Յուրաքանչյուր սպորտաձեւ առողջ ապրելակերպի միջոց է
«Նիհարելու խնդիրը հայուհիների համար ցավոտ հարց է ու տանջում է նրանց՝ անկախ տարիքից»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Orange Fitness» ակումբի շեյփինգի մասնագետ, ավագ մարզիչ Քրիստինե Միկոյանը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում պարի, լողի, մասնավորապես՝ շեյփինգի հաճախողների թիվը կտրուկ աճել է: Aerobic, low aerobic, step, tai-bo, yoga, cycle, body training, leg training… Սրանք բոլոր այն մարզաձեւերն են, որոնք, ըստ հայ կանանց եւ աղջիկների, օգնում են նիհարել, ձեռք բերել գեղեցիկ կազմվածք:
«Իրականում յուրաքանչյուր սպորտաձեւ նախ եւ առաջ առողջ ապրելակերպի միջոց է, սակայն չեմ ժխտում, որ նիհարելը նույնպես առողջ ապրելակերպ է: Այս բոլոր մարզաձեւերը ուղղված են անձի սրտանոթային համակարգի կարգավորմանը,- մեկնաբանում է Ք.Միկոյանն ու շարունակում:- Օրինակ, aerobic basic-ը աերոբիկայի հիմունքների եւ ճշգրիտ տեխնիկայի ուսուցում է, սա խորհորդ է տրվում նրանց, ովքեր նոր են սկսում կոփել իրենց մարմինն ու մկանները: Low-aerobic-ը ցածր հարվածային աերոբիկա է՝ առանց ցատկերի: Սա իր հերթին օգնում է սրտանոթային համակարգի բարելավմանը: Այս տեսակը խորհուրդ է տրվում միջին աստիճանի մարզվածության դեպքում եւ aerobic basic կուրսից հետո: Step-ը աերոբիկական մարզում է՝ ստեպ-պլատֆորմների օգտագործմամբ: Զարգացնում է սրտանոթային դիմացկունությունը եւ ձեւավորում մարմինը: Մյուսը tai-bo-ն է, որը աերոբիկայի դաս է մենամարտերի տարրերի օգտագործմամբ. նպաստում է մկանների ամրապնդմանը, զարգացնում է կոորդինացիան եւ կրկին սրտանոթային համակարգի գործունեությունը: Այս մարզաձեւն ունի բեռնվածության ցածր եւ միջին ինտենսիվություն: Ինչ վերաբերում է վերջին շրջանում մոդայիկ դարձած յոգային, ապա այն ուղղված է հասնելու մարմնի եւ հոգու համահունչությանը»: Յոգայի մասին մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ Հայաստանում այն դեռեւս իր զարգացումն ու ճանաչումը չի գտել. «Այստեղ դեռ չեն հասկանում՝ իրականում ինչ է յոգան: Մարդկանց յոգան հետաքրքրում եւ գերում է այնքանով, որ, օրինակ, երգչուհի Մադոննան ամեն առավոտ զբաղվում էր յոգայով… Այդ պատճառով շատերը մտածում էին, եթե Մադոննան զբաղվում է, ուրեմն լավ բան է, մենք էլ զբաղվենք: Սակայն աստիճանաբար սկսեցին ընդգրկվել դասընթացներին, հասկանալ՝ ինչ է իրականում յոգան, որը մարդուն պարզապես հանում է լարված, սթրեսային վիճակից: Նույնը կարող եմ ասել փիլատեսի (pilates) մասին: Յոգան դեռ ինչ-որ չափով ծանոթ է մեր հանրությանը, փիլատեսը լիարժեք նորույթ է, որով հետաքրքրվողների մեծ բանակ առաջացավ: Իրականում փիլատեսը ուժային վարժությունների հատուկ համալիր է, որն ուղղված է վերացնելու մկանային դիսբալանսը, զարգացնելու կեցվածքը, ճկունությունը եւ ճարպկությունը: Այդ համակարգով սիստեմատիկ մարզումները ձեւավորում են համաչափ մարզված մարմին, զարգացնում եւ թեթեւացնում մեջքի ցավերը եւ լավացնում քունը»:
Ըստ մեր զրուցակցի, խմբակային պարապմունքների մեջ մտնում են ուժային պարապմունքներ՝ body training, leg training, pump it up, interval training, ABS and stretch, karate, ինչպես նաեւ պարեր: «Ուժային պարապմունքներն էլ իրենց հերթին հատուկ ուղղվածություն ունեն՝ դրանք զարգացնում են բոլոր մկանախմբերը: Այս պարապմունքներին հաճախում են հիմնականում տղամարդիկ: Օրինակ՝ body training-ը նպաստում է մկանային ուժի եւ դիմացկունության զարգացմանը, ինչպես նաեւ ձեւավորում է մարմնի համաչափությունը: Մարզումը թույլ է տալիս նվազեցնել կալորիաների մաքսիմալ քանակը եւ քաշը: Leg-training-ն ուղղված է նստամկանի, ոտքերի եւ որովայնի մկանների մարզմանը: pump it up-ն էլ օգնում է կառուցելու արագ եւ կայուն արագընթաց մարզումներ: Այն նպաստում է ճարպային կուտակումների նվազեցմանն ու մկանային ռելիեֆի ձեւավորմանը: interval training-ը եւս զարգացնում է դիմացկունությունը, արագաշարժությունը»:
Հարցին, թե ավելի շատ ո՞ր սեռն է մտահոգված իր կազմվածքով եւ ովքե՞ր են ավելի շատ հաճախում պարապմունքների, Քրիստինեն նշեց. «Ըստ հայկական մենտալիտետի, բոլորին կթվա, որ կանայք եւ աղջիկները, չէ՞: Այո, նրանք շատ են, բայց տղամարդիկ էլ պակաս հետաքրքրված եւ մտահոգված չեն իրենց կազմվածքով, ինչը շատ ուրախալի է: Վերջին տարիներին տղամարդկանց հոսքը մեծացել է ֆիթնես ակումբներ: Տղամարդիկ էլ հո չե՞ն գա նիհարելու համար: Նրանց ավելի շատ հետաքրքրում է գեղեցիկ, կոփված մարմինը, ամուր եւ գրավիչ մկանները: Սակայն նրանց մեջ շատ է կոմպլեքսը: Օրինակ, երբ հաճախում են դասերին, ասում են՝ կլինի մենք ստեպ-աերոբիկային չմասնակցենք՝ ամաչում են: Միասնական պարապմունքների ժամանակ էլ անտեսանելի են փորձում լինել ներկա կանանց ու աղջիկներին, որպեսզի իրենց շարժումները ոչ ոք չտեսնի, եթե սխալ թույլ տան՝ աննկատ լինի: Կանայք այս առումով ավելի ազատ են»:
Ֆիթնես ակումբներ հաճախելու մասին էլ նշեց. «Քանի որ մեր ազգը սիրում է ցուցամոլություն, այդ պատճառով սկզբնական շրջանում ֆիթնես հասկացությունը այնքան էլ ճիշտ չէր ընկալվում հասարակության կողմից: Դա ասոցացվում էր ժամանցի վայրի հետ: Երբ Հայաստանում ֆիթնես ակումբները նոր էին բացվում, ես դրսում էի աշխատում: Եվ ի տարբերություն դրսի՝ մեզ մոտ մտածելակերպը շատ տարբեր է: Այստեղ դեռ լրջություն չկա ֆիթնեսի նկատմամբ: Սակայն նախկինում այդ անլուրջ վերաբերմունքն ավելի մեծ էր, քան հիմա, երեւի պատճառն այն է, որ այժմ ֆիթնես ակումբ հաճախելը ավելի մեծ մասսայականություն է ձեռք բերել եւ շատերի համար այն առողջական խնդիրներ լուծելու ու ուղղակի առողջ ապրելակերպի միջոց է»:
Մարզիչը դժգոհեց նաեւ ֆիթնես ակումբ հաճախողների շտապողականությունից. «Հայերի մոտ կա մի մեծ թերություն. դասընթացին հաճախելիս առաջին հարցը լինում է՝ իսկ ե՞րբ արդեն նիհարած կլինեմ, ո՞րերորդ պարապմունքից արդեն արդյունքը կզգամ… ինչքա՞ն ժամանակում… Այսինքն՝ նրանք ուզում են այդ ամենի արդյունքը մեկ պարապմունքի ընթացքում տեսնել, անմիջապես մոգական ուժի կամ կախարդական փայտիկի միջոցով նիհարել: Եթե ինչ-որ բան էլ չի ստացվում, հիասթափվում են, արդեն սկսում են դժկամությամբ գալ, անտրամադիր լինել: Չեն հասկանում, որ ֆիզիկական աշխատանքները կատարվում են քայլ առ քայլ, մեծ քայլեր չենք կարող անել»:
Ինչպես նշեց Ք. Միկոյանը, նա երեք տարի աշխատել է Հայաստանի սահմաններից դուրս՝ տարբեր երկրներում: Ըստ նրա, այնպես, ինչպես Հայաստանում են վերաբերվում նիհարելուն, ուրիշ ոչ մի երկրում այդօրինակ մոտեցում չես տեսնի. «Դրսում ամեն ինչ այլ է, այնտեղ մոտեցումը նիհարելուն՝ շատ սովորական է: Նիհարելը նրանք կյանքի նպատակ չեն դարձնում հայուհիների պես: Այստեղ նիհարելու ցանկությունը, ձգտումը, այդ գործընթացը այնպիսի հոգետանջումներով, սթրեսով է ուղեկցվում, որ մտածում ես՝ լավ կլինի այս մարդը չնիհարի, քան այդ աստիճան բարդույթների մեջ ընկնի: Շատերի մոտ էլ նիհարելուց հետո խնդիրներն էլ ավելի են մեծանում. նիհարելուց հետո մի գրամ ավելանալն էլ հիվանդագին են ընդունում: Սա ազդում է հոգեբանական վիճակի վրա, ինչը շատ սխալ է: Դրսում ամեն ինչ ավելի թեթեւ է: Այնտեղ էլ նիհարելու մեծ ցանկություն կա, բայց դրան նայում են զուտ առողջական տեսանկյունից, որ թեթեւ շնչեն, շուտ չհոգնեն, ամենավերջում նոր՝ որ հագուստը սազի: Իսկ այստեղ առողջ ապրելու, ճարպային կուտակումներից խուսափելու մասին ընդհանրապես չեն մտածում: Այլ միակ նպատակը՝ հագուստը սազի, տաբատը գեղեցիկ ցույց տա, գոտկատեղը ձիգ լինի: Դա նշանակում է՝ առողջության մասին մտածում են ամենավերջում»: