Բարձրակարգ արվեստի քարոզման բանալին՝ ըստ կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի հետ «Առավոտի» հանդիպման նպատակն էր զրուցել այն խնդիրների մասին, որոնք վերաբերում են մերօրյա մշակութային կյանքին՝ փառատոներ, անվանի երաժիշտների հյուրախաղեր, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններ:
– Վերջին տարիներին մեզանում դասական երաժշտության ոլորտում տեղի ունեցող բազմապիսի միջոցառումները դրվատելի են, բայց արդյո՞ք դրանք նպաստում են ունկնդրի հետ կապի ամրապնդմանը:
– Ինչ խոսք, փառատոները, մրցույթները, անվանի արվեստագետների հյուրախաղերը եւ դասական երաժշտարվեստում տեղի ունեցող այլ միջոցառումները հարստացրել են հայաստանյան երաժշտական կյանքը: Բայց չեմ կարող ասել, թե հավուր պատշաճի է ունկնդրի հետ կապը: Մարդն ամեն օր չի կարող կերակրվել միայն դեսերտով, ինչքան էլ այն դյուրալի լինի: Եթե մշտապես ներկայացնենք ու հույսներս դնենք միայն անհատների վրա, կգա մի ժամանակ, որ ունկնդիրը դրանից էլ կհոգնի: Հայտնի է, որ վերջին 20 տարվա ընթացքում խաթարված է ունկնդրի հետ կապը: Չեմ կարծում, որ այս մասին մշտապես պետք է բարձրաձայնել, հարկավոր է ուղղակի գործ անել, կրթել ժողովրդին, այսկերպ վերադարձնելով երբեմնի մեր այն ունկնդրին, որը կկարողանա, տպավորիչ ասած՝ լավը վատից տարբերակել: Թե չէ հանրահայտ հյուրախաղերով հանդես եկող երաժիշտները մեզանում գնահատվում են միայն մասնագետի կողմից: Հենց ունկնդիր դաստիարակելու նպատակով էլ շուրջ 2 տարի կոնսերվատորիայում գործում է «Երաժշտական զրուցակից» ծրագիրը՝ երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի ղեկավարությամբ: Այն իրականացվում է հանրապետության մարզերի հանրակրթական ու գիշերօթիկ դպրոցներում եւ այլուր, որտեղ մեր պրոֆեսորադասախոսական կազմը հանդես է գալիս երաժշտական այս կամ այն նյութի մասին մատչելի դասախոսություններով, ուսանողների մասնակցությամբ էլ կայանում են համերգներ եւ այլն: Միայն 2008թ. իրականացվել են ավելի քան 500 նման համերգ-զրույցներ, հանդիպումներ… Այսկերպ մարզաբնակն էլ ծանոթանում է ոչ միայն համաշխարհային դասական երաժշտությանը, այլեւ հայ կոմպոզիտորներին ու նրանց երկերին:
– Վերջերս Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար նշանակվեց աշխարհահռչակ Մաքսիմ Վենգերովը: Խանդով չենք լցվում, բայց սա չի՞ նշանակում, որ հռչակավոր այդ երաժիշտը Բաքվում գտնվելու է «գաստրոլյորի» կարգավիճակում, պարզապես իր անունը կապելով նվագախմբի հետ, ինչը վերջինիս համար միջազգային անցաթուղթ կարող է հանդիսանալ…
– Յուրաքանչյուր ոլորտում անհատները մեծ դեր են կատարում: Հասկանալի է, որ նրանք այն հեղինակություններն են, որ մարդիկ իմանալով նրանց մասնակցությամբ կամ ղեկավարությամբ անցկացվող համերգների մասին, առանց վարանելու շտապում են տոմս գնել: Մեզանում, բացի մասնագետներից, ժողովրդի մեջ այն շերտը, որը իրոք ժամանակին գնահատում էր բարձրակարգ արվեստը, նոսրացել է, ինչը վերականգնելու համար դարձյալ ժամանակ է հարկավոր: Հայտնի է, որ դասական երաժշտությունը մեծ եկամուտներ չի բերում: Իսկ աշխարհում այս արվեստին պետությունը մասամբ է աջակցում, ու օրինակ «Լա Սկալան», «Մետրոպոլիտենը», Ջուլիարդի դպրոցը եւ այլ հայտնի մշակութային օջախներ ու կրթական հաստատություններ գլխավորում են պաշտոնյաների կողմից ղեկավարվող հոգաբարձուների խորհուրդները: Կուզեի, որ մեզանում էլ դասական արվեստում հիմք դրվեր մենեջմենտի դպրոցին: Մենեջմենտն այն ոլորտն է, որտեղ պետք է հրավիրել մասնագետներ Արեւմուտքից եւ համոզված եմ, որ կարճ ժամանակ անց այն, ինչը կապված է հայ եւ ընդհանրապես դասական երաժշտության զարգացման ու տարածման հետ, շոշափելի արդյունքներ կտա, թե չէ՝ ամեն անգամ «թանկարժեք» արվեստագետների հրավերներ կատարելով հարցը չի լուծվում…