Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ֆիլմ՝ «Արեւի տաճարը»

Հունիս 12,2009 00:00

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ 2008 թ. «Հայկ» կինոստուդիայում մշակույթի նախարարության պատվերով նկարահանած «Արեւի տաճար» կինոնկարի պրեմիերան: Ֆիլմի բյուջեն կազմել է 2 մլն դրամ: Երբ կինոնկարի մտահղացման հեղինակ Արմինե Դեմիրճյանն առաջարկել է նկարահանող խմբին Գառնիի տաճարի մասին ֆիլմ նկարել, գաղափարը սկզբում բոլորի համար արտառոց է թվացել, որովհետեւ 20-ից ավելի ֆիլմ արդեն կա այդ տաճարի մասին: Ֆիլմի սցենարիստ Վահան Տեր-Ղազարյանը նշեց. «Ժամանակակից կինոաշխարհում Հայկական լեռնաշխարհը մի տեսակ սպիտակ բծի տպավորություն է թողնում. մեր լեռնաշխարհով կամ պարզապես անցնում են, կամ շրջանցում, այնինչ՝ Հայկական լեռնաշխարհը խոշորագույն մշակութային կենտրոն է, որտեղ, սակայն, խորը ուսումնասիրություններ չեն կատարվել, շատ դեպքերում էլ աղավաղվել են փաստերը: Ֆիլմով փորձել ենք կինոտարածք մտցնել բազմաշերտ մի մշակութային աշխարհ եւ ցույց տալ, թե ինչպես պետք է մոտենալ հուշարձանին, կառույցին: Ինչ արյունակից լեզվով պետք է խոսել հուշարձանի հետ, որպեսզի այն օտար չլինի»: Ֆիմի ռեժիսոր Շավարշ Վարդանյանն էլ «Առավոտին» ասաց. «Սա մի դասագիրք է, որ մարդիկ, հատկապես ուսանողները՝ պետք է ունենան, բայց քանի որ ֆիլմը պետական է, պետությունն է որոշում, թե որտեղ ցուցադրվի եւ ինչ տարբերակով»: Նա նաեւ նշեց, որ իրենց նկարահանող կազմն այժմ հովանավորներ է փնտրում նոր աշխատանք նկարահանելու համար, որը նվիրված կլինի Անիին. «Չենք սպասի մշակույթի նախարարության աջակցությանը` շատ ուշ կլինի»:

Փաստենք, որ «Արեւի տաճարի» անդրանիկ դիտմանը դահլիճը լիքն էր, ոմանք ֆիլմը դիտեցին առանց նստելու, իսկ կողքիս նստած կինը, որ ննջել էր, միայն ֆիլմի ավարտին բացեց աչքերն ու նկատեց, որ գնալու ժամանակն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել