Ինչպես տեղեկացնում է newsru.com կայքը, երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Վիկտոր Չեռնոմիրդինն ազատվել է Ուկրաինայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Այդ հրամանագրին անմիջապես հետեւել է երկրորդը, որով Չեռնոմիրդինին ՌԴ նախագահը նշանակել է ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ պարոն Չեռնոմիրդինը Ռուսաստանի շահն էր ներկայացնում Ուկրաինայում արդեն ութ տարի: Չեռնոմիրդինի՝ դեսպանի պաշտոնը թողնելու մասին խոսակցությունները շրջանառվում են արդեն մեկ տարի: Իսկ այս տարի փետրվարին այդ խոսակցություններն ավելի լրջացան այն բանից հետո, երբ Չեռնոմիրդինն իրեն մի քանի սուր արտահայտություն թույլ տվեց Ուկրաինայի հասցեին, ինչին հետեւեց այդ երկրի ԱԳ նախարարի բողոքը, որում նա դեսպանի գնահատականները համարել էր «ոչ բարեկամական» եւ «ծայրահեղ ոչ դիվանագիտական»: