հետ: Ոմանց պետք է հիասթափեցնեմ՝ ԲՀԿ նախագահի հետ ունենք փոխադարձ հարգալից եւ լավ հարաբերություններ: Խորհուրդ կտայի չզբաղվել անօգուտ գործով եւ անհաջող ճիգեր չգործադրել՝ կապված իմ եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների հետ»:

Ի դեպ, երեկ գրող-հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը իր գիրքը նվիրել է Վիկտոր Դալլաքյանին՝ հետեւյալ մակագրությամբ. «Սիրելի Վիկտոր Դալլաքյանին, ով չի թողնելու, որ կրակեն ճերմակ ճայերի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել