Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնք՝ ռինգում

Հունիս 12,2009 00:00

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, որոնք բնակվում, մարզվում եւ հանդես են գալիս տարբեր երկրների դրոշների ներքո, մոտ ապագայում կարեւորագույն մենամարտեր ունեն անցկացնելու:

Նրանցից ոմանք պետք է պաշտպանեն իրենց չեմպիոնական գոտիները, մյուսները պայքարելու են գոտիներ նվաճելու համար:

Հունիսի 27-ին միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում իր գոտու հերթական կամավոր պաշտպանությունն է անցկացնելու: Այդ օրը նրա մրցակիցը, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, լինելու է ծագումով թուրք, սակայն Գերմանիայի քաղաքացիություն ունեցող Մախիր Օրալը:

Նույն օրը Ատլանտիկ Սիթիում (ԱՄՆ) գերմիջին քաշային կարգում հանդես եկող աբովյանցի Վանես Մարտիրոսյանը (նա ներկայումս բնակվում է Կալիֆոռնիայում) ուժերը չափելու է Անդրեյ Ցուրկանի հետ:

Հուլիսի 4-ին Համբուրգում կրկին ռինգ է մտնելու Սյուզի Կենտիկյանը, որը 50,8 կգ քաշային կարգում WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհին է: Այս անգամ Սյուզին փորձելու է հաղթել նաեւ մինչեւ 52,2 կգ քաշային կարգում WBA-ի չեմպիոնուհի՝ արգենտինացի Կարոլինա Մարսել Գուտիերես Գայտեին:

Դրանից մեկ շաբաթ անց՝ հուլիսի 11-ին, մինչեւ 52,163 կգ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքի «ԲենկԱտլանտիկ Ցենտրի» մարզասրահում իր համար նոր՝ մինչեւ 53,525 կգ քաշային կարգում հանդիպելու է IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն, գանացի Ջոզեֆ Ագբեկոյի հետ՝ վերջինիս գոտին նրանից վերցնելու համար:

Հայաստանցի մարզասերները անհամբերությամբ կսպասեն նաեւ Նյուրնբերգից ստացվելիք լուրերին, որտեղ միջին՝ մինչեւ 72,574 կգ քաշային Խորեն Գեւորը հանդիպելու է Գերմանիայում իր ակումբակից, WBA-ի աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմի հետ: Եթե հաջողությունն ուղեկցի մեր հայրենակցին, ապա նա կլինի միջին քաշային կարգում պրոֆեսիոնալների հայ երկրորդ աշխարհի չեմպիոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել