Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼՈՒ ՀԵՐԹՆ ԸՄԲԻՇՆԵՐԻՆՆ ԷՐ

Հունիս 12,2009 00:00

Տարբեր մարզաձեւերի Եվրոպայի առաջնություններում աչքի ընկած հայաստանցի մարզիկները հերթով խրախուսական պարգեւներ են ստանում Գագիկ Ծառուկյանից:

Երկու օր առաջ ՀԱՕԿ-ի նախագահը պարգեւատրեց ծանրորդներին: Երեկ հերթը ըմբիշներինն էր: Դրամական խոշոր պարգեւներ ստացան հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ազատ ըմբշամարտի ու թեկվանդոյի բրոնզե (երիտասարդների մեջ) մեդալ նվաճած մյուս մարզիկները, հավաքականների գլխավոր, երկրորդ եւ անձնական մարզիչները, հավաքականների բժիշկները, մերսողները:

Արարողության ավարտին ՀԱՕԿ-ի նախագահը շնորհավորեց բոլորին. «Քայլ առ քայլ առաջ ենք գնում ու արդեն ամեն մի մրցումից մեր մարզիկները մեդալներով են տուն վերադառնում,- ասաց նա:- Այսինքն, վերջին տարիներին մեր կորցրած մարզական նվաճումներն աստիճանաբար ետ ենք բերում՝ պահպանելով եղած բարի ավանդույթները: Ժողովուրդն ասում է. պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ուրախալի է, որ այսօրվա երիտասարդ մեդալակիրների մեջ են նախկինում մեր անվանի մարզիկների որդիները՝ օլիմպիական չեմպիոններ Հոգսեն Միրզոյանի եւ Լեւոն Ջուլֆալակյանի, ճանաչված ըմբիշ Հրանտ Ենոքյանի որդիները: Զավակները մեծ սպորտում իրենց առաջին հաջողություններն են կերտում: Ուզում եմ հավատալ, որ ապագայում տղաները ոչ միայն կկրկնեն իրենց հայրերի հաջողությունները, այլեւ կգերազանցեն՝ բարձր պահելով երկրի, հայկական սպորտի պատիվը: Մենք՝ պետությունը, օլիմպիական կոմիտեն եւ ֆեդերացիաները անում ենք ամեն բան՝ արժանավորներին ուշադրության կենտրոնում պահելու, նրանց կատարածը արժանիորեն գնահատելու համար: Ավելին, ուզում ենք, որպեսզի ի հայտ գան բոլոր շնորհալիները: Իսկ մարզիկներից ու հատկապես մարզիչներից պահանջվում է ընդամենը նվիրված ու նպատակային աշխատել»:

ՀԱՕԿ-ի նախագահը, հայ մարզիկների առաջընթացի գործում կարեւորելով նաեւ միջազգային մրցումները Հայաստանում կազմակերպելու կարեւորությունը, հայտարարեց. «Վերջերս Երեւանում անցկացվեց բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Ժամանած բոլոր 42 երկրները հիացած մնացին կազմակերպվածությունից: Եկող տարի մեզ մոտ կանցկացվի ըմբշամարտի խոշոր մրցաշար, հնարավոր է, որ դա լինի Եվրոպայի կամ աշխարհի երիտասարդների թե մեծահասակների առաջնությունը: Նախնական պայմանավորվածություններն ունենք, հայտերը ներկայացնում ենք: Նույնը վերաբերում է նաեւ կրկին բռնցքամարտին, ծանրամարտին եւ, ընդհանրապես, բոլոր մարզաձեւերին: Ես ցանկանում եմ, որպեսզի Հայաստանում տարեկան անպայման կազմակերպվի 2-3 խոշոր մրցում: Մեր դռները բաց են: Որքան շատ գան ու շփվեն, կբարգավաճի երկիրը, սպորտը, բարեկամությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել