Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃ

Հունիս 12,2009 00:00

\"\"Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 11-ին օրենք է ընդունել, որը հաստատում է Ճապոնիայի ինքնիշխանությունը Հարավ-Կուրիլյան մի քանի կղզիների վրա, որոնք ներկայումս պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը: Պատգամավորները միաձայն քվեարկել են Իտուրուպ, Շիկոտան, Կունաշիր կղզիները եւ Հաբոմայի կղզիախումբը «Ճապոնիայի անքակտելի մասը» հռչակելու մասին օրենքի օգտին: Նոր օրենքը պետք է լրացնի գոյություն ունեցող օրենսդրական ակտերը Կուրիլների մասին ու հուլիսյան Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ նախատեսված ռուս-ճապոնական բանակցությունների նախաշեմին նոր ազդակ հաղորդի կղզիների վերադարձի կապակցությամբ Ճապոնիայում ծավալված արշավին: Նոր օրենքը նախատեսում է Կուրիլներում բնակվող ճապոնացիների եւ ռուսների համար առանց վիզայի ռեժիմի հետագա ընդլայնում:

Կուրիլյան կղզիները ԽՍՀՄ վերահսկողության տակ են անցել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: Ճապոնիան շարունակում է հավակնել մի քանի հարավային կղզիների: ՌԴ-ի եւ Ճապոնիայի միջեւ չկարգավորված տարածքային վեճի պատճառով առ այսօր ստորագրված չէ խաղաղ համաձայնագիր, թեեւ դեռ 1956-ին են կողմերը պատերազմի դադարեցման հռչակագիր ստորագրել: Ճապոնական աջ քաղաքական ուժերը պարբերաբար կտրուկ հայտարարություններով են հանդես գալիս ռուսական կողմի հանդեպ: Մեկ ամիս առաջ Ճապոնիայի վարչապետ Տարո Ասոն, օրինակ, հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակում է Հարավ-Կուրիլյան կղզիների անօրինական օկուպացիան: ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական բողոք հայտնեց՝ ճապոնական հավակնությունները համարելով ոչ իրավաչափ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել